Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյան. «Եթե Գագիկ Ծառուկյանը Քոչարյանին նկատի ուներ, տեսնելուց ասելու եմ՝ թխի թող գա»

Նոյեմբեր 15,2012 21:20

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանը բացահայտեց  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատմած վերջին «հեքիաթի» սուտը : Խոսքը նրա հայտարարության մասին է: Նա հիշեց պատմական դրվագներ, թե իրականում ինչպես է վարվել Քոչարյանը՝ իր վարչապետի հետ եւ ինչպես է կառավարել. «Ռոբերտ Քոչարյանը, որը ԲՀԿ-ից անմիջապես հետո խոսեց հակակշիռների մեխանիզմի մասին: Նախ ասեմ, որ մեղմ ասած, Ռոբերտ Քոչարյանն այնքան էլ անկեղծ չէ: Երբ ինքն ասում է, որ ինքը փոխեց Սահմանադրությունը՝ վարչապետի ազդեցությունը մեծացնելու համար՝ դա այդպես չէ: Նույն 99-ին անդրադառնամ: Ամենալուրջ կոնֆլիկտն առաջացել է իմ եւ Ռոբերտ Քոչարյանի մեջ այն ժամանակ ՆԳ նախարար եւ Ազգային անվտանգության նախարար նշանակելու խնդրում: Ես ասում էի, որ Սահմանադրությամբ գրված է, որ վարչապետն է առաջարկում, նախագահը նշանակում է: Ե՛ս պետք է առաջարկեմ, դուք պիտի ընտրեք, թեկուզ 100-ն առաջարկեմ, բայց իմ առաջարկածից դուք պիտի ընտրեք: Ռոբերտ Քոչարյանն ասում էր, որ՝ ոչ, Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակվանից այդ պաշտոնները նշանակել է նախագահը ինքնուրույն՝ միանձնյա, այդպես է եղել նաեւ եղբորդ ժամանակով: Վազգենին տրվել է միայն Ներքին գործերը, մնացածները նախագահը ինքուրույն պիտի անի, որովհետեւ դա իր ոլորտն է: Խնդիրը հասավ նրան, որ այդ գործընթացին միջամտեց նախ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, հետո՝ Վեհափառ հայրապետ Գարեգին 2-րդ կաթողիկոսը, հետո բանը հասավ իմ շատ սիրելի վարպետին՝ Հրանտ Մաթեւոսյանին, որից հետո ես համաձայնեցի այդ պրոբլեմը լուծել այսպես. Ռոբերտ Քոչարյանն առաջարկեց յուրաքանչյուր պոստի համար 3-ական թեկնածու, ես այդ 3-ից ընտրեցի մեկին: Այդպես Հայկ Հարությունյանը եւ Կառլոս Պետորսյանը դարձան նախարարներ: Դրանից անմիջապես հետո Ռոբերտ Քոչարյանը վերցրեց եւ այդ երկու նախարարությունները որպես այդպիսին վերացրեց՝ դարձնելով վարչություն եւ հանելով դրանք կառավարության կազմից, որ նախագահը ինքը, առանց վարչապետի տեսակետի, նշանակի եւ ազատի մարդկանց: Հիմա պատկերացրեք վարչապետ, որը չունի ուժային լծակներ: Այդ վարչապետի գործոնը հենց Ռոբերտ Քոչարյանն ինքն է զրոյացրել: Մնացածը լեգենդներ են, հեքիաթներ են՝ քաղաքական գրքեր կարդացող, քաղաքական վերլուծաբաններ համարվողների համար: Սա այն սուտն է, ինչը ներկայացնում է՝ որպես ճիշտ»:

Արամ Սարգսյանմը նաեւ ասաց, որ չի հիշում որեւէ մի դեպք, երբ Ռոբերտ Քոչարյանը դեմ լիներ մեծամասնական ընտրակարգին. «Եթե խոսվում է ԲՀԿ-ի կամ  Ռոբերտ Քոչարյանի կողմից ֆեոդալների մասին, ուրեմն թող իրենց աչքի գերա՛նը տեսնեն: Ա’յ, երբ որ Գյումրիում հայտարարվում է, որ մարդիկ 100 դոլար չունենալով՝ մտան քաղաքականության մեջ, իմ աչքի առաջ միանգամից գալիս է Ռոբերտ Քոչարյանը: Ու եթե Գագիկ Ծառուկյանը նրան նկատի ուներ, տեսնելուց ասելու եմ՝ թխի թող գա, որովհետեւ այդ մարդը 2003-ի նախագահական ընտրություններում իր հայտարարագրմամբ ամենաաղքատ նախագահի թեկնածուն էր, այսօր Հայաստանի ամենահարուստ մարդն է՝ բոլոր տեղեկատվական ոլորտի, հանքարդյունաբերութան եւ այլնի սեփականատերն է, ինչը այս երկրում զարգանալու հնարավորություն կամ նյութական արժեքներ բերելու հնարավորություն ունի: Ու այս մարդիկ դեռ իրենց իրավունք են վերապահում խորհուրդներ տան: Ընդհանրապես այն կուսակցությունները, ովքեր փողով քվե են գնել, ովքեր հայ մարդու ընտրելու  իրավունքը փողով են գնահատել՝ թքել են էդ մարդու հոգու, խղճի վրա: Այդ մարդիկ ժողովրդի անունից խոսելու, ժողովրդի առաջ ելույթ ունենալու ու մեծ-մեծ խոսելու իրավունք չունեն»:

Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարությունն ուղղված էր հերքելու ԲՀԿ-ի հետ իր կապի մասին: Արամ Սարգսյանի դիտարկմամբ՝ «Ես Ռոբերտ Քոչարյանից էլի հայտարարություններ եմ լսել, որտեղ ինքը ափսոսանք է հայտնել: Մասնավորապես,  ափսոսում էր, որ Սիլվա Կապուտիկյանը կին է, թե չէ կասեր… Կամ Պողոս Պողոսյանին ասում էր՝ այ, եթե կենդանի լիներ՝ կասեի: Այստեղ իր ափսոսանքը ուրիշ ափսոսանք էր: Այստեղ պաշտոնի կարոտած մարդու ափսոսանք էր: Ակնհայտ էր, ու երեւի կյանքումս առաջին անգամ խղճացի այդ մարդուն, որ այդքան պաշտոնն է սիրում: Այստեղ ինքը խնդիր ուներ: Ինքը հավանաբար աշխարհաքաղաքական իր սիրած կենտրոններում տեսել է ինչ է կատարվում, տեսել է, որ ինքը էլ հնարավորություն չունի ու այսօր Սերժ Սարգսյանին առաջարկում է,ասում է՝ ինչու ես ուզում բանակցել Գագիկ Ծառուկլյանի հետ, բանակցի իմ հետ, մեծամասնականով սրա կողմնակիցն եմ, բայց տես, կառավարման մեխանիզմի համակարգման առումով ես էլ խորհրդարանականի կողմնակիցը չեմ եղել ու այդ հարցում կարող եմ քեզ օգնել: Այսինքն, այդ մարդը փորձում է իր տեղը գտնել ԲՀԿ-ում, Սերժ Սարգսյանի մոտ, ամեն տեղ, որտեղ իրեն կլսեն: Իմ տպավորությունը՝ այն նախկին միակ տղամարդ Ռոբերտ Քոչարյանի տպավորությունը չէր: Ավելի շատ վախեցած, իր տեղը ման եկող մարդու տպավորություն էր: Բայց որ կապ ունեն ԲՀԿ-ն ու ինքը՝ ես այդ թեման բազմաթիվ անգամներ եմ ասել: Ես երբեք իմ խնդիրը չեմ համարել հասարակությանը համոզել, որ այդ կապը չկա: Ես չեմ հասկանում, թե  ինչի է փորձ արվում հասարակությանը համոզել, որ կապ չկա: Դա Ռոբերտ Քոչարյանի եւ ԲՀԿ-ի խնդիրն է, երբ որ մի 3-րդ կողմն է դա անում, ես դա չեմ հասկանում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930