Լրահոս
Օրվա լրահոսը

Զոհվածների կանայք ու մայրերը` գեներալներ Սեյրան Օհանյանի, Մանվել Գրիգորյանի, Աշոտ Գիզիրյանի ու նաև Վարդան Ղուկասյանի մասին

Նոյեմբեր 15,2012 20:57

Այսօր Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում Շիրակի մարզի ազատամարտի վետերանների միության կանանց խորհրդի 4 անդամներ մամուլի ասուլիս էին հրավիրել` հատ-հատ բնութագրելով պաշտոնյա գեներալների վերաբերմունքը զոհված  ազատամարտիկների ու զինծառայողների  ընտանիքների նկատմամբ: Կանանց վրդովեցրել է այն, որ   թեև իրենց  ամուսինները ինքնակամ պատերազմ մեկնեցին` հանուն հայրենիքի զոհելով կյանքը, որդիներին էլ ողջ-առողջ բանակ ճանապարհեցին, փոխարենը նրանց  դիակները հետ բերեցին,  սակայն այսօր ՊՆ  իրենց սիրաշահելու փոխարեն վիրավորում ու ծաղրում է:

Բանախոսների դժգոհելով, այս գերատեսչությունում անգամ հարկ չեն  համարում  ուսումնասիրել ու պատասխանել բնակարանային  բարելավման մասին ուղղված իրենց դիմումներին: Ըստ տիկնանց, իրենք հաշվառված են ՊՆ բնակարանային բարելավումների ցուցակում` կառավարության 947 որոշման համաձայն, սակայն  չլչլում են ` խորհուրդ տալով  սպասել, մինչև որ կլուծվի Գյումրու բոլոր անօթևանների հարցերը:Մինչդեռ, նրանց ներկայացմամբ, իրենք ապրում են կարիքի մեջ, ուրիշների տանը, ու հեռու չէ փողոցներում հայտվելու վտանգը: «Գուցե  կառավարությունը գումար հատկացնում է մեր բնակարանային  հարցերի բարելավման համար, սակայն ՊՆ-ն` Սեյրան Օհանյանի գլխավորությամբ  այլ հարցեր է լուծում,  ավելի կարևոր ծախսերի մեջ է. ջիփերն է շատացնում», -հեգնում էին  բանախոսները:

Տիկնանց ասելով, իրենք հանդիպել են Սեյրան Օհանյանի հետ, սակայն վերջինս հարցի լուծումը  դրել է   սոցվարչության պետի ուսերին ,  որն էլ  ոչինչ չի անում: «Բոլորին նույն շաբլոն, համակարգչով ծրագրավորված պատասխանն են գրում`սպասեք ձեր հերթը կհասնի, կստանաք, ահա ամբողջ պատասխանը»,-դժգոհեց  սպանված զինվորի մայր Անահիտ Առաքելյանը:Նրանք դժգոհեցին նաև գեներալ Մանվելից, ով ոչինչ չի արել իրենց համար: «Նրա պատգամավոր դառնալը մեզ ի՞նչ»,- ասացին  կայանք: Զոհված ազատամարտիկներից  մեկի այրին էլ ` Քնարիկ Հակոբյանը պատմեց, որ ինքը մի անգամ գնացել է Երևան ` հանդիպելու գեներալ Մանվելին, նրան հերթագրել են, իսկ  ժամադրման օրը, երբ  Գյումրիից  կրկին անգամ մեկնել է   Երևան` այն էլ շատ ուշ ժամի, «Սպայի տանը»  պատասխանել են, որ գեներալ Մանվելը չի կարող ընդունել, քանի որ տեղում չէ: «Չգիտեի ինչո՞վ պիտի վերադառնայի Գյումրի էդ ուշ ժամին , մթին, ապրի վարորդի արևը, ով ընդառաջեց , չնայած պասաժիրներ չկային, բայց ինձ հետ բերեց», պատմեց Քնարիկ Հակոբյանը:Միակ գեներալը, որից  անչափ զգացված են տիկնայք, Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանն է: Նրանց բնութագրելով, գեներալ Գիզիրյանը  այնքան նրբանակտ է գտնվել, որ հերթեր չգոյացնելու ու այս ձևով  կանանց չնսեմացնելու  համար,   իր օգնությունը զոհվածների տներն է ուղարկել: Կանանց  մեծ  մասը, բացառությամբ մեկի,  գոհ էր նաև Վարդան Ղուկասյանից, ով կտրոններ է տվել Գյումրու մեջ անվճար երթևեկման, սակայն այստեղ էլ քթից են բերել վարորդները: Տիկնայք ապշած ու զայրացած են նաև այն փաստից, որ օգնություն հատկացնելիս  զոհված զինվորների հարազատներին  ևս  բաժանում են գյումրեցիների  ու երևանցիների:

Մանրամասները` վաղվա տպագիր «Առավոտ»-ում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930