Գրիպը եղել է, կա ու կլինի, եւ մի խառնեք հարբուխը գրիպի հետ. այսօր «master press» ակումբում հորդորեց առողջապահության նախարարության հիգենիկ, հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը:
Նրա ներկայացմամբ` եթե թեթեւ ջերմություն, մկանային ցավ կա եւ քթից արտադրություն, դա գրիպ չէ, հարբուխ է, գրիպի դեպքում քթից արտադրություն չի լինում, բայց երբեմն քթից արնահոսություն է լինում եւ անպայման ուժեղ մկանային ցավեր: Եվ եթե գրիպի դեպքում օրգանիզմն ինքըստինքյան դեպի մահճակալն է ձգտում եւ անպայման անկողնային ռեժիմ է պետք, հարբուխը հնարավոր է նաեւ այսպես ասած` ոտքի վրա տանել: Բայց, բժշկուհու վստահեցմամբ,հարբուխին պետք չէ մատների արանքով նայել, որովհետեւ հարբուխի ժամանակ, քթի լորձաթաղանթը, որը օդը մաքրող հատկություն ունի,բորբոքվում է եւ պայմաններ են առաջանում շնչառական այլ վարակների եւ գրիպի համար: Իսկ գրիպի պատճառով հնարավոր է օրգանիզմումայլ հիվանդություններ գլուխ բարձրացնեն: Ուստի, հարբուխի դեպքում էլ պետք է դիմել բժշկի:
Aravot.am-ը մատնանշելով Ռուսատանի օրինակը, որտեղ գրիպի դեմ պատվաստումներ են լինում, որովհետեւ այնտեղ մահվան դեպքեր էլ են շատ լինում, կա՞ արդյոք Հայաստանում էլ նման վտանգ եւ կարիք պատվաստվելու գրիպի դեմ, տիկին Թորոսյանն ասաց, որ մահվան դեպք մի քանի տարի առաջ է եղել, իսկ պատվաստումներ մեզ մոտ էլ են անում. «Առաջին հերթին պատվաստվում են խոցելի խմբերը` դա բժշկական առաջնային օղակի բուժանձնակազմը, 2-րդ խումբը` տարեց մարդիկ են, ծերանոցների բնակիչները, մանկատան սաները եւ անցյալ տարի այս խմբին ներառեցինք: Սա, իհարկե, պարտադիր պայման չէ, ըստ ցանկության»: Ըստ մասնագետի, ՀՀ քաղաքացիներից, ով ցանկություն ունի, կարող է անվճար պատվաստվել:
Լայնորեն գովազդվող դեղամիջոցները, որոնք հարբուխի կամ գրիպի դեմ են պայքարում, մասնագետը խորհուրդ տվեց չօգտագործել, առանց բժշկի նշանակման. «Գրիպի եւ հաբուխի հարուցիչը վիրուս է, իսկ հակաբիոտիկները, որ խորհուրդ են տալիս օգտագործել, դրանք բակտերիալ բնույթի են: Դրանք չեն ազդում վիրուսի վրա, հակառակը` դրանք օգտագործելիս, մենք ոչ թե առանց այդ էլ մեր ընկճված օրգանիզմն ենք բուժում, այլ մի բան էլ աղիներում եղած նորմալ բակտերիաներն ենք ճնշում, մեր վիճակն ենք բարդացնում»:
Կարդացեք նաև
Մասնագետի խորհրդով, եթե նկատվում է սուր շնչառական հիվանդություն, առաջին հերթին անհրաժեշտ է վիտամին C, մրգեր շատ օգտագործել, եւ շատ հեղուկ խմել:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ