Լրահոս
Օրվա լրահոսը

Դինո գոլդի վարչական գծով տնօրեն. «Ես ուզում եմ, որ Կապանում բաց հանք լինի, որովհետեւ այս քաղաքի սոցիալական իրավիճակը ուրիշ լուծում չունի»

Նոյեմբեր 15,2012 20:19

«Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերության կողմից իրականացվող հետախուզական աշխատանքները դեռ շարունակում են ընթանալ: Ընկերության վարչական հարցերով տնօրեն Հրաչ Ջաբրայանի խոսքով`  այդ հետախուզությունը միայն Շահումյանի բաց հանքի համար չի արվում, բաց հանքը միայն փոքր  հատվածն է կազմում, իսկ ընդհանուր առմամբ լիցենզիան տրված է 350 ք.կմ տարածքի հետախուզության համար, որի աշխատանքները կշարունակվեն բաց հանքի հետախուզման ծրագրի ավարտից հետո էլ:

«Բաց հանքի տարածքում հորատումները  շարունակվում են, բավականին արդյունքներ ունենք, դեռեւս  փետրվար ամսին այդ մասին փոխանցել ենք երկրի նախագահին ու էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարին: Եկող հունվար-փետրվար ամիսներին կանցկանցնենք  ընդհանուր արդյունքների գնահատում եւ շատ հավանական է, որ ապրիլ կամ մայիս ամիսներին կկարողանանք ասել, տրամաբանակա՞ն է բաց հանք ունենալը, թե՞ ոչ: Պաշար կա այնտեղ, բայց հարստության վերջնական արդյունքները պարզ չեն, երակների վերջնական հետքերը չենք իմանում», – ասաց Հրաչ Ջաբրայանը, նշելով որ   Շահումյան հանքավայրը փակ եղանակով շահագործելը ծախսատար է ու ոչ շահավետ, իսկ եթե Կապանում որոշվի բաց հանք բացել, ապա միայն բոլոր կողմերի համաձայնությամբ:

Նա կողմ է բաց հանքի ծրագրի իրականացմանը, քանի որ կարծում է, որ այն  կնպաստի համայնքի կյանքի բարելավմանը:  «Ես ուզում եմ, որ այտեղ բաց հանք լինի, որովհետեւ այս քաղաքի սոցիալական իրավիճակը ուրիշ լուծում չունի: Եթե ինչ-որ մեկն ասի, որ ներդրումներ կանի եւ ֆաբրիկա կբացի`  500-700 աշխատատեղ ապահովելով, շատ լավ, բայց եթե ցանկանում ենք քաղաքի վիճակը բարելավվի` շարունակություն է պետք:  Ի վերջո մենք աշխատավարձեր տալուց կամ հետախուզության համար գումարներ հատկացնելուց բացի դիմացը բան  պետք է ունենանք: Մենք պետք է կառավարության ու ժողովրդի հետ համատեղ հանքի բացման հարցը որոշենք: Եթե նույնիսկ բաց հանք լինի, հույս ունեմ, որ ընկերության  ներկայիս ժողովրդի աշխատանքը կշարունակվի, եւ մոտ  500-700 նոր  աշխատատեղ կբացվի քաղաքում:  Ինձ հանդիպած կապանցիները դեմ չեն բաց հանքի ծրագրին, միայն ասում են, թող այնպիսի հանք լինի, որ ժողովրդին չվնասի: Բնականաբար բնակչության որոշ տոկոս կլինի, որ դեմ կլինի:  Ես այստեղ եմ ապրում,  նպատակ չունեմ լքելու եւ չեմ կարող թույլ տալ, որ  բնակչության առողջությանը վնաս հասցվի», – հավելեց Հրաչ Ջաբրայանը:

Նշենք, որ Կապանում բաց հանքի հնարավոր  շահագործման փաստի ուղղությամբ նախկինում մեծ աղմուկ էր բարձրացել Կապանում, տարածաշրջանի հ/կ-ները կոշտ դիրքորոշում էին ընդունել եւ անթույլատրելի էին համարում առանց այն էլ բնապահպանական  բազմաթիվ խնդիրներ ունեցող տարածաշրջանում բաց հանքի գործարկումը, հատկապես, երբ վերջին շրջանում բնակչության տարբեր տարիքային խմբերի մոտ առողջական գանգատները շատացել են:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930