Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանում ձերբակալվել են ՆԳՆ-ի 9 պաշտոնյաներ

Նոյեմբեր 15,2012 17:51

Վրաստանի ներքին գործերի նախարարության շենքը Թբիլիսիում

Թբիլիսիում անցած գիշեր ձերբակալվել են Վրաստանի ներքին գործերի նախարարության միանգամից ինը բարձրաստիճան պաշտոնյաներ։

Արդարադատության նախարար Թիա Ծուլուկիանին առավոտյան հրավիրած մամուլի ասուլիսին շտապել է հայտարարել, որ քաղաքական ենթատեքստ այստեղ փնտրել պետք չէ։

«Այդ մարդիկ մեղադրվում են ժամանակակից տեխնոլոգիաների, համակարգչային կապի միջոցով մարդկանց անձնական կյանքի վերաբերյալ տեղեկություններ ձեռք բերելու մեջ, այդ թվում եւ` կոմերցիոն ու ֆինանսական բնույթի ինֆորմացիա», – ասել է նախարարը։

Մինչեւ ձերբակալվելը բոլորը ողջ գիշեր հարցաքննվել են գլխավոր դատախազությունում, առայժմ հայտնի է նրանցից միայն երկուսի ինքնությունը՝ ներքին գործերի նախարարության սահմանադրական անվտանգության վարչության ղեկավարներ Լեւան Քարդավա եւ Գեորգի Կավլաշվիլի։

Ըստ վրացական լրատվամիջոցների նախնական տեղեկությունների, բարձրաստիճան իրավապահների ձերբակալությունները կապված են վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի թիկնազորի անդամ Բեսիկ Սուրմավայի գործի հետ, ով հոկտեմբերի 1-ի խորհրդարանական ընտրություններից առաջ անհետացել էր, ապա հեռուստաընկերությունները տարածեցին նրա ուղերձը, որում պնդում էր, թե խզել է հարաբերությունները Իվանիշվիլիի հետ, ու ներկայացնում էր ընդդիմադիրների գաղտնալսված հեռախոսազրույցները։ Ընտրություններում Իվանիշվիլիի գլխավորած «Վրացական երազանք»-ի հաղթանակից հետո, սակայն, Սուրմավան հայտարարեց, թե իրեն առեւանգել էին ու ճնշումների ներքո էր ստիպված հանդես գալ հեռուստատեսությամբ։

Ի թիվս մի շարք եվրոպացի պաշտոնյաների` երեկ Բրյուսելում նաեւ Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցն է անդրադարձել Վրաստանում այս օրերին կատարվող աղմկահարույց ձերբակալությունների թեմային։

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ բանակցություններից հետո եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, թե իր հայրենի Գերմանիայում նախկին նախարարներին չեն ձերբակալում։

«Սա անակնալ է ինձ համար։ Ես խնդրել եմ խորհրդատուներիս ստուգել նախկին նախարարների դեմ իրականացվող գործողությունների իրավական եւ քաղաքական ենթատեքստը։ Սպասում եմ նրանց զեկույցին, անհրաժեշտ տեղեկությունները ստանալուց հետո միայն ես կներկայացնեմ իմ դիրքորոշումը», – ասել է Շուլցը։

Կարլեն ԱՍԼԱՆՅԱՆ
«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930