Այսօր ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում նշանակված էին դատական նիստեր՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակն՝ ընդդեմ ՀՀ վարչական դատարանի երկու որոշումների: ՀՀ վարչական դատարանը 2012 թ. հուլիսի 13-ին մերժել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի բողոքն՝ ընդդեմ Վանաձորի քաղաքապետարանի և Վանաձոր համայնքի ավագանու որոշումների: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դեռևս 2010 թ. դեկտեմբեր ամսին դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Վանաձոր համայնքի ավագանու 2010 թ. հոկտեմբերի 26-ի թիվ 75 և 76 որոշումները, ինչպես նաև որպես ածանցյալ պահանջ՝ անվավեր ճանաչել դրանց հիման վրա կնքված պայմանագրերը: Վանաձոր համայնքի ավագանու թիվ 75 որոշման համաձայն՝ համայնքի ավագանին տվել է իր համաձայնությունը Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող ֆուտբոլի մարզադաշտը «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային» սեփականության իրավունքով նվիրաբերելու համար: Իսկ ավագանու թիվ 76 որոշման համաձայն՝ համայնքի ավագանին տվել է իր համաձայնությունը ՝ Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող 43937.2 քմ և 6954.0 քմ մակերեսով հողամասերը ֆուտբոլի մարզադաշտ կառուցելու նպատակով անհատույց մշտական օգտագործման իրավունքով տրամադրել «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային»:
Aravot.am-ը գործի քննության մասին մանրամասներ ստացավ ՀՔԱ Վանաձորի գրասեյակի ներկայացուցիչ, փաստաբան Կարեն Թումանյանի հետ զրույցում: Նա մեզ տեղեկացրեց, որ ինքն այսօրվա նիստերի հետ կապված դեռ որոշում չի ստացել վարչական վերաքննիչ դատարանից, այնուհետև հավելեց. «Քանի որ վերաքննիչ դատարանը նոր ապացույց դեռ չի բերում, իմ արտահայտությունները ասես թե ապացույց չեն, ես չեմ գնում վերաքննիչ դատարան»:
Տեղեկացնենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայցը մերժվել էր Վարչական դատարանի կողմից, ուստի նրանք դիմել են վարչական վերաքննիչ դատարան՝ վարչական ակտը անվավեր ճանաչելու պահանջով: Պարոն Թումանյանից հետաքրքրվեցինք ՝ ինչպե՞ս է գնահատում գործի ընթացքը, արդյո՞ք արդար որոշում է կայացվել: Նա այսպես արձագանքեց. «Այս պահին գնահատական չունեմ: Եթե համոզված լինեինք, որ արդար է որոշումը, չէինք բողոքարկի»:
Տաթև ՀԱՐՈԻԹՅՈՒՆՅԱՆ
Կարդացեք նաև