Բարև Ձեզ
Ուրախ եմ ողջունել Էդգարս Ռինկևիչսին, Լատվիայի արտաքին գործերի նախարարին, որը Հայաստանում է գտնվում պաշտոնական այցելությամբ: Այս տարվա հունվարին ես գտնվում էի Ռիգայում, և ուրախ եմ հիմա հյուրընկալել Երևանում իմ լատվիացի գործընկերոջը:
Մենք այսօր առիթը օգտագործեցինք շարունակելու մեր քննարկումները երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային հարցերի շուրջ: Գոհունակությամբ նշեցինք, որ երկկողմ հարաբերությունների իրավապայմանագրային լավ դաշտ ունեք՝ 24 համաձայնագիր է ստորագրված երկու երկրների միջև:
Կարդացեք նաև
Բարձր մակարդակով այցելություններ են կայացել։ Անցյալ տարի Հայաստանի Հանրապետության նախագահը, ի պատասխան 2009թ. դեկտեմբերին Լատվիայի նախագահ Զալտերսի այցելությանը, պաշտոնական այցելությամբ գտնվում էր Լատվիայում, որի ընթացքում կարևոր պայմանավորվածություններ ձեռք բերվեցին, մի շարք փաստաթղթեր ստորագրվեցին:
Բազմաթիվ այցելություններ են իրականացվել տարբեր գերատեսչությունների մակարդակով: Երկու արտգործանախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացման վերաբերյալ արձանագրություն է ստորագրված: Հաջորդ խորհրդատվությունները նախատեսված է անցկացնել մյուս տարվա սկզբին, ավելի ճիշտ հունվար ամսին: Հայաստանի ԱԺ նախագահ պարոն Աբրահամյանը հրավեր ունի այցելելու Լատվիա և մյուս տարվա առաջին կեսին նախատեսվում է այդ այցելությունը: Բարեկամական խմբեր են գործում երկու պառլամենտներում: Հուսով ենք, որ Լատվիայի պառլամենտական բարեկամական խմբի պատվիրակությունը շուտով կայցելի Հայաստան: Այդպիսի հրավեր ուղարկվել է պարոն Շարմազանովի կողմից, որը գլխավորում է մեր կողմից բարեկամակական խումբը: Մենք բավական ակտիվացրել ենք մեր մշակութային կապերը:
Այսօր անդրադարձանք և դեռ կշարունակենք քննարկումներն առևտրատնտեսական կապերն ավելի մեծ ծավալների հասցնելու վերաբերյալ։
Մտքեր փոխանակեցինք նաև մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցերի վերաբերյալ:
Ես տեղեկացրեցի իմ գործընկերոջը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերի մասին: Մենք համամիտ ենք, համաձայն ենք, որ այլընտրանք չկա բանակցությունների խաղաղ ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը՝ այն միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկված են համանախագահ երկրների կողմից:
Մենք անդրադարձանք նաև Միջին Արևելքի տարածաշրջանում ընթացող զարգացումներին, Սիրիայում իրավիճակին և նաև խոսեցինք Իրանի մասին:
Մենք այսօր հնարավորություն կունենաք նաև անմիջապես մամուլի ասուլիսից հետո շարունակելու մեր բանակցությունները աշխատանքային ճաշի ժամանակ:
Հ2 հեռուստաընկերություն: Հարցս ուղղված է Հայաստանի արտգործնախարարին: Պարո’ն Նալբանդյան, Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալը հայտարարել է, որ իր երկիրը առաջարկել է Ղարաբաղյան խնդրի կարգավորման ճանապարհային քարտեզ, որը, այսպես ասած, փուլային տարբերակն է և կրկնում է դեռևս 90-ական թվականներին շրջանառության մեջ դրված տարբերակը: Պատրաստվում է արդյոք Հայաստանը ներկայացնել սեփական մշակած ճանապարհային քարտեզը:
Էդվարդ Նալբանդյան: Նախ և առաջ ասեմ, որ այնպիսի տպավորություն է, որ այդ հայտարարություն անողը մնացել է 90-ական թվականների կեսերի իր ունեցած տեղեկություններով, և փորձում է ներկայացնել Ադրբեջանի դիրքորոշումը` ասելով, որ դա այն է, ինչ որ եղել է 1995 թվականին: 95 թվականից մինչ այսօր արդեն 15-17 տարի անցել է, գնացքը գնացել է առաջ, իսկ որոշ մարդիկ Ադրբեջանում մնացել են կայարանում: Կարծում եմ, որ նրանք պիտի վազեն, որ հասնեն գնացքին, որովհետև գնացքը շարժվում է առաջ: Միջազգային հանրության կողմից կա ճանապարհային քարտեզ, որը առաջարկվել էր Կազանում, խոսքը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների մասին է, որոնք առաջարկվել էին եռանախագահող երկրների կողմից:
Ես ձեզ հիշեցնեմ, որ Դովիլում` հենց Կազանի գագաթաժողովից առաջ Միացյալ Նահագների, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները կոչ էին արել կողմերին ընդունել այդ առաջարկները:
Չնայած գիտեք, որ Կազանում հնարավոր չեղավ հաջողություն արձանագրել, որովհետև Ադրբեջանը մերժեց այդ առաջարկները:
Ադրբեջանի կողմից ինչ-որ նոր ճանապարհային քարտեզ առաջարկելու հարցը չեմ կարծում, որ այդքան լուրջ է, հատկապես, եթե խոսքը 17 տարվա հնության առաջարկի մասին է: Եթե 17 տարի առաջ այդ առաջարկված քարտեզը ինչ-որ իմաստ ունենար, ապա այն ժամանակ հնարավոր կլիներ առաջ շարժվել դրա հիման վրա: Պետք է ավելի իրատես լինել, լրջորեն մոտենալ միջազգային հանրության առաջարկներին, որոնք արտահայտվում են եռանախագահների միջոցով։
Այդ առաջարկները արվել էին Կազանում, ինչպես նաև համապատասխան հայտարարություններ էին արվել նախարարների մակարդակով թե Լոս Կաբոսում, թե‘ Դովիլում, թե’ Մուսկոկայում, թե’ Լ’Աքվիլայում։: Պետք է շարժվել առաջ հենց այս առաջարկների հիման վրա: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի դիրքորոշմանը այս առաջարկությունների վերաբերյալ, ապա այն բազմիցս և հստակորեն արտահայտվել է:
Հանրային Ռադիո: Հարցս ուղղում եմ ՀՀ արտգործնախարարին: Պարոն Նալբանդյան, դուք նախագահ Սերժ Սարգսյանին ուղեկցել եք Ֆրանսիա կատարած այցելության ընթացքում, կխնդրեի, որ գնահատեք այցելությունը:
Էդվարդ Նալբանդյան: Կարծում եմ, որ մամուլում բավական ծավալուն ներկայացվեց այցելությունը և դրա արդյունքները: Ես կարող եմ ավելացնել, որ այցելությունը հագեցած էր, արդյունավետ և ինչպես միշտ շատ ջերմ: Սա չորրորդ այցելությունն էր Նախագահ Սարգսյանի Ֆրանսիա: Այս այցելության ընթացքում հանդիպումներ կայացան նախագահի, վարչապետի, Սենատի նախագահի, Ազգային ժողովի նախագահի հետ: Նաև հանդիպումներ կայացան Ազգային Ժողովի և Սենատի բարեկամական խմբերի անդամների հետ: Կցանկանայի նշել, որ այդ բարեկամական խմբերը ամենամեծն են Ֆրանսիայի Ազգային ժողովում և Սենատում: Այցելություն կայացավ, ինչպես գիտեք, նաև Լիոն, որտեղ քաղաքապետը բավական ջերմ ընդունելություն էր կազմակերպել: Հանդիպում եղավ Լիոնի և ՄԵծ Լիոնի շրջանի հայության հետ, որին ներկա էին 1500-ից ավելի մարդ: Ըստ քաղաքապետարանի տեղեկությունների` մասնակիցների թիվը հասնում էր 1900-ի: Ժողովրդական շատ ջերմ ընդունելություն կազմակերպվեց Լիոնի հայության կողմից Հայաստանի Հանրապետության Նախագահի պատվին։
Կարևոր հանդիպում կայացավ նաև Լիոնի արդյունաբերական պալատում՝ գործարար շրջանակների հետ։ Մենք կարևորություն ենք տալիս մեր տնտեսական հարաբերություններին Ֆրանսիայի հետ, որը երկրորդ ներդնողն է Հայաստանում: Այսօրֆրանսիական կապիտալով 155 ձեռնարկություն է գործում մեր երկրում: Նաև հատուկ ուշադրություն ենք դարձնում ապակենտրոնացված համագործակցությանը Ֆրանսիայի հետ: Այդ իմաստով էլ Լիոն կատարած այցելությունը բավական կարևոր էր: Ֆրանսիայի և Հայաստանի երեսուն քաղաքներ, շրջաններ եղբայրացած են, ունեն համագործակցության պայմանագրեր: Հարաբերությունները Ֆրանսիայի հետ առանձնաշնորհյալ են, և այս այցելությունը ևս մեկ հնարավորություն տվեց ընդգծելու երկկողմ ցանկությունը, ձգտումը, անել հնարավորինը, որ ամենաբարձր մակարդակի վրա գտնվող փոխշահավետ համագործակցությունը երկու երկրների միջև շարունակական վերելք ապրի: Մյուս տարի մենք սպասում ենք Ֆրանսիայի Նախագահ Օլանդին պետական այցելությամբ Հայաստանում, որը, անկասկած, ևս կարևոր հանգրվան կլինի մեր հարաբերությունների զարգացման համար։
ԱԳՆ