Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ վարչապետի ելույթը ՀՀ Ազգային ժողովում

Նոյեմբեր 15,2012 16:41

Հարգելի նախագահողներ, պատգամավորներ, ցանկանում եմ նշել, որ բյուջետային քննարկումներն Ազգային ժողովում սկսվեցին վարչապետի ելույթով, ես պատիվ ունեի ձեզ ներկայացնել այն գաղափարախոսական սկզբունքները, որոնց հիման վրա էլ կառուցված է պետական բյուջեի նախագիծը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ՝ շահագրգիռ և օգտակար քննարկումների համար:

Թիվ մեկ խնդիրը, որ մենք դնում ենք մեր առջև, կայանում է հետևյալում. 2013 թվականին մենք մեր ժողովրդին և պետությանը պետք է զերծ պահենք ցնցումներից և արտաքին ռիսկերից: Սա լրջագույն խնդիր է՝ հաշվի առնելով այն մարտահրավերները, ռիսկերը և վտանգները, որոնք այսօր առկա են աշխարհում և տարածաշրջանում: Դա ստիպում է մեզ ձեզ ներկայացնել հավասարակշռված և իրատեսական բյուջե և զերծ մնալ սոցիալական ավելորդ ռիսկերից ու ծուղակներից, որոնց մեջ հայտնվել են աշխարհի տասնյակ երկրներ՝ ստանձնելով այնպիսի սոցիալական պարտավորություններ, որոնք ի վիճակի չեն կատարել:

Շատ մեծ է գայթակղությունն ընտրություններից առաջ Ազգային ժողովին ներկայացնել մի բյուջե, որը կնախատեսեր աշխատավարձերի, սոցիալական նպաստների, թոշակների կտրուկ ավելացում: Բայց մենք զերծ ենք մնացել այդ գայթակղությունից, քանի որ պատասխանատվության բարձր աստիճան ենք զգում և մեր գերխնդիրն է լինելու երկիրը զերծ պահել ավելորդ վտանգներից:

Իհարկե, մեր հանրության մեջ կան արդարացի դժգոհություններ, մենք երբևէ հավակնություն չենք ունեցել ձեզ ներկայացնել բացարձակ ճշմարտություններ  և մշտապես պատրաստ ենք այդ հիմքի վրա երկխոսության:

Շնորհակալ ենք բոլոր պատգամավորներին, որոնք մեզ են ներկայացրել շուրջ 60 առաջարկություններ, թե ինչպես կարելի է բարելավել պետական բյուջեի նախագիծը, որոնց մեջ կային նաև այնպիսի առաջարկություններ, որոնք պետք է անպայման ընդունենք: Մենք պատրաստ ենք ձեզ հետ երկխոսությանը:

Բյուջեի  նախագիծը, որը ձեզ ենք ներկայացնում, հիմքեր է ստեղծում, որպեսզի 2013 թվականին իրականացնենք արմատական բարեփոխումներ: Սա է պետական բյուջեի նախագծի առաքելությունը և այդ գաղափարի հիման վրա է այն կազմվել: Մենք չենք ստանձնում ռիսկային պարտավորություններ, բայց պարտավորություն ենք ստանձնում իրականացնելու արմատական բարեփոխումներ:

Հենց այդ հենքի վրա էլ ես փորձում եմ բացահայտել ընդդիմության կողմից հնչող քննադատության մեջ այն ռացիոնալը, որը կարող է օգնել մեզ բարելավելու պետական բյուջեի նախագիծը, իրականացնել տնտեսական բարեփոխումներ: Համոզված եմ, որ քննադատների մեծամասնությունը ազնիվ մղումներից ելնելով է  ներկայացնում առաջարկություններ՝ նպատակ ունենալով կառուցել ավելի բարեկեցիկ երկիր: Մենք շնորհակալ ենք  նաև այդ քննադատության համար:

Ցանկանում եմ կանգ առնել այն խնդիրների վրա, որոնք կարող են ստեղծել երկխոսության  հիմքեր: Առաջինը՝ տնտեսական աճն է: Մեր խնդիրն է՝ ինչպես իրականացնել տնտեսական աճը և ճյուղային արդյունաբերական քաղաքականությունը:  Մենք մշտապես բաց ենք եղել երկխոսության համար և  նաև ընդդիմությանն ենք հրավիրել մեր քննարկումներին: Ցանկանում եմ արձանագրել, որ ընդդիմությունը նույնպես բարձր է գնահատել ճյուղային արդյունաբերական քաղաքականության ծրագիրը, որը  միտված է արտահանման ծավալների ավելացմանը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այդ քննարկումներին մասնակցելու համար:

Երկրորդ. հնչած այն դիտողությունը, որ մենք պետք է հանրությանը ներկայացնենք Կայուն զարգացման նոր համալիր ծրագիր, ընդունելի է, և մենք  ձեզ հրավիրում ենք այդ փաստաթղթի քննարկմանը, որը մինչև 2025 թվականը կմատնանշի  բոլոր ցուցանիշները: Այդ առումով, այն դիտությունները, որոնք ներկայացնում եք մեզ, կարող են օգտակար լինել: Այս ոլորտում արմատական փոփոխություն արդեն իսկ առկա է. մակրոտնտեսական կայունության ապահովման հայեցակարգից  անցում ենք կատարել դեպի այն հայեցակարգը, որը ենթադրում է, որ կառավարությունը պարտավորություն պետք է ստանձնի  նաև ճյուղային արդյունաբերական քաղաքականության համար:

Գյուղ և գյուղատնտեսություն. վերջին երեք տարիների ընթացքում արմատական փոփոխություններ են տեղի ունեցել և դրանք շարունակվելու են: Մշակել ենք համալիր ծրագիր: Այսուհետ գյուղը և գյուղատնտեսությունը դիտարկելու ենք միասնականության մեջ, քանի որ գյուղատնտեսության ոլորտում բարեփոխումները ենթադրում են արտադրողականության աճ և  մենք կանգնած ենք լինելու լրջագույն խնդրի առջև՝ մարդկանց ապահովել աշխատատեղերով նաև գյուղական վայրերում: Այդ տեսակետից, մարզերի համաչափ զարգացման խնդիրը մեզ համար ունի էական նշանակություն:

Հարգելի գործընկերներ, սոցիալական բնագավառում մշտապես հնչող քննադատությունն ուղղված էր նրան, որ անհրաժեշտ է ավելացնել սոցիալական նպաստները, թոշակները, ինդեքսավորել դրանք, և մեր քննադատները մշտապես մոռանում են այն արմատական փոփոխության մասին, որ ներկայացրել ենք ձեզ:  Կարծում եմ, որ անընդհատ շրջանցում եք այդ հարցը, քանի որ համամիտ եք մեր քաղաքականության հետ: Մենք այսուհետ պայքարում ենք ոչ թե հետևանքների դեմ, այլ  այն պատճառների, որոնք աղքատություն և սոցիալական խնդիրներ են ծնում:  Այդ բնագավառում ներկայացված է արմատական փոփոխություն՝  անապահով ընտանիքներին թիրախային օժանադակություն, աշխատանքի ապահովում,  կրթական և առողջապահական ծախսերը վերցնել պետության վրա: Սա նշանակում է, որ ֆինանսական միջոցների վերաբաշխումը տեղի է ունենում այս նոր մոդելին համահունչ:

Հաջորդ խնդիրը՝ գերկենտրոնացվածությունն է, աղքատների ու հարուստների տարբերության խորացումը: Այս խնդիրն արտացոլված էր մեր նախընտրական և այն ծրագրում, որը ներկայացվեց Ազգային ժողովի հավանությանը:  Կարծում եմ, որ լուծումների վերաբերյալ կարող ենք ձեզ հետ աշխատել, քանի որ մեր քննադատների կողմից հնչեցվող բազմաթիվ առաջարկություններ արժանի են քննարկման և տեսնում  ենք, որ կարող ենք այդ ուղղությամբ փոխադարձ ընդունելի լուծումներ գտնել:

Կոռուպցիայի դեմ պայքարի բնագավառ. ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցություններին՝ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությանը մասնակցելու համար: Ցանկանում եմ տեղյակ պահել, որ այն առաջարկությունները, որոնք դուք հնչեցրել եք, մեզ համար ընդունելի են:  Մենք կենտրոնանալու ենք 2-3 գերակա խնդիրների վրա և համաձայն ենք ձեր այն առաջարկության հետ, որ մոնիթորինգի հանձնաժողովում պետք է ներկայացված լինեն ընդդիմության ներկայացուցիչները: Ես ձեզ պաշտոնապես տեղյակ եմ պահում, որ ՀՅԴ-ի առաջարկությունը մեր կողմից ընդունվել է:  Այդ մոնիթորինգի հանձնաժողովում 1/3-րդ մասը հատկացնելու ենք ընդդիմությանը, 1/3-րդը՝   ընդդիմադիր կեցվածք ունեցող հասարակական կազմակերպություններին,  1/3-ը՝ կառավարությանը: Համոզված եմ, որ այս առաջարկությունն օգնելու է մեզ  հակակոռուպցիոն ծրագիրը դարձնել ավելի արդյունավետ:

Հաջորդ խնդիրը՝ գիտության ֆինանսավորումն է: Մենք համաձայն ենք այն քննադատության հետ, որը հնչում է, և, ցավոք սրտի, պետությունը դեռևս չի կարողանում անհրաժեշտ ֆինանսավորում ուղղել գիտությանը: Մենք պատրաստ ենք ձեզ հետ քննարկել նաև այս հարցը, այն առումով, որ կարողանանք զատել՝ արդյոք այն միջոցները, որ հատկացնում ենք,  արդյունավետ են օգտագործվում, տալիս են դրական արդյունք և եթե այո, ապա  ավելացնենք գիտությանը տրվող ֆինանսավորումը:

Հարգելի գործընկերներ, մեր աշխատաոճը հետևյալն է. մենք քաջ գիտակցում ենք, որ ընդդիմությունը պետք է սուր քննադատության ենթարկի  կառավարությանը և մենք պետք է զերծ մնանք այն գայթակղությունից, որպեսզի նույն եռանդով ու սրությամբ արձագանքենք այդ քննադատությանը: Մեր առջև այլ խնդիր ենք տեսնում, որպեսզի այդ քննադատության մեջ բացահայտենք այն եզրերը, որոնք մեզ համար կարող են ձևավորել համերաշխության և  համագործակցության մթնոլորտ, որովհետև մենք առաջին հերթին պատասխանատու ենք դրա, իսկ ընդդիմությունը՝ քննադատելու համար:

Հարգելի գործընկերներ, ևս մեկ անգամ ցանկանում եմ հավաստիացնել, որ  մենք մեծ ուշադրությամբ կուսումնասիրենք բոլոր այն դիտողոթյուններն ու առաջարկությունները, որոնք դուք օրենքի համապատասխան պետք է 24 ժամվա ընթացքում ներկայացնեք կառավարությանը: Անպայման կփորձենք հաշվի առնել բոլոր այն դիտողությունները, որոնք համահունչ են մեր գաղափարախոսական սկզբունքներին: Շնորհակալություն ուշադրության համար:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930