Ուսանողության եւ երիտասարդության տոների կապակցությամբ Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունն ու Հայաստանի երիտասարդական հիմնադրամը իրականացրել են մի շարք միջոցառումներ:
Դրանց սկիզբը տրվել է զորամասերում, շարունակվել սոցիալական եւ առողջապահական ծրագրերով, իսկ կրթական եւ մշակութային ծրագրերը դեռ ընթացքի մեջ են:
Վերջին երկուսի շրջանակներում այսօր «Հայարտ» մշակութային կենտրոնում բացվեց գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքների եւ քանդակի միջբուհական ցուցահանդես-մրցույթը:
Կարդացեք նաև
Ներկայացված էին տարբեր բուհերի ավելի քան 80 երիտասարդ ստեղծագործողների աշխատանքները: ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը Aravot.am-ին ասաց, որ իրենք ցանկանում են առանձին խրախուսել այն բոլոր ուսանողներին, ովքեր բացի սովորելուց զբաղվում են նաեւ արվեստով:
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն էլ իր ելույթի ընթացքում կարեւորեց նման նախաձեռնությունը: Ասաց, որ այս ցուցահանդեսով ինքն իր համար կբացահայտի, թե ինչպես է մտածում այսօրվա երիտասարդը եւ իր հոգում ինչ մտորումներ ունի:
Ժյուրին ընտրելու է լավագույն գեղանկարը, քանդակը եւ գրաֆիկական աշխատանքը: Մրցանակակիրները կստանան դրամական պարգեւներ:
Աննա Մարգարյանը սովորում է Գեղարվեստի պետական ակադեմիայում` համակարգչային գրաֆիկայի երկրորդ կուրսում: Ցուցահանդեսին ներկայացրել էր երկու գեղանկար: Հուսով է, որ մրցույթում հաղթող կճանաչվի: Ասում է` իր կողմից ներկայացված աշխատանքների մասին դրական կարծիքներ է լսել:
Ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ նոյեմբերի 19-ը:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ