Aravot.am-ը Սպիտակ քաղաքի բնակիչների շրջանում փոքրիկ հարզախույզի միջոցով փորձեց պարզել, թե քաղաքում ինչպիսին են նախընտրական տրամադրությունները: Տարբեր տարիքի և սեռի սպիտակցիներից հետաքրքրվեցինք՝ իրենց կարծիքով Լևոն Տեր-Պետրոսյանը, կամ Գագիկ Ծառուկյանը կառաջադրե՞ն իրենց թեկնածությունը առաջիկա նախագահական ընտրություններին և արդյոք որոշե՞լ են, թե ում են իրենց ձայնը տալու: Կարծիքները բավականին իրարամերժ էին: Շատերը կարծում էին, որ Գագիկ Ծառուկյանը չի առաջադրվի, բայց առաջադրվելու դեպքում բավականին շատ սպիտակցիներ պատրաստ էին իրենց ձայնը տալ ԲՀԿ առաջնորդին: Մյուսները նշում էին, որ դեռ չեն կողմնորոշվել: Մի տարեց տղամարդ էլ ասաց, թե «Լավ է Լևոնը չդնի թեկնածությունը», մեկ ուրիշն էլ, թե՝ «բոլորին պատրաստ է ընտրել՝ բացի մեկից»: Երբ հետաքրքրվեցինք՝ ով է այդ մեկը, ասաց, թե ես իրենից լավ գիտեմ:
Զրուցակիցներիցս մեկն էլ հուսահատված նշեց, որ թեկնածուները «մեկը մեկից սուտ են ասում»:
Հետաքրքիր էր երիտասարդ սպիտակցիների տրամադրվածությունը: Մի շարք երիտասարդ աղջիկներ ընդհանրապես մեր հարցերին չէին ուզում պատասխանել, երիտասարդ տղաներից մեկն էլ ասաց. «Ես ինձ եմ ձայն տալու: Ես ոչ գիտեմ ընտրությունը ինչ բան է, ոչ էլ ձայն եմ տալու»: Մի քանիսն էլ , թե «ձայն ենք տալու տղամարդկանց»: Մեզ հետ զրուցած սպիտակցիներից ոմանք էլ նշեցին, որ իրենց ձայնը տալու են Սերժ Սարգսյանին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կարդացեք նաև