Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատրաստվիր թռիչքի». Կոչ են անում «Հույսի կամուրջ»-ի թատերախմբի երեխաները

Նոյեմբեր 15,2012 15:33

Երեկ՝ նոյեմբերի 14-ին, թռիչքի էին պատրաստվում բոլոր նրանք, ովքեր եկել էին  Հ. Թումանյանի անվան Երևանի պետական տիկնիկային թատրոն՝ ներկա գտնվելու «Պատրաստվիր թռիչքի» ներկայացմանը, որտեղ մասնակցում էին «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության թատերախմբի երեխաները:

«Թատերախումբը գործում է գրեթե 15 տարի, նրա նպատակն է հանրության ուշադրությունը հրավիրել  հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնահարցերին և փոխել նրանց վերաբերմունքը հաշմանդամություն ունեցող երեխաների կարողությունների նկատմամբ», – ասաց «Հույսի կամուրջ» ՀԿ-ի հաշմանդամ մարդկանց շահերի պաշտպանության պատասխանատու Զառա Բաթոյանը: Նա նշեց նաև, որ «Պատրաստվիր թռիչքի»  ներկայացմամբ սկիզբ է դրվում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության միամսյակի միջոցառումներին, որոնք կիրականացվեն մինչև դեկտեմբերի 15-ը:

Ներկայացման մեջ խաղում էին հաշմանդամ և ոչ հաշմանդամ երեխաներ, թատերախմբի ղեկավար Հասմիկ Խաչերյանի խոսքով՝ նպատակը հաշմանդամություն ունեցող երեխաների ինտեգրումն է: «Այսպիսի ներկայացումներ հաճախ են բեմադրվում, և բուռն արձագանք են ստանում, հաճախ մարդիկ ասում են՝ գալիս էինք այլ բան տեսնելու համար ու հեռանում ենք բոլորովին այլ զգացողություններով», – նշեց թատերախմբի ղեկավարը:

«Ինձ համար դժվար էր կողմնորոշվել, թե ինչի մասին պետք է գրեմ, որովհետև անպայման պետք է շփվես երեխաների հետ, որ կարողանաս ճիշտ թեմա ընտրել, – ասաց պիեսի հեղինակ Մարինե Քոչարյանը, – հենց երեխաներն ինձ օգնեցին՝ ներկայացնելով իրական պատմություններ, որոնց  հիման վրա էլ ստեղծվեց մի շատ հետաքրքիր պիես՝ պատանիների կյանքից»:

Ներկայացման բեմադրիչ Արմեն Բարսեղյանն էլ խոսելով ներկայացման փորձերից՝ ասաց, որ երեխաները պրոֆեսիոնալ չեն, և նա ստիպված է եղել փորձերի առաջին իսկ օրվանից նրանց սովորեցնել դերասանական արվեստի այբուբենը, նրանք էլ հաճույքով յուրացրել են: Նա նշեց նաև, պետք է ընդունել հաշմանդամներին որպես հասարակության լիարժեք անդամ, քանի որ նրանք էլ ունեն երևակայություն, երազանքներ, մտքի թռիչք, ցանկություններ, և ինչպես յուրաքանչյուր մարդ, նրանք էլ են իրենց երազներում, մտքերի մեջ պատրաստվում թռիչքների:

Ներկայացման ավարտին ծափահարությունները չէին դադարում, հանդիսատեսի  ժպիտն աննկատ չէր կարող մնալ, իսկ դա փաստում էր այն մասին, որ թռիչքն իսկապես հաջողված էր:

Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930