Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանը չգիտի՝ ԲՀԿ-ի օրակարգում կա՞ Սերժ Սարգսյանի հեռացումը

Նոյեմբեր 15,2012 15:06

ՖՈՏՈԼՈՒՐ

«Սա մարտահրավեր է՝ գործող ռեժիմին: Եթե իրենք ֆավորիտ են, ուրեմն թող ամբողջ աշխարհին ապացուցեն, որ չեն վախենում օրինական ընտրություններից: Սա կմատնի իրենց, որ իրենք իրենց ամբողջ հույսը դրել են ընտրակեղծիքների վրա: Դա ուղերձ է լինելու մեզ համար, ժողովրդի համար: Այս իշխանությունների հետ պայքարում պետք է ժողովրդի լայնամասշտաբ մոբիլիզացիա»,- այսօր հրավիրած ասուլիսում արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունն այսպես գնահատեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Անդրադառնալով ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությանը, նա նշեց, որ

իրենց նպատակն է հասնել Սերժ Սարգսյանի ռեժիմի վերացմանը. «Դա է մեզ միավորում, ես վստահ եմ, որ գնալով հզորանում, ուժեղանում է մեր համախմբումը»: Հարցին, իսկ ԲՀԿ-ի օրակարգում կա՞ Սերժ Սարգսյանի հեռացումը՝ նա պատասխանեց, որ այլ քաղաքական ուժի խոսնակի դերակատարություն չունի:

Նա ՀԺԿ գրասենյակում ԲՀԿ-ՀԱԿ կոնսուլտացիաների մասին հարցերին չպատասխանեց՝ ասելով, որ որեւէ նորություն չի կարող ավելացնել ասվածին: Խոսելով այլ քաղաքական ուժերի հետ համագործակցության մասին, Լեւոն Զուրաբյանը նշեց, որ ՀՅԴ-ն է իրենց առաջարկել հանդիպել եւ քննարկումներ անել, իսկ ՕԵԿ-ի եւ ՀՀԿ-ի հետ հանդիպում չի նախատեսվում ՀԱԿ-ի հետ. «ՀՀԿ-ի հետ որոշ շփումներ հնարավոր եմ գտնում՝ որպես իշխանություն, բայց կան որոշ ուժեր, որոնց հետ անիմաստ է խոսելը»:

Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին, թե ՀԺԿ գրասենյակում հանդիպումից հետո Լեւոն Զուրաբյանի հայտարարությունով, որ չի բացառվում ՀԱԿ-ԲՀԿ միասնական թեկնածուն, արդյո՞ք պայմանավորվածություն է խախտվել, որովհետեւ ուրիշ մեկը ՀԱԿ-ից կամ ԲՀԿ-ից չի խոսում այդ մասին՝ նա պատասխանեց. «Ինձ հարցրել են՝ դա կարո՞ղ է վերաճի նրան, որ միասնական թեկնածու ունենաք, ես ասել եմ, որ ես չեմ բացառում»: Հարցին՝ դա ձեր անձնակա՞ն տեսակետն է՝ նա պատասխանեց, որ ԲՀԿ-ի հետ համագործակցության վերաբերյալ քաղխորհուրդն ունի շատ կոնկրետ որոշում. «Ինչ որ արվում է՝ արվում է այդ շրջանակներում: Խոսքը համագործակցության մասին է»:

Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը քիչ հավանական էր համարել առաջին եւ երկրորդ նախագահների առաջադրումը նախագահական ընտրություններին: Լեւոն Զուրաբյանն այս առնչությամբ ասաց, որ «Եթե Տիգրան Սարգսյանի կանխատեսումների արդյունավետությունը նույնն է, ինչ տնտեսական ցուցանիշների կանխատեսման արդյունավետությունը, ուրեմն դուք արդեն կարող եք եզրակացություններն ինքներդ անել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930