Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ԱԺ-ում բյուջեի նախագծի քննարկումներն ամփոփելիս իր ելույթում այն գնահատեց «հավասարակշռված, իրատեսական բյուջե»: Նրա խոսքերով՝ «Մեծ է գայթակղությունը ընտրություններից առաջ ներկայացնել մի բյուջե, որը կնախատեսեր աշխատավարձերի, թոշակների կտրուկ բարձրացում: Բայց մենք զերծ ենք մնացել այդ գայթակղությունից, որովհետեւ զգում ենք պատասխանատվություն մեր հանրության առաջ: Երբեւիցե չենք ունեցել հավակնություն՝ բացարձակ ճշմարտություններ ներկայացնել: Իհարկե, կան հասարակությունում դժգոհություններ: Կա շուրջ 60 առաջարկություն, ինչպես կարող ենք բարելավել պետբյուջեի նախագիծը: Այդ առաջարկությունների մեջ կան, որ պետք է անպայման ընդունենք: Բյուջեն հիմքեր է ստեղծում, որպեսզի 2013-ին իրականացնենք արմատական բարեփոխումներ, սա է բյուջեի այս նախագծի գաղափարախոսությունը: Այս հենքի վրա էլ ես փոձում եմ բացահայտել ընդդիմության քննադատության մեջ այն ռացիոնալը, որը կարող է օգնել մեզ բարելավելու բյուջեի նախագիծը, իրականացնել տնտեսական բարեփոխումներ: Համոզված եմ, որ քննադատություններից մեծամասնությունը ազնիվ մղումներով է: Այն խնդիրների վրա կանգ առնենք, որոնք կարող են ստեղծել երկխոսության համար հիմք: Առաջին՝ տնտեսական աճ:Մենք մշտապես բաց ենք եղել երկխոսության համար: Գյուղ եւ գյուղատնտեսությունում արմատական փոփոխություններ են տեղի ունեցել վերջին տարիներին: Ռեֆորմները գյուղատնտեսության ոլորտում ենթադրում են արտադրողականության աճ: Սոցիալական ոլորտում քննադատությունը այն էր, որ անհրաժեշտ է ավելացնել նպաստները, թոշակները, ինդեքսավորել դրանք: Քննադատողները մոռանում են այն արմատական փոփոխության մասին, որ մենք ներկայացրել ենք ձեր դատին: Մենք պայքարում ենք այսուհետեւ ոչ թե հետեւանքների դեմ, այլ՝ այն պատճառների դեմ, որոնք ծնում են աղքատություն: Թիրախավորված է՝ աշխատանքով ապահովել, առողջապահության ծախսերը վերցնել պետության վրա, իսկ ֆինանսական բաշխումը տեղի է ունենում այս նոր մոդելին համահունչ»: Վարչապետը շնորհակալություն հայտնեց կոռուպցիայի թեմայով խորհրդակցությանը մասնակցելու համար «Ժառանգությանը» եւ ՀՅԴ-ին, նաեւ նշեց, որ ընդդիմության, մասնավորապես՝ ՀՅԴ-ի ներկայացրած որոշ առաջարկներ ընդունելի են իրենց համար. «Այս առաջարկությունը մեզ կօգնի հակակոռուպցիոն ծրագիրը դարձնել ավելի էֆեկտիվ»:
Գիտության ֆինանսավորման հետ կապված քննադատություններին պատասխանելով՝ վարչապետը նշեց, որ համաձայն է այդ քննադատության հետ, որ դեռեւս պետությունը չի կարողանում անհրաժեշտ չափով ֆինանսավորել. «Պիտի կարողանանք զատել՝ արդյո՞ք այն միջոցները, որոնք տրամադրում ենք, էֆեկտիվ են ծախսվում, եթե այո, ապա պետք է ավելացնենք ֆինանսավորումը այդ ուղղությամբ»: Նա նաեւ նշեց, որ ընդդիմությունը նրա համար է, որ քննադատի, իսկ իրենք պետք է զերծ մնան այն գայթակղությունից, որ նույն եռանդով քննադատեն ընդդիմությանը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ