Այսօր Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Լատվիայի Հանրապետության արտգործնախարար Էդգարս Ռինկևիչսը ԱԳՆ-ում տեղի ունեցած հանդիպումից հետո ներկայացրեցին քննարկված խնդիրները:
Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ առաջնահերթ քննարկվել են Լատվիայի եւ Հայաստանի միջեւ երկկողմ հարաբերությունների խորացման հարցերը. «Բարձր մակարդակով այցելություններ են կատարվել Լատվիա, ստորագրվել է 24 պայմանագիր: Այս տարի ՀՀ նախագահն այցելեց Լատվիա, եւ կարեւոր պայմանավորվածություններ ձեռք բերվեցին: Մյուս տարվա առաջին կեսին կրկին նախատեսվում է այց Լատվիա: Երկու երկրների կողմից այցելություններ են եղել նաեւ այլ մակարդակներում: Հայաստանի եւ Լատվիայի պառլամենտներն ունեն բարեկամական խմբեր, որոնք ակտիվ կապեր են հաստատել միմյանց հետ: Մտադիր ենք ընդլայնել համագործակցությունը տնտեսական եւ մշակութային ոլորտներում»: Նախարարը հավելեց, որ քննարկվել է նաեւ Միջին Արեւելքում, մասնավորապես` Սիրայում տիրող իրավիճակը:
Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսը նշեց, որ ՀՀ արտգործնախարարի հետ անցկացրել է խիստ հետաքրքիր քննարկումներ. «Անդրադարձել ենք մեր միջեւ քաղաքական երկխոսության բոլոր հարցերին, ինչպես նաեւ` տնտեսական երկխոսությանը: Լատվիան Հարավային Կովկասում Հայաստանին դիտում է որպես մտերիմ բարեկամ: Փոխանակեցինք կարծիքներ այն մասին, թե ինչպես բարձրացնել երկրների միջեւ առաջիկա խորhրդակցությունների մակարդակը: Հույս ունենք մեր երկխոսությունը շարունակել նաեւ ճյուղային գերատեսչությունների մակարդակով»:
Կարդացեք նաև
Էդգարս Ռինկևիչսը ողջունեց այն երկխոսությունը, որը հաստատվել է Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ համատեղ քննարկումների արդյունքում` ազատ առեւտրի գոտու պայմանագրի շրջանակում. «ԵՄ-ի հետ քննարկումներում Լատվիան նույնպես սատարում է այդ պայմանագիրը»:
Ռինկևիչսը շնորհավորեց Երեւանը` գրքի համաշխարհային մայրաքաղաք ճանաչվելու կապակցությամբ եւ Հայաստանին հրավիրեց 2014թ-ին ներկա գտնվել Լիտվայում` 2014թ-ի գրքի համաշխարհային մայրաքաղաքում:
ՀՀ արտգործնախարարը նաեւ անդրադարձավ նախագահ Սերժ Սարգսյանի` Ֆրանսիա կատարած այցին. «Այցելությունը բավական հագեցած էր: Ջերմ ընդունելության արժանացանք Լիոնի հայության կողմից: Երկխոսություն ծավալվեց նաեւ ֆրանսիայի գործարար շրջանակների հետ, քանի որ այդ երկիրը Հայաստանում թվով երկրորդ ներդրողն է»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ