Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյան. «Ռոբերտ Քոչարյանն արտահայտել է միտք, որն ինձ համար ընդունելի չէ»

Նոյեմբեր 15,2012 14:47

Այսօր «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն «Իրատես de facto» ակումբում գնահատելով ներքաղաքական իրավիճակը՝ նորմալ համարեց, նշելով, որ տեղի է ունենում այն, ինչ պետք է լիներ. «Նախագահական ինստիտուտը մեծ լիազորություններ ունի, եւ մենք չենք կարողանում հակակշիռներ ստեղծել: Բայց քաղաքական ուժերը պետք է  հստակ դիրքորոշում ունենան նախագահական ընտրությունների հետ կապված»,-նշեց նա: Մարտիրոսյանի ձեւակերպմամբ՝ «Ժառանգությունը» բաց է բոլոր քաղաքական ուժերի հետ համագործակցելու առումով:

Անդրադառնալով խորհրդարանական կառավարման համակարգին՝ ասաց, որ փոքր երկրներն ավելի արդյունավետ են կառավարվում հենց այս համակարգով. «Կոնկրետ Հայաստանի պարագայում, թեեւ փոխվեցին անձերը նախագահական նստավայրում, բայց իշխանության կենտրոնացվածությունը չսահմանափակվեց եւ միայն խորհրդարանական կառավարման համակարգն է, որ իսկապես հակակշիռներ կբերի»:

Խորհրդարանական կառավարման համակարգի հետ կապված Ռոբերտ Քոչարյանի արձագանքի վերաբերյալ էլ, որը մասնավորապես նշում էր, թե խնդիրը ոչ թե կառավարման համակարգի մեջ է, այլ  ճիշտ հակակշիռներ ստեղծելու, Մարտիրոսյանն ասաց, «Ով է ասել, որ ես ստիպված եմ համամիտ լինել երկրորդ նախագահի ասածի հետ: Հակառակը՝ նա արտահայտել է միտք, որն  ինձ համար ընդունելի չէ, որովհետեւ Հայաստանի իրականության պայմաններում հաշվի առնելով,  որ մեծ դեր են խաղում այն ինստիտուտները, որոնք գտնվում են նախագահի անմիջական ղեկավարության ներքո, իսկ դրանք են իրավապահ, հարկային, մաքսային մարմինները, նրանք ըստ էության ավելի մեծ լիազորություն ունեն, քան կառավարությունը: Ուստի ես այդ տեսակետի հետ համաձայն չեմ: Եվ խորհրդարանական կառավարման համակարգը ի սկզբանե որոշակի հակակշիռներիր վրա հիմնված կառավարում է, որտեղ վարչապետը բավականին կախվածություն ունի ոչ միայն խորհրդարանում գտնվող քաղաքական ուժերից, այդ թվում ընդդիմությունից, այլեւ  իր սեփական քաղաքական ուժի, կամ դաշինքի շրջանակներում գտնվող պատգամավորներից: Այսինքն՝ իշխանության կենտրոնացվածությունը միանշանակ տեխնիկական առումով հակակշռվում է: Ինչ վերաբերում է այն բացասական երեւույթին, որ նշվում է, թե մենք գտնվում ենք պատերազմական իրավիճակում,  դրա համար է նախագահական կառավարման համակարգը պետք, բայց ես կարող եմ ասել, որ ուժեղ վարչապետն էլ կարող է այդ հարցերը կանոնակարգել»,-համոզված է Մարտիրոսյանը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930