Լրահոս
Օրվա լրահոսը

Ավազային անիմացիա՝ պլյուս բալետ

Նոյեմբեր 15,2012 14:37

Կամ՝ հայազգի ավազի անիմատոր Արտյոմ Ներսեսի առաջին խոշոր նախագիծը հայրենիքում

Ժակլին Սարխոշյանն ու Արտյոմ Ներսեսը բեմելից առաջ:

Դեռեւս 1970-ականներին Մեծ թատրոնում Կ. Կարաեւի «Լեգենդ սիրո մասին» բալետային ներկայացման ժամանակ մոսկվաբնակ հայազգի բեմանկարիչ Արտյոմ Խաչատրյանը էկրանին ավազի մանրացրած խճաքարի եւ շղարշի միջոցով ցուցադրեց ալեկոծվող ծով։ Այդ տարիներին դժվար մեկի մտքով անցներ, որ կգա ժամանակ, երբ ավազը կդառնա կարեւորագույն բեմանկարչական գործոն։ Ավելին՝ բալետային ժանրում ամբողջ մի բեմադրություն նման եղանակով կիրականացնի դարձյալ մոսկվաբնակ հայազգի ավազի անիմատոր Արտյոմ Ներսեսը։ Օրերս Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում պրեմիերա էր. ներկայացվեց «Երազ» մեկ գործողությամբ բալետ-ֆանտազիան՝ ավազային անիմացիայով։ Երաժշտության հեղինակն է Էդուարդ Համբարձումյանը, իսկ լիբրետոն ու բեմադրությունն իրականացրել է Ազգային օպերային թատրոնի պրիմա պարուհի Ժակլին Սարխոշյանը։ Գլխավոր դերապարերում հանդես եկան Ժակլին Սարխոշյանը եւ Ռուբեն Մուրադյանը, մասնակցությամբ օպերային թատրոնի բալետային խմբի։ Պրոդյուսերական աշխատանքն էլ իրականացրել է Թոմ Մարտիրոսյանը։

Տասնամյակներ առաջ Պարույր Սեւակն անհանգստությամբ գրում էր, թե մեր օպերան ու բալետը արխայիկ շրջանից հեռու չեն անցել եւ շարունակում են խոչընդոտել նորարարությանը։ Եթե հրաշքով Սեւակը ներկա լիներ «Երազ» ներկայացմանը, թերեւս, պիտի սրբագրեր իր խոսքը։ Նման կարծիք հայտնեցին «Առավոտի» հետ զրուցած անվանի արվեստագետներ՝ բալետմայստեր Նորայր Մեհրաբյանը, կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանը, բալետային արվեստի երաշխավորներ Աննա Մարիկյանը, Էլվիրա Մնացականյանը եւ ուրիշներ։

Անդրադառնալով ներկայացմանը, նշենք, որ երաժշտության, պարի հետաքրքիր մատուցումը շատ ավելի գրավիչ էին դառնում հայաստանյան բեմում առաջին անգամ կիրառվող ավազի անիմացիայով։ Վերջինս իր լուծումներով պարտադրեց «տեսնել» երաժշտության եւ շարժման ինքնատիպ ելեւէջները։ Մենք ավազի անիմացիային ծանոթ ենք տարիներ առաջ՝ վրաց երգիչ Դաթոյի տեսահոլովակից, սուրճի ապրանքանիշի գովազդից եւ «Web ծիրան» կինոփառատոնի հաղթող ֆիլմից։

«Երազ» ներկայացման մեջ գլխավոր դերապարերով հանդես եկած արտիստներին «Առավոտը» մեկ անգամ չէ, որ անդրադարձել է։ Ուստի զրույցի հրավիրեցինք ավազի անիմատոր Արտյոմ Ներսեսին։ Նրա խոսքերով՝ ավազի անիմացիան մեծ տարածում ունի Ռուսաստանում եւ Արեւմուտքում։ «Գեղանկարչի իմ մասնագիտությանը զուգահեռ ժամանակին հանդես եմ եկել իբրեւ երգիչ ու երաժիշտ։ Ընդամենը հինգ տարի առաջ էր, որ հետաքրքրվեցի, ուսումնասիրեցի եւ տիրապետեցի ավազի անիմացիային։ Այսօր արդեն հրավերներից գլուխս կորցրել եմ…»,- ասաց մեր զրուցակիցը։ Ռեպլիկին՝ ինչպե՞ս է ընդգրկվել հայաստանյան նախագծում, Արտյոմ Ներսեսը նախ հայտնեց, որ իր համար պատիվ է այս ժանրում առաջին անգամ հայրենիքում հանդես գալը, հետո էլ ասաց. «Նախագծում ընդգրկված են իրենց գործի պրոֆեսիոնալներ։ Գոնե հայաստանցիներիդ, համոզված եմ, կարիք չկա ներկայացնելու բալետի աստղեր Ժակլին Սարխոշյանին ու Ռուբեն Մուրադյանին, ինչպես նաեւ պրոդյուսեր Թոմ Մարտիրոսյանին, ով ձեզ հայտնի է վարպետ Ջիվան Գասպարյանի եւ կոմպոզիտոր Մարինա Ալեսի հոբելյանական ու հեղինակային երեկոների կազմակերպմամբ։ Իսկապես ինձ լավ եմ զգում, քանի որ սա իմ առաջին մեծածավալ աշխատանքն էր»։ Հետաքրքրվեցինք, թե, օրինակ, գնային ինչ սանդղակ է գործում Ռուսաստանում ավազի անիմացիայի ոլորտում։ Նկարիչը հայտնեց, որ շուրջ 15 րոպեանոց ծրագիրն արժե մոտ 2000 դոլար։ Իսկ նպատակ չունի՞ Հայաստանում հիմնել ավազի անիմացիայի առաջին դպրոցը, Արտոմ Ներսեսը պատասխանեց. «Չեմ ուզում հաճոյանալ եւ ասել՝ իհարկե, ունեմ, որովհետեւ արվեստի կամ նկարչության այս ժանրում արարող արվեստագետը, իսկապես, հիվանդ է իր գործով։ Այլ բան է, որ կարելի է Երեւանում դասընթացներ անցկացնել այն նկարիչների հետ, ովքեր ցանկություն կունենան նվիրվել նկարչության այս ոլորտին»։

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930