Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քաղաքապետերը վերադառնում են, նորից հեռանում

Նոյեմբեր 15,2012 14:34

Բայց Մասիսում շատ խնդիրներ մնում են չլուծված

2 տարի առաջ լիճը վերանորոգվեց, հավանաբար այստեղ ֆինանսական մեծ միջոցներ են ծախսվել, որը, սակայն, այսօր դառնում է անիմաստ, քանի որ լիճը նորից մամռակալած ճահճի ու աղբանոցի է վերածվում: Այն քաղաքապետարանի «քթի տակ է»:

Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի տարածքը անբարեկարգ է ու փնթի: Իսկ այս «օբյեկտում» հավանաբար «բոմժերն» ամեն գիշեր «հարգում են» Մեծ հայրենականի զոհերի հիշատակը:

Նախկին առեւտրի կենտրոնը գնալով ավելի ու ավելի է վերածվում ավերակի ու աղբանոցի:

Այս ավերակ շատրվանը քաղաքապետարանի առջեւի պուրակում է գտնվում, եւ մարդիկ չեն էլ հիշում, թե վերջին անգամ այն երբ է գործարկվել:

Դեռեւս երկու տարի առաջ՝ 29.07.2010-ին, «Առավոտն» իր՝ «Գյուղ կա՝ սրանից զարգացած է» հրապարակմամբ անդրադարձել էր Արարատի մարզի Մասիս քաղաքի անմխիթար վիճակին: Հրապարակմանը հաջորդել էր Մասիսի՝ այն ժամանակվա քաղաքապետ, ԲՀԿ-ական Դմիտրի Նազարյանի բուռն զայրույթով լի հեռախոսազանգը «Առավոտի» խմբագրություն, որով նա մեզ մեղադրում էր իր հակառակորդների(՞) կողմից պատվեր կատարելու մեջ, հոդվածը համարում էր ստահոդ եւ հանդիպում էր պահանջում հոդվածի հեղինակի հետ: Հանդիպումը կայացավ, եւ որքան էլ փորձեցի հասկանալ, թե հրապարակման կոնկրետ որ մասի հետ համաձայն չի քաղաքապետը, այդպես էլ չհստակեցվեց: Միայն պարզվեց, որ քաղաքապետը դժգոհ է, որ առանց իրեն տեղյակ պահելու էր գրվել հոդվածը: Հրապարակումից երկու-երեք օր անց քաղաքում սկսեցին որոշակի աշխատանքներ կատարվել. վերանորոգվեց քաղաքային լիճը (մենք անդրադարձել էինք ճահճի վերածված նախկին լճի փնթի վիճակին): Մեր հանդիպման ժամանակ, սակայն, նախկին քաղաքապետ Նազարյանը հավաստիացնում էր, որ իրենք այդ աշխատանքները նախատեսել էին եւ կատարելու էին, եւ դա, իբր, կապ չունի «Առավոտի» հրապարակման հետ ու մենք մի փոքր շտապել ենք՝ այդ բաների մասին գրելով:

Փորձեցինք հավատալ: Ի վերջո այդ տարի առաջին անգամ, ավելի քան 20 տարվա ցամաքումից հետո, Մասիսի լճում ջուր տեսանք: Թվում էր, թե այսուհետ արդեն ամեն տարի այդպես էլ կլինի: Այս տարի ամառն էլի եկավ ու գնաց, բայց մասիսցիների աչքը ջուր կտրեց՝ լճի ջրին սպասելով: Քանի որ տարին ընտրական էր, եւ քաղաքը նորից ղեկավար էր ընտրելու, «Առավոտը» ձեռնպահ մնաց նորից քաղաքի հիմնախնդիրներին անդրադառնալ, որեւէ մեկի բոստանին քար չգցելու համար: Կարելի է ասել, որ Մասիսի բախտը չի բերում ղեկավարների հարցում. այս անգամ էլ ղեկավար ընտրվեց Սաշա Հակոբյանը՝ Դմիտրի Նազարյանին նախորդողը: Ինչ է ստացվում, պատմությունն այս քաղաքում անընդհատ կրկնվում է՝ դեռեւս նախորդ հրապարակման մեջ հարցված մասիսցիներն այսպես էին արտահայտվել. «Ոչ մի փոփոխություն՝ ոչ դրական, ոչ բացասական, քանի որ ոչ մի տարբերություն չկա նախկին ու ներկա քաղաքապետերի միջեւ: Ֆուտբոլի թիմի նման մեկը մյուսին է պաս տալիս: Մասիսում իշխանափոխություն չի եղել: Գյուղեր կան՝ ավելի բարեկարգ են, քան Մասիսը, որ քաղաք կոչվելու պատիվն ունի»: Իսկ մեկ այլ մասիսցի, խոսելով նախկին եւ ներկայիս քաղաքապետերի մասին, ասաց, որ ներկայիս քաղաքապետի ձեռքին ոչինչ չկա, եւ նա ոչինչ անել չի կարող, քանի որ նախկինն ամեն ինչ ծախել է, ինչ հնարավոր էր՝ կերել-գնացել է: Այսպիսով, հերթական անգամ քաղաքապետի աշխատասենյակ վերադարձավ, ինչպես մասիսցիներն են ասում, քաղաքում ամեն ինչ կերած-գնացած Սաշիկը: Ասում են, որ նա դեռեւս իր նախորդ ղեկավարության տարիներին իրենով էր արել քաղաքի հիմնական ու կարեւորագույն տարածքներն ու օբյեկտները, անգամ հրապարակամերձ եւ քաղաքապետարանին հարող տարածքը, որը, սակայն, նախկին քաղաքապետի հավաստիացմամբ, դատական կարգով վերադարձավ համայնքին: Այսպիսով, ինչպես մասիսցիներն են ասում, Դիմիկին հաջորդեց Սաշիկը, Սաշիկին հաջորդեց Դիմիկը, հետո նորից Դիմիկին հաջորդեց Սաշիկը ու չգիտես, թե այս շրջապտույտը որքան է շարունակվելու, ի վերջո, ինչու է այս քաղաքում ամեն ինչ դոփում իր տեղում: Իսկ բնակիչները նոր դեմք են ուզում տեսնել, մարդ, ով քաղաքը կհանի այս, բառիս բուն իմաստով, ճահճային իրավիճակից:

Համերգներ Մասիսում լինում են ընտրությունից ընտրություն՝ երբ քաղաքական կուսակցություններն իրենց «տաշի-տմբլով» ընտրազանգված են հավաքում քաղաքային հրապարակ կոչվող մասում, որն, ի դեպ, նաեւ ավտոկայանն է: Այս տարվա ԱԺ ընտրությունները դրական առումով ճակատագրական եղան մասիսցիների համար, քանի որ իշխանական կուսակցությունները մեկը մյուսից առաջ ընկնելով՝ ասֆալտապատեցին շենքերի բակերն ու փողոցները: Թեեւ Մասիսը մայրաքաղաքին ամենամոտ գտնվող քաղաքներից է, բայց քաղաքակրթության շունչն այստեղ այդքան էլ նկատելի չէ: Դրա բացակայությունը զգացվում է նաեւ որոշ պետական եւ ոչ պետական հիմնարկների, որոշ բանկերի, կադաստրի ծառայությունների հետ գործ ունենալիս, երբ հարկադրված ես մի քանի անգամ գնալ փոստատուն՝ որոշ թղթեր պատճենահանելու համար, այն դեպքում, երբ պատճենահանման մեքենաներ կան հենց այդ կառույցներում: Պարզապես այստեղ տիրում է սովետական բյուրոկրատական քաշքշուկի հոգեբանությունը՝ որքան հնարավոր է քաղաքացուն տանել-բերելով՝ տանջել:

ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930