Լրահոս
Օրվա լրահոսը

Օլիգարխը հանուն ժողովրդի պատրաստ է կորցնե՞լ իր հարստությունը

Նոյեմբեր 15,2012 14:18

Համենայնդեպս՝ այսպես է վստահեցնում ԲՀԿ առաջնորդը

Երեկ ԲՀԿ-ական էլիտայի հետ Գյումրի այցելած Գագիկ Ծառուկյանը հատուկ գյումրեցիների համար տնտեսական թեմայով երկարաշունչ ելույթ ունեցավ «Հոկտեմբեր» կինոդահլիճում: Նա անխնա քննադատության ենթարկեց կառավարությանը՝ ժողովրդի վիճակի մեջ չմտնելու, վստահությունը կորցնելու, նրան նպաստի, օգնության հույսին թողնելու, գնաճին զուգահեռ աշխատավարձ ու թոշակ չբարձրացնելու, արտագաղթի համար նպաստավոր պայմաններ ստեղծելու եւ այլնի համար:

Պատահական չէ, որ Գագիկ Ծառուկյանը այս ամենի մասին խոսեց հենց Գյումրիում: Բանն այն է, որ ԲՀԿ առաջնորդի՝ հանրապետության երկրորդ քաղաք ոտք դնելուն պես նրան ամեն անգամ դիմավորում է ծայրահեղ աղքատների հոծ բազմությունը՝ ձեռնափայտերով, քրքրված շորերով, ու Ծառուկյանի ոտքերն ընկնելով՝ նյութական օգնություն են աղերսում: Օլիգարխ Ծառուկյանն էլ եթե ոչ բոլորին, ապա ամենահամառ մուրացկաններին մի քանի դոլար նվիրում է: Այնպես որ՝ ԲՀԿ առաջնորդը սեփական աչքով է տեսնում, թե ինչ վիճակում է երբեմնի արժանապատիվ ու թասիբով քաղաքը:

Զգալով, որ գյումրեցիները իր հետ որոշակի հույսեր են կապում, նա «Հոկտեմբեր» կինոդահլիճում մի ուշագրավ հայտարարություն արեց: «Ամենակարեւորը այն վստահությունն է, հավատքը, որ կա ձեր կողմից մեր հանդեպ, իմ հանդեպ, դա պարտավորեցնող է: Մարդ պետք է կարողանա դա պահել ու պահպանել. կյանքում ամենաբարդ բանը կայացած, ունեւոր մարդու համար վստահությունը, հավատքն է ժողովրդի, եթե մարդիկ հավատում են քեզ, դու իրավունք չունես հավատը կորցնելու: Կարամ անձնապես կորցնեմ ունեցվածք, գումար, բայց ժողովրդի վստահությունը չեմ կորցնի»,- ասաց պարոն Ծառուկյանը:

Նա շեշտեց, որ իր խոսքը գործ է, ասում եւ անում է, իսկ Գյումրիին, որը, ըստ նրա, եզակի քաղաք է՝ իր հզորությամբ, գեղեցկությամբ, ժողովրդի հպարտությամբ, հումորով, պետք է ուշադրություն դարձնել, ոտքի հանել: «Պետք է այնպես լինի, որ ինչքան գնաճը բարձրանում է, աշխատավարձը, թոշակները այդպես լինեն: Բոլորն էլ ուզում են լավ ապրել, ոչ մեկը չի ուզում տուն մտնելիս գլուխը կախել, ուզում է արժանապատիվ աշխատել, իր տունը պահել: Եթե այսօր ասենք՝ 30 տոկոսն է աղքատ, իսկ մնացած 70-ը հարուստ են, 40 տոկոսն էլ, ասենք, ստանում է 40 հազար դրամ, ուրեմն դա համարում ենք բավարա՞ր՝ ապրելու համար: Այդ ասողը թող ինքն իր ընտանիքով 40 հազար դրամով ապրի, նոր կհասկանա՝ էդ ինչ է նշանակում: Բյուջեն կազմելու համար ոչ թե պետք է վերեւից նայեն, ոչ թե պետք է թղթի վրա գրեն, որ Գյումրին ինչ-որ կենտրոն են սարքելու, այլ պետք է ծրագիր լինի, ամեն ամիս ծրագիրը իրականություն դարձնեն, որ ժողովուրդը իրեն խաբված չզգա: Ժողովրդի մասին պետք է մտածող լինի, իրենց պետք է դնեն ժողովրդի տեղը, ժողովուրդը չի ուզում ո՛չ նպաստ ստանա, ո՛չ էլ օգնություն, ժողովուրդն ուզում է պայման, հնարավորություն, աշխատանք: Ինքը աշխատի արժանապատիվ, ինքը իր ընտանիքի վրա ծախսի, կարողանա ինքը հյուրասիրի: Հիմնականում սա՛ է, այնպես որ՝ պետք է լինի արդարություն, մրցակցություն, պայման եւ հնարավորություն, որովհետեւ ժողովուրդը աշխատող ժողովուրդ է, մեր ուզածը սա՛ է, մենք ո՛չ պաշտոն ենք ուզում, ո՛չ ոլորտ ենք ուզում: Աստծո կամոք ո՛չ պետական պաշտոնյա ենք եղել, ո՛չ էլ ուզում ենք լինել, ո՛չ էլ ուզում ենք որեւիցե ոլորտ լինի կամ մենաշնորհ, այլ ուզում ենք ժողովրդի դեմքին ժպիտ լինի, ժողովուրդը չթողնի երկրից գնա, որովհետեւ էսօր գնալով բոլորի վիճակը վատանում է, իսկ ոչ մեկը չի ուզում իր երկրից գնա»,- հայտարարեց պարոն Ծառուկյանը:

Այնուհետեւ անդրադարձավ այն չտես պաշտոնյաներին, որոնք ժամանակին գրպանների մեջ կոպեկ չունենալով, այժմ էլ աննկարագրելի ունեցվածքի տիրապետելով՝ սկսել են խոսել պետականությունից: «Ավել-պակաս խոսում են. մարդիկ 100 դոլար փող չեն ունեցել, մտել են քաղաքականության մեջ, այսօր 4-5 հատ տներ ունենալով, բիզնես, ոլորտ, ազգուտակին տեղավորելով՝ մեծ-մեծ խոսում են պետությունից, պետականությունից»,- նեղսրտեց Ծառուկյանը:

Նա նաեւ շեշտեց, որ Գյումրու քաղաքապետը ունեւոր, կայացած, աշխատասեր մարդ է, այնպես որ՝ աչքը թալանին չէ եւ պատրաստ է իր ունեցվածքից էլ ներդնել՝ պատմության մեջ անցնելու համար: ԲՀԿ առաջնորդը խոստացավ ամեն հարցում օգնել Գյումրու նորընտիր քաղաքապետին եւ գյումրեցիներին: «Ժողովուրդը պետք է տեսնի, որ քո խոսքը գործ է, ժողովրդին շատ բան պետք չէ, կարեւորը ժողովուրդը խաբված չլինի, եթե մարդ բան ասեց՝ ժողովուրդը հավատում, սպասում է, որ դա պետք է իրականություն լինի: Ամեն մարդ թող իրեն դնի դիմացինի տեղը, եթե քեզ խաբում են՝ խաբված մարդը ո՞նց կարա հավատա, եթե մարդը հավատում է, ուրեմն հույսով, հավատքով քեզ սպասում է, գիտի, որ իր մասին մտածող կա, իր խնդիրները լուծող կա»:

Գագիկ Ծառուկյանի պատկերացմամբ՝ պետական չինովնիկները ծրագիր իրականացնելիս պետք է այնպիսի մոտեցում ցույց տան, ինչպես սեփական գործին, այդ դեպքում նոր միայն երկիրը հաջողության կհասնի: «Ամենակարեւորը պետք է մարդիկ լիարժեք կարողանան տիրապետել աշխատանքին, այդ ճանապարհը անցած լինեն, հասկանան, կազմակերպչական փորձ ունենան, ծրագիր իրականացրած լինեն, գումար վաստակած լինեն, ժողովրդի հետ շփված լինեն, ժողովրդի դարդ ու ցավը իմացած լիենե». այսպես նկարագրեց պետական պաշտոնյային ԲՀԿ առաջնորդը: Նա խորհուրդ տվեց կադրեր ընտրելիս մի կողմ դնել կուսակցական պատկանելությունը, օրինակ՝ չմտածել, որ անպայման բարգավաճցիները կամ ծանոթ-բարեկամները կարող են այդ գործն անել, ըստ նրա՝ ով կկարողանա, նա էլ պետք է անի: Այդ դեպքում նոր միայն, ըստ ԲՀԿ առաջնորդի, հզոր ու բարեկեցիկ երկիր կունենանք, արտագաղթածներն էլ հայրենիք կվերադառնան:

Ի դեպ, պարոն Ծառուկյանը նախագահական ընտրություններից խոսելը դեռ վաղ է համարում եւ դեռ չգիտի՝ ԲՀԿ-ն ՀԱԿ-ի հետ միասնական թեկնածու կառաջադրի՞, թե՞ ոչ:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930