Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավազակապետությունը պետք է կազմաքանդվի», կեցցե «ավազակապետությունը»-2

Նոյեմբեր 15,2012 14:15

«Մարտի 1-ի մարդասպանները քրեական տարրերն են եւ հայտնի օլիգարխների սափրագլուխները»,- 2008-ի ամռանը շեշտում էր Լ. Տեր-Պետրոսյանը

Թե ինչ մակարդակով շփումներ, միջնորդավորված բանակցություններ, հեռախոսազանգեր են եղել մարտի 1-ին իշխանությունների եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի ու նրա թիմակիցների միջեւ մինչեւ երեկոյան արյունահեղությունը՝ թերեւս մի օր կողմերը իրենք կբացահայտեն: Հարյուրավոր ընդդիմադիրների ձերբակալությունները, խուզարկությունները, հետապնդումները հասարակության մոտ վախի մթնոլորտ, այնուամենայնիվ, չձեւավորեցին. մարտի 1-ը էլ ավելի խորացրեց իշխանությունների նկատմամբ անվստահությունը եւ մեծացրեց ընդդիմության նկատմամբ նվիրվածությունը։ Լ. Տեր-Պետրոսյանի հրավիրած բազմահազարանոց հանրահավաքների էներգետիկան դա էր փաստում:

2008թ. մայիսի 2-ին ելույթ ունենալով «Համաժողովրդական Շարժման 2-րդ կոնգրեսում»՝ Լ. Տեր-Պետրոսյանը մանրազնին բացահայտեց իշխանությունների մտադրությունը՝ մարտի 1-ը ներկայացնել որպես ընդդիմության կողմից հրահրված բախում ցուցարարների եւ ոստիկանական ուժերի միջեւ: Նրա խոսքով՝ իշխանությունները խաղաղ ցուցարարների դեմ բռնություն գործադրելու եւ ընդդիմությունը ջախջախելու ծրագիրը սառնասրտորեն մշակել էին մարտի 1-ի իրադարձություններից դեռեւս մեկ շաբաթ առաջ: Փետրվարի 23-ին Ռ. Քոչարյանը բողոքի ցույցերը որակեց որպես «իշխանության ապօրինի զավթման փորձ», իսկ հաջորդ օրը ՀՀ կառավարությանն առընթեր ԱԱԾ քննչական վարչության ավագ քննիչ, գնդապետ Մ. Մարուքյանը հարուցեց քրեական գործ՝ «Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ մի խումբ անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու փաստի առթիվ»: «Փաստերի համակողմանի քննությունն, այսպիսով, ցույց է տալիս, որ մարտի 1-ին տեղի ունեցածը ոչ թե բախում էր ցուցարարների եւ ոստիկանության միջեւ, այլ իշխանությունների կողմից ժողովրդի դեմ կազմակերպված իսկական սպանդ, որի պատասխանատվությունը գլխավորապես ընկնում է Ռոբերտ Քոչարյանի վրա»,- նշեց Լ. Տեր-Պետրոսյանը։ Հունիսի 28-ին ելույթ ունենալով Գյումրիում՝ նա ընդգծեց, որ մարտի 1-ին ոստիկանությունը, բանակը ժողովրդի վրա չեն կրակել, Քոչարյանն է երազում այն բարդել նրանց վրա: «Այդ դեպքում դուք կարող եք հարց տալ՝ ո՞վ է կրակել: Սա փորձված, շա՜տ փորձված մեթոդ է, որը Ռ. Քոչարյանից առաջ կիրառել են երիտթուրքերը Օսմանյան Թուրքիայում, եւ կիրառել է Հիտլերը՝ Գերմանիայում: …Նույն բանը կատարել է Ռոբերտ Քոչարյանը: Այդ մարդասպանները քրեական տարրեր են՝ նախկինում բազմիցս դատված, մենք գիտենք նաեւ, թե որ շրջանակներից են ընտրված: Նրանց մի մասը, այո, ԼՂ-ից է, մյուս մասը մեր հայտնի օլիգարխների սափրագլուխներն են: Եվ թող վստահ լինեն, որ նրանցից ոչ մեկը չի խուսափելու պատասխանատվությունից»:

2008թ. հուլիսի 4-ին հրավիրված հանրահավաքում Լ. Տեր-Պետրոսյանը ելույթը նվիրեց Ռ. Քոչարյանի «փառահեղ գահակալության» տասնամյակին. «Կեղծ տեղեկանքի եւ ապօրինի ընտրությունների միջոցով բազմեց հանրապետության նախագահի աթոռին, 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության շնորհիվ ամրապնդեց իր իշխանությունը, խափանեց այդ ոճրագործության լիակատար բացահայտումը, պարտակեց տասնյակ այլ աղմկոտ սպանություններ, ոչնչացրեց օրենսդիր եւ դատական իշխանությունների անկախությունը, ստեղծեց քրեական աշխարհի հասկացություններով առաջնորդվող ավազակապետական համակարգ, կեղծեց իր օրոք կայացած բոլոր ընտրություններն ու սահմանադրական հանրաքվեն, վերացրեց խոսքի, մամուլի, հավաքների ազատությունը, վարչախմբի վերահսկողության տակ դրեց բոլոր էլեկտրոնային լրատվամիջոցները, փակեց «Ա1+» եւ «Նոյյան տապան» հեռուստակայանները եւ հարկային տեռորի ենթարկեց ԳԱԼԱ հ/ը-ն, սիստեմատիկաբար ուռճացրեց ՀՀ տնտեսական զարգացման վիճակագրական տվյալները, ՀՀ-ն ենթարկեց լիակատար քաղաքական եւ տնտեսական մեկուսացման, կոռուպցիան, խնամիությունը, հովանավորչությունը, ռեկետը վերածեց պետական քաղաքականության, խոշոր գործարարներին ազատեց օրինական հարկեր վճարելու պարտավորությունից, դրամի արհեստական արժեւորման հետեւանքով կործանեց արտահանող արդյունաբերությունը եւ հսկայական գերշահույթներ ապահովեց ներմուծման բնագավառում մենաշնորհային դիրք ունեցող ընկերությունների համար, ծաղկեցրեց իր ընտանեկան բիզնեսը եւ դիզեց հսկայական հարստություն, տնտեսական աճի ի ցույց դրվող երկնիշ թվերի եւ խաղաղության պայմաններում երկրի բնակչությունը նվազեցրեց գաղթի ճամփան բռնած կես միլիոն մարդով…»։

Այնուհետեւ գալով Ռ. Քոչարյանի եւ Վարդան Օսկանյանի արտաքին քաղաքականության «ձեռքբերումներին»՝ Լ. Տեր-Պետրոսյանը առանձնացրեց. ԼՂ-ից Հայաստան տեղափոխեց շուրջ 15 հազար մարդ, նա կորցրեց ԼՂ հարցի բարենպաստ լուծման մի քանի առիթներ, ԼՂ-ն դուրս մղեց բանակցությունների գործընթացից, ԼՂ-ի ինքնորոշման իրավունքը վերածեց հայ-ադրբեջանական տարածքային վեճի, սերունդներին կտակեց իր ղարաբաղյան քաղաքականության պսակը հանդիսացող ՄԱԿ-ի ԳԱ խայտառակ բանաձեւը, ահագնացրեց ԼՂ-ում պատերազմի վերսկսման վտանգը, խորացրեց հայ-թուրքական հարաբերություններում առկա լարվածությունը, չնչին պարտքի դիմաց իր նախաձեռնությամբ ՌԴ-ին հանձնեց ՀՀ ողջ էներգետիկ համակարգը:

«Պատմությունը, սակայն, մոռանալու է նրա թե՛ հայտնի, թե՛ ծածուկ գործերի մանրամասները: Հանրագումարի բերելով մեր հերոսի կամ «վոյինի» գործունեությունը՝ պատմությունը նրան հիշելու եւ բնութագրելու է ընդամենը մեկ նախադասությամբ, այն է՝ «Ռոբերտ Քոչարյան անունով ոմն բռնազավթիչ, երկիցս ապօրինաբար տիրելով հանրապետության նախագահի աթոռին, իր գահակալությունն սկսեց եւ ավարտեց արյունահեղությամբ, Հայաստանը վերածեց ավազակապետության եւ ի չիք դարձրեց Ղարաբաղի հարցի հայանպաստ լուծման հնարավորությունը»,- նշեց ընդդիմության առաջնորդը: Նույն ելույթում Լ. Տեր-Պետրոսյանը ամրագրեց, որ Ս. Սարգսյանը կանգնած է քաղաքական վարքագծի որդեգրման երկընտրանքի առջեւ. «Եթե ելակետը երկրի եւ ժողովրդի բարօրությունն ու պետական շահն է, ապա Սարգսյանը օր առաջ պարտավոր է վճռականորեն սահմանազատվել քոչարյանական ավազակապետությունից, անմիջապես ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, բացահայտել եւ պատժել մարտի 1-ի ոճրագործության իրական պատասխանատուներին…»։ Նա կոչ արեց շուտափույթ կերպով բացահայտել եւ դատական կարգով պատժի ենթարկել մարտի 1-ի ոճրագործության բուն պատասխանատուներին եւ «առաջին հերթին՝ Ռ. Քոչարյանին»:

Մարտիմեկյան գործընթացում թե ինչ դերակատարություն ունեցավ Ազգային ժողովը, որի կազմում էր նաեւ ՀԱԿ-ի այսօրվա ֆավորիտ կուսակցությունը՝ ԲՀԿ-ն, այդ թեմային Լ. Տեր-Պետրոսյանը անդրադարձել է 2008թ. օգոստոսի 1-ի հանրահավաքում։ Նա փաստել է, որ նախորդ խորհրդարանի միակ գործը եղել է ժողովրդավարական ազատությունների սահմանափակումը, քաղաքական հետապնդումների արդարացումը եւ մարտի 1-ի ոճրագործության իրական կազմակերպիչների բացահայտման խափանումը՝ ներկայացնելով դրանց հիմքերը, որոնք բավական խոսուն են։ Մարտի 2-ին ԱԺ-ն հինգ րոպեի ընթացքում, առանց քննարկման (չհաշված «Ժառանգություն» խմբակցության առարկությունները) հաստատեց հանրապետության նախագահի հրամանագիրը Երեւան քաղաքում Արտակարգ դրություն հայտարարելու մասին՝ բոլորովին հաշվի չառնելով այդ հրամանագրի հակաօրինականությունը, քանի որ մեր երկրում Արտակարգ դրության մասին օրենք գոյություն չունի: Մարտի 4-ին, նույնպես առանց քննարկման եւ նույնպես համարյա միաձայն (նորից «Ժառանգություն» խմբակցության դիրքորոշումը չհաշված), ԱԺ-ն անձեռնմխելիությունից զրկեց չորս պատգամավորների: Մարտի 17-ին ԱԺ-ն ընդունեց «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքը: Մարտի 20-ին ԱԺ-ն ընդունեց «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքը, որը Լ. Տեր-Պետրոսյանը նկատեց, թե լավ կլիներ այն կոչել «Օրենք Լեւոն Տեր-Պետրոսյանի իրավունքները սահմանափակելու կամ ըստ ճաշակի՝ նրան կախելու, գնդակահարելու, Լինչի դատաստանի ենթարկելու մասին»: Եվ վերջապես, հունիսի 16-ին ԱԺ-ն ընդունեց «2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» որոշումը, որը ըստ Տեր-Պետրոսյանի՝ ոչ այլ ինչ, եթե ոչ ողորմելի աճպարարություն, չէր կարելի անվանել: «Եթե կեղծված ընտրությունների եւ մարտիմեկյան ոճրագործության մեղսակիցներից կազմված այդ հանձնաժողովը շուտափույթ կերպով չլուծարվի եւ մոռացության չմատնվի, ապա կասկածից վեր է, որ այն կդառնա հայկական պառլամենտարիզմի ամենախայտառակ էջը»,- ընդգծել էր ընդդիմության առաջնորդը:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Ամփոփումը՝ «Առավոտ»-ի վաղվա համարում

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930