Լրահոս
Օրվա լրահոսը

«Գագիկ Ծառուկյանն այս խաղից դուրս է»

Նոյեմբեր 15,2012 14:13

ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանի կարծիքով՝ Գագիկ Ծառուկյանն անձամբ չի մասնակցում ԲՀԿ նախաձեռնած քաղաքական կոնսուլտացիաներին, քանի որ ի վիճակի չէ նման լուրջ հարցերի շուրջ խոսել: Իսկ վերլուծաբան Էդիկ Անդրեասյանը դա էական չի համարում, քանի որ, ըստ նրա, այս փուլում միանշանակ չէ ոչ իշխանական դաշտում ԲՀԿ-ի լիդերությունը:  Ստորեւ ներկայացնում ենք հատվածներ երկու գործիչների «Դեմ առ դեմ» բանավեճից:

«Առավոտ»- ԲՀԿ-ի նախաձեռնած կոնսուլտացիաներին մասնակցող քաղաքական բոլոր ուժերում էլ, թերեւս բացի ՀՅԴ-ից, առկա է ընդգծված առաջնորդամոլություն, եւ գաղտնիք չէ, որ այդ ուժերում կարեւորագույն որոշումները կայացվում են մեկ հոգու անձնական որոշմամբ: Այս իրավիճակում որքանո՞վ եք անկեղծ համարում կոնսուլտացիաներին մասնակցող կուսակցությունների պնդումները, թե նախագահական ընտրություններից երեք ամիս առաջ նրանք քննարկում են ոչ թե անձերի խնդիրը, այլ գաղափարական հարցեր:

Կարապետ Ռուբինյան- Նախագահական ընտրությունները հենց անձերի ընտրություններ են: Եվ եթե հավատանք, որ այս թեման շրջանառության մեջ է դրվել անկեղծորեն` սահմանադրական խորը բարեփոխումների, ժողովրդավարացման եւ այլ փոփոխությունների հասնելու համար, ապա, անշուշտ, խնդիրը հենց անձի մեջ է: Ով է լինելու այն անձը, որն իր նախորդ կենսագրությամբ, ներկայիս ունակություններով, իմիջով կերաշխավորի մի ծրագրի կատարում, որը 2-4 տարվա ընթացքում կբերի համակարգային փոփոխության: Հիմա որքանո՞վ է էֆեկտիվ ինչ-որ այլ բաների մասին խոսել, հետո գալ անձերի կռվին եւ ոչ մի հարցում չհամաձայնել: Ես կարծում եմ, որ դա արդյունավետ չէ, եւ ճիշտ կլիներ՝ հենց հիմիկվանից խոսեին, թե այդ որ անձն է, որը ՀՀ հասարակության համար երաշխավորում է այդ փոփոխությունները: Եվ բավական չէ, որ միայն երաշխավորի, այդ անձը նաեւ ամբողջ հասարակության առաջ պետք է ասի, որ դա ճիշտ ուղի է, որ իսկապես խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու դեպքում մեր պետությունը շատ արդյունավետ կգործի, եւ ավելի լավ նախադրյալներ կստեղծվեն ժողովրդավարական երկիր դառնալու համար: Այսինքն՝ այդ անձը պետք է նաեւ կարողանա խոսել եւ համոզել:

Էդիկ Անդրեասյան- Իմիջիայլոց, ընդդիմության հետ զուգահեռ այդ հարցերը քննարկում է նաեւ իշխանությունը: Եթե մենք խորությամբ նայենք, կտեսնենք, որ ընդդիմության առաջարկած այդ կետերում շատ բաներ կան, որոնք վաղը-մյուս օրը հաստատ իշխանության թեկնածուի պլատֆորմում տեղ են գտնելու՝ ուրիշ ձեւակերպումներով: Իսկ ինչ վերաբերում է պնդմանը, որ քիչ ժամանակ է մնացել նախագահական ընտրություններին, եւ ուշանում ենք, ես համաձայն չեմ: Վերջին հաշվով՝ այստեղ մեծ կոլեկտիվների խնդիր չկա, կա ընդամենը 4 կուսակցություն, որոնք ուզում են կոնկրետ խնդրի շուրջ ինչ-որ բան ստեղծել: Հիմա եթե 4 մարդ պիտի մի հատ հարց լուծեն ընտրություններից երեք ամիս առաջ, կկարողանա՞ն: Ինձ թվում է՝ կկարողանան:

Կ. Ռ.- Նայած, թե ինչ ելակետային պայմաններ են եւ ինչ հարց պիտի լուծեն: Եթե Սերժ Սարգսյանից իշխանությունը խլելու մասին է միայն խոսքը…

Է. Ա.- Եվ որ ասում եք՝ հիմա ասեք, թե ով է այդ անձը, եւ նրա շուրջ տեսեք՝ ինչ եք անում՝ ոչ, ես կարծում եմ, որ այդ ամբողջ ընթացքը տանում է հենց այդ անձին հայտնաբերելուն:

Կ. Ռ.- Այսինքն՝ նո՞ր պետք է հայտնաբերվի:

Է. Ա.- Է, ինչ կա որ: Դա ինձ եւ Ձեզ հաստատ ծանոթ մարդ կլինի՝ օժտված Ձեր ասած առավելություններով եւ խարիզմայով:

Կ. Ռ.- Այսինքն՝ Դուք ի սկզբանե ընդունում եք, որ այդ 4 քաղաքական ուժերը հիմա մտել են այդ պրոցեսի մեջ՝ բացառապես երկրում ներկա ապօրինի հանցավոր ռեժիմը վերացնելու եւ նոր օրինական ժողովրդավարական ռեժիմ հաստատելու համա՞ր:

Է. Ա.- Ամենաքիչը մտել են խորհրդակցությունների մեջ համակարգային փոփոխություններ առաջ բերելու պայմաններ ստեղծելու համար:

Կ. Ռ.- Պիտի չհամաձայնեմ եւ ասեմ, որ ամենաքիչը փորձում են ընդհանուր համաձայնությամբ իշխանությունից հեռացնել ներկա ռեժիմը, եւ թե տեղը ի՞նչ ռեժիմ կգա՝ դեռ պարզ չէ:

Է. Ա.- Եթե մենք ասենք, որ իրենք փորձում են իշխանության բերել այլ ռեժիմ, նորից պիտի հանգենք Ռոբերտ Քոչարյանի գաղափարին, հա՞: Մարդիկ խորհրդարանական համակարգի հարց են բարձրացնում, իսկ խորհրդարանական համակարգի ժամանակ ռեժիմի մասին խոսելը, կարծում եմ, ճիշտ չէ:

Կ. Ռ.- Ինչո՞ւ ոչ: Պատկերացնենք խորհրդարանի այս կազմը:

Է. Ա.- Այդ դեպքում արդեն պիտի ընդունենք, որ առաջիկա ընտրությունները, նաեւ՝ գալիք խորհրդարանական, կլինեն այս նույն ձեւով:

Կ. Ռ.- Իսկ ինչի չե՞ն կարող լինել:

Է. Ա.- Դրա առաջը պետք է առնել:

Կ. Ռ.- Ինչպե՞ս:

Է. Ա.- Նախագահական ընտրություններով, եթե նորմալ թեկնածու լինի:

Կ. Ռ.- Անցած անգամ նորմալ թեկնածու չկա՞ր:

Է. Ա.- Կային, բայց նրանք առանձին գործելով չկարողացան դա ապահովել:

Կ. Ռ.- Անցած անգամ քաղաքական ուժերի եւ ժողովրդի լայն համախմբում կար մեկ թեկնածուի շուրջ:

Է. Ա.- Նկատի ունեք Լեւոն Տեր-Պետրոսյանին, որի շուրջ, այո, կար այդ համախմբումը…

Կ. Ռ.- Բայց դա չերաշխավորեց, չէ՞, արդար ընտրությունները:

Է. Ա.- Որովհետեւ դա այն համախմբումն էր, որտեղ չկար ընդհանուր պլատֆորմ: Այդ համախմբումը եղել է Տեր-Պետրոսյանի անձի եւ անցյալի…

Կ. Ռ.- Ընդհանուր պլատֆորմը հանցավոր ռեժիմից ազատվելն էր:

Է. Ա.- Բայց նախ՝ դեռ պետք է որոշես, որ այդ ռեժիմը հանցավոր է:

Կ. Ռ.- Որոշվել էր, էլի, այն ժամանակ:

Է. Ա.- Տեր-Պետրոսյանն ընդամենն իր կարծիքն էր ասել, բայց մյուս կողմում էլ կային, չէ՞, ձայներ, պետք չէ դա մոռանալ: Տեր-Պետրոսյանի անվան պոչին մեռած կուսակցությունների ցուցակ էր ընդամենը կպցրած:

Կ. Ռ.- Լեւոն Տեր-Պետրոսյանին հաջողվեց լայն ժողովրդական եւ քաղաքական համախմբում իրականացնել, ինչն անառարկելի է: Բայց ես ուզում եմ նշել, թե որն է այսօրվա առանձնահատկությունը: Դա այն է, որ հիմա լիդերի դերում հայտնվել է մի մեծ փողատեր՝ օլիգարխ:

Է. Ա.- Եթե լիդերը Գագիկ Ծառուկյանն է, ինձ շատ հետաքրքիր է, ինչո՞ւ նա չկա այս բանակցություններում:

Կ. Ռ.- Որովհետեւ Գագիկ Ծառուկյանը կարող է այդ կուսակցության ոչ թե ղեկավարն է, այլ ֆինանսական տնօրենը: Բացի այդ, ընդհանրապես նա կարո՞ղ է խոսել, այդ մակարդակի բանավեճ նա անձամբ կարո՞ղ է տանել, երկրի ապագան, երկրում ձեւավորված քրեաօլիգարխիկ համակարգը, դրանից անցում կատարելու համար տեսական եւ պրակտիկ քայլերը ներկայացնել որպես ծրագիր, նա ի վիճակի՞ է դա անել:

Է. Ա.- Դաշնակցության ներկայացրած կետերը լավագույն ֆիլտրն են Ձեր ասած հարցերին պատասխանելու: Չանձնավորենք՝ Գագիկ Ծառուկյանը կարո՞ղ է խոսել, թե՞ ոչ: Իր խնդիրն է:

Կ. Ռ.- Ո՞նց թե չանձնավորենք, եթե երկրի նախագահ դառնալու հավակնություն ունի, ո՞նց է իր խնդիրը:

 

Բանավեճը վարեց ԱՐԵՎԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԸ

Նախագիծն իրականացվում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» ծրագրի շրջանակներում:

 

 

Երկու գործիչների «Դեմ առ դեմ» բանավեճն ամբողջությամբ` 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930