Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես բարձրացնել բյուջեի որակը

Նոյեմբեր 15,2012 14:05

Մեզանից շատերը հետեւել են, թե ինչպես էր մի քանի ամիս առաջ Ֆրանսիայի Սենատը քննարկում «մեր հարցը»՝ Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Խոստովանեմ, որ այլ զարգացած երկրներում խորհրդարանական քննարկումների բուն ընթացքին չեմ հետեւել՝ կարդացել կամ նայել եմ լրատվամիջոցների ռեպորտաժները: Բայց Սենատի քննարկումն արդեն իսկ պիտի հուշի, թե ինչպես պետք է խորհրդարանում աշխատել օրենքների վրա: Մեզ մոտ այդ ընթացքը շարունակում է հիշեցնել վերակառուցման շրջանի ԽՍՀՄ ժողովրդական դեպուտատների համագումարները՝ «ագրեսիվ-հնազանդ» մեծամասնության եւ հեղափոխական փոքրամասնության անպտուղ լեզվակռիվներով:

Հայկական պառլամենտարիզմի 22 տարին առանձին առաջընթաց չարձանագրեց պատգամավորների մտավոր մակարդակի առումով: Նահապետ Գեւորգյանը կամ Առաքել Մովսիսյանը եթե նույնիսկ 30 տարի նստեն խորհրդարանում, միեւնույն է՝ չեն հղկվի, չեն դառնա օրենսդիր՝ այդ բառի դասական իմաստով: Ավելի շուտ հակառակը՝ Տիգրան Սարգսյանը, Վաչե Գաբրիելյանը, Հրայր Թովմասյանը, որոնք, վստահ եմ, մինչեւ պաշտոններ ստանձնելը նորմալ մարդիկ էին, իրենց մտածելակերպով ու արժեքներով գնալով մոտենում են Նավոյին եւ Շմայսին:

Բայց դա հարցի արտաքին կողմն է: Ավելի կարեւոր հանգամանքն է այն, թե ինչպես են մեր պատգամավորներն ու կառավարությունը քննարկում, օրինակ, նույն պետական բյուջեն: Կառավարության անդամներին ու հանրապետական պատգամավորներին թվում է, որ ցանկացած բառ, որն արտասանում են Հրանտ Բագրատյանը, Արծվիկ Մինասյանը կամ Միքայել Մեջլումյանը, ուղղված է անձամբ իրենց դեմ եւ նպատակ է հետապնդում իրենց զրկել իշխանությունից: Եթե նույնիսկ դա այդպես լիներ, միեւնույն է՝ պետք է, հավանաբար, փորձել հասկանալ, թե որն է ընդդիմադիրների ասածների ռացիոնալ հատիկը եւ հաշվի առնել դա՝ բյուջեն վերջնական տեսքի բերելիս: Ես, օրինակ, վարչապետի եւ նախարարների տեղը լինեի, կօգտվեի այն հանգամանքից, որ Հրանտ Բագրատյանի մակարդակի տնտեսագետը պատգամավոր է եւ նրա գիտելիքներից «կքամեի» առավելագույնը՝ իմ կառավարության արդյունավետությունը բարձրացնելու համար:

Մյուս կողմից էլ՝ ընդդիմադիրներն էլ բյուջեի քննարկման ժամանակ պիտի հնարավորինս խուսափեն քաղաքական եւ էմոցիոնալ երանգներից ու շեշտը դնեն բուն բովանդակային ասելիքի վրա՝ «այստեղ գրված է այսպես, բայց պետք է գրվի այնպես»: Այնինչ նրանք հաճախ են շեղվում թեմայից՝ խորանալով «խարազանող ձեւակերպումների» մեջ, որոնք գուցեեւ հետաքրքիր է լսել, բայց գործնական առումով դրա էֆեկտը զրո է:

Մինչ պատգամավորները մրցում են, թե նրանցից ով է ավելի «դուխով տղա», բյուջեի որակը մնում է նույնը: Մեր քաղաքացիների կյանքի մակարդակը՝ նույնպես:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930