Պանրի արտադրությունում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների պատճառով արտադրական գործառույթների արգելանքը 17 ընկերությունից արդեն հանվել է:
Այսօր կառավարության նիստից հետո, ասուլիսի ժամանակ ասաց սննդամթերքի անվտանգության եւ որակի վերահսկողության տեսչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Արարատյանը: Ըստ նրա, ստուգումների արդյունքների վերաբերյալ պանրագործներից ոչ մի բողոքարկում չի եղել:
Զարգացման հայկական գործակալության տնօրեն Ռոբերտ Հարությունյանն էլ ասաց, թե վերջին երեք տարիներին, հայկական պանիր ծրագրի շրջանակներում, 2 խմբաքանակ պանիր է արտահանվել ռուսական շուկա ու այն առանց բողոքների է իրացվել ռուսական շուկայում. «Զուտ արտահանման ծրագիր իրականացնելով, մենք կարող է չհասնենք այն ակնկալվող արդյունքներին, որին ուզում ենք: Ինչու, որովհետեւ իրականում ոլորտում կան խնդիրներ՝ սկսած հումքից, վերջացրած արտադրության հնարավորություններով ու որակով»:
Մեկնաբանելով վարչապետի հայտարարությունը, թե ճնշումներն իրենց վրա չեն ազդելու, պարոն Արարատյանն ասաց. «Արտադրողների կողմից ճնշումների չենք հանդիպել»:
Կարդացեք նաև
Պարոն Արարատյանը նաեւ հավելեց, որ արտադրանքի սանիտարահիգիենիկ վիճակի վերահսկողությունը ծառայության այս տարվա լիազորության շրջանակում է արվել. Ամբողջությամբ օգտահանվել է 5,5 տոննա պանիրը, ինչը նշանակում է, վերացնել նրանց մեջ առկա մանրեների առկայությունը, որից հետո որպես անասնակեր վաճառել: Բոլոր ընկերություններում էլ օգտահանում է իրականացվել: Շուկայում առկա վիճակի վերաբերյալ հիմա դիտարկումներ են կատարվում գյուղացիական շուկաներում. արդյունքներն ավելի ուշ կներկայացվեն: Ինչ վերաբերում է վերը նշված խմբաքանակին, դրանք շուկա հանված չեն եղել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ