Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբան Ռուզաննա Տեր-Վարդանյանը մեղադրում է քրեական գործերով պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանին

Նոյեմբեր 15,2012 13:19

Դավիթ Ավետիսյան

Փաստաբան Ռուզաննա Տեր-Վարդանյանը որպես ՀՀ քաղաքացի և փաստորեն տուժող դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ խնդրելով երկրի ղեկավարի իրավասության սահմաններում «քրեական գործ հարուցել պաշտոնատար անձանց նկատմամբ»: Նրանց մեղքով, ըստ փաստաբանի, այլևս հնարավոր չէ դատարաններում հասնել տարրական արդարադատության, իսկ պաշտոնատար անձանց հակաօրինական գործողությունների պատճառով հանցագործություն կատարած անձինք՝ անպատիժ մնալով, սպառնում են պետության անվտանգությանը:

Ըստ Ռ.Տեր-Վարդանյանի, իր նկատմամբ կատարված հանցագործության հովանավորներից է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը, ով «չարաշահելով իր պաշտոնը՝ ճնշում է գործադրում՝ պարտադրելով բոլոր դատավորներին կայացնել ակնհայտ անարդար վճիռներ ու դատավճիռներ»: Ավելին, ըստ դիմումատուի, Պալատի նախագահն իր քենու որդու՝ Մաշտոցի ոստիկանության քննիչ Վ. Մելքոնյանի միջոցով ոչնչացնում կամ հաշվի չի առնում ներկայացված ապացույցները:

Քաղաքացին 2009թ. նոտարական կարգով հաստատված ապառիկ առուվաճառքի պայմանագիր է կնքել քաղաքացի Գայանե Բաբայանի հետ, ըստ որի 17 000 ԱՄՆ դոլար արժեքով «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի համար նա յուրաքանչյուր ամիս պետք է վճարեր 416 000 ՀՀ դրամ՝ մինչև գումարի լրիվ մարումը: Մինչ այդ, ըստ պայմանագրի, մեքենան մնում էր Ռ.Տեր-Վարդանյանի մոտ գրավ դրված: Ըստ Ռ.Տեր-Վարդանյանի, Գ.Բաբայանը, Սուրեն Հովհաննիսյանը, Արկադի Դավթյանը, Ավետիք Պետրոսյանը և Կարեն Ղազարյանը (վերջինիս էր ի պահ հանձնված գրավադրված մեքենան) վաճառել են ավտոմեքենայի բոլոր մասերը, իսկ ստացված գումարն էլ՝ յուրացրել:

Քաղաքացին 4 անգամ դիմել է ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ հակառակ դիմողի ակնկալիքի քրեական գործ է հարուցվել ոչ թե առանձապես խոշոր չափերի խարդախության, այլ արգելանքի տակ դրված մեքենան ապօրինի այլ անձի հանձնելու փաստի առթիվ: Քննիչ Վ.Մելքոնյանը 2011թ. ապրիլի 13-ին որոշում է կայացրել Գայանե Բաբայանի, Սուրեն Հովհաննիսյանի, Արկադի Դավթյանը, Ավետիք Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել՝ հանցակազմի բացակայության պատճառով: Իսկ Կարեն Ղազարյանի մասով Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, 2011թ. օգոստոսի 3-ին կայացրել է մեղադրական դատավճիռ՝ Կ. Ղազարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգրքի 345-րդ հոդվածի առաջին մասով՝ Արգելանքի տակ գտնվող կամ բռնագրավման ենթակա գույքի նկատմամբ ապօրինի գործողությունները, նրա նկատմամբ նշանակվել է նվազագույն աշխատավարձի 400-պատիկի՝ 400 000 ՀՀ դրամ, չափով տուգանք, սակայն համաներմամբ նա ազատվել է պատժի կրումից: Ըստ Ռ.Տեր-Վարդանյանի, համաներում չի կարելի կիրառել, եթե չի հատուցվել պատճառված վնասը:

Դատավճռի դեմ վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ վճռաբեկ բողոքը՝ վերադարձվել՝ ըստ բողոքաբերի, առանց որևէ հիմնավորման: Վճռաբեկ դատարանի քրեական գործերի պալատի դեմ ինքնաբացարկի միջնորդության (Պալատի նախագահ Դ.Ավետիսյանի և քննիչի միջև առկա են ազգակցական կապեր, նա գործի ելքով շահագրգռված է, նրա պարտադրանքով դատավորները կայացնում են ակնհայտ անարդար դատական ակտեր) առնչությամբ որևէ որոշում չի կայացվել: Ըստ փաստաբանի Պալատն ինքնաբացարկ պետք է հայտներ, իսկ բողոքը պետք է քններ քաղաքացիական գործեր քննող դատավորներից կազմված մեկ այլ մարմին:

«Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930