Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վարդան Օսկանյանի նկատառումները՝ 2013թ. բյուջեի վերաբերյալ

Նոյեմբեր 15,2012 13:12

Երեկ բյուջեյի հետ կապված ելույթների ընթացքում ժամանակի բերումով հնարավորություն չունեցա ելույթ ունենալու, ուստի 2013թ. բյուջեի վերաբերյալ իմ նկատառումները ներկայացնում եմ ստորև:

Ես այս բյուջեի նախագծին ուզում եմ անդրադառնալ մի քիչ այլ տեսանկյունից` ժողովրդի կարիքների և ակնկալիքների տեսանկյունից: Իհարկե սա կառավարության 2013թ. տնտեսական գործունեության հիմնական ուղենիշն է լինելու, բայց վերջիվերջո կառավարությունը աշխատում է ժողովրդի համար:

Ինչքանո՞վ է այս բյուջեն բավարարում ժողովրդի ակնկալիքները, պահանջներն ու կարիքները:

Այն, որ այս բյուջեն ամբողջությամբ բավարարում է մեր վարկատուներին` հատկապես Արժույթի միջազգային հիմնադրամի պահանջները, դա միանշանակ է: ԱՄՀ-ն մեր կառավարության ֆիսկալ կայունությունը ապահովելու ջանասիրությունից շատ գոհ է, այսինքն՝ գոհ են վարվող զսպողական քաղաքականությունից, սղաճի զսպումից, պարտքի կառավարումից, բյուջեի դեֆիցիտի կրճատումից, այսինքն՝ այնպիսի քաղաքականությունից, որը ամբողջությամբ տնտեսական աճի, զարգացման և կենսամակարդակի բարձրացման հակացուցիչ է հանդիսանում:

Արդեն որերորդ տարին է, որ մեր կառավարությունը ֆիսկալ կայունություն ապահովելու շղարշի տակ թաքցնում և արդարացնում է իր անարդյունավետությունը: Իրոք` ֆիսկալ կայունություն ապահովելն ու կառավարության անարդյունավետությունը հոմանիշներ են դարձել: Բացարձակ դյուրըմբռնումն այն է, որ ֆիսկալ կայունությունը կարելի է ապահովել միայն զսպողական քաղաքականություն վարելով: Մինչդեռ այն երկրները, որոնք կարողացել են տնտեսական աճի համարձակ քայլերի և ընդլայնված հակաբյուջետային դրամավարկային ընդլայված քաղաքականություն վարելով միջին ժամկետներում հասնել նաև ֆիսկալ կայունության ապահովմանը, կարողացել են արձանագրել լուրջ հաջողություններ:

Երկրորդ դյուրըմբռնումը մեր արտաքին պարտքի կառավարման հարցում է: Այն պնդումները, որ իբր մեր ՀՆԱ-արտաքին պարտք հարաբերակցությունը թերևս գտնվում է միջազգային չափանիշներով սահմանված ընդունելի սահմաններում, այսինքն՝ ավելի ցածր է ՀՆԱ-ի 60%-ից` կտանի մեզ սխալ ուղղությամբ: Այդ 60%-ի հարաբերակցությունը ընդունելի սահմանագիծ է քիչ թե շատ լուրջ ծավալով բյուջե ունեցող երկրների համար: 2013-ի մեր այս փոքր երեք միլիարդ դոլարից պակաս բյուջեում, 420 մլն դոլար նախատեսված է պարտքի մարմանը և սպասարկմանը: Մոտավորապես նույնքան գումար նախատեսվում է մեր բանակի և անվտանգության հարցերին: Պետությունների կենսունակության պատմության մեջ կա մի անհերքելի ճշմարտություն` երբ պարտքին հատկացված ծավալները հասնում են պետական անվտանգության ապահովման ծախսերին այդ երկիրը կարող է արդեն հայտնվել անկման լուրջ վտանգի առաջ:

Ի՞նչ է ակնկալում հասարակությունը այս բյուջեից:

1. Հույս և հավատ երկրի ապագայի զարգացման և հեռանկարի նկատմամբ: Այս բյուջեն իր մեջ սրա անգամ նշույլը չի պարունակում: Սա շատ մռայլ բյուջե է: Երբ ֆինանսների նախարարին հարցրին, թե մեկ բառով ինչպես կբնութագրի այս բյուջեն, նա խուսափեց պատասխանելուց, ասելով, որ այն կարելի է անվանել 2013-ի բյուջե: Ես կասեի, որ հույսի առումով սա նույնիսկ 93-ի բյուջե չի: Նույնիսկ այդ ամենածանր օրերին, այդ օրվա բյուջեում ավելի շատ հույս և հավատ կար: Այս բյուջեում չկա ոչ մի մեծ ծրագիր, չկա որևէ ոլորտ, որը կարող է դիտարկվել որպես տնտեսության շարժիչ ուժ: Ըդհամենը նախատեսվում է 6% ՀՆԱ աճ: Բայց մենք գիտենք այդ թիվը ինչպիսի հնարքներով է ստացվում:

Օրինակ՝ ըստ Ազգային վիճակագրական ծառայության մեթոդոլոգիայի ՀՆԱ-ի ցուցանիշը կարելի է ճշգրտել երկու տարվա կտրվածքով։ Հենց դրանից է օգտվել կառավարությունը և 2011թ. ՀՆԱ-ի նախնական ցուցանիշը (հրապարակվել է այս տարվա փետրվարին) վերահաշվարկել է՝ նվազեցնելով 40,8 մլրդ դրամով։ Պարզ ասած՝ Վիճակագրական ծառայությունը նվազեցրել է բազային տարվա ՀՆԱ-ի ծավալը, ինչի արդյունքում կառավարությունը հնարավորություն է ստացել լրացուցիչ 1% տնտեսական աճ ստանալ։

Մյուս գործոնը, որը կառավարությանը հնարավորություն է տալիս ապահովել ներկայում արդեն նախատեսվող 7% տնտեսական աճը, դա դեֆլյատորն է։ 2012թ. բյուջեի հիմքում դնելով 4,2% տնտեսական աճ, նախատեսված էր, որ դեֆլյատորը կլինի 4,6%. բայց չգիտես ինչու հետո որոշվում է, որ այն ավելի փոքր պետք է լինի՝ 2,4%-ի չափով։ Արդյունքում՝ անվանական ՀՆԱ-ն էապես աճում է։

2. Աշխատատեղեր, աշխատավարձի բարձրացում: Այս առումով նույնպես բյուջեում ոչ մի լուրջ դրույթ չկա: Ոչ աշխատավարձերի, ոչ նպաստների որևէ բարձրացում չի նախատեսվում, չհաշված վերջերս նվազագույն աշխատավարձի 2500 դրամի բարձրացումը, որը կառավարության կողմից նախատեսված 4% սղաճի պայմաններում համարյա թե հավասարվում է զրոյի: Բյուջեից չի երևում, թե որ ոլորտներում նոր աշխատատեղեր կստեղծվեն: Այդ հարցին չկարողացավ պատասխանել նաև ֆինանսների նախարարը, ասելով, որ նախատեսվում է 10 000 աշխատատեղ ստեղծել:

3. Հասարակությունը ակնկալում է խորքային բարեփոխումներ` մենաշնորհների վերացում, հավասար մրցակցային դաշտի ստեղծում և հատկապես բարեփոխումներ հարկային ոլորտում: Այս բյուջեից չի երևում, որ կառավարությունը որևէ ցանկություն ունի ինչ որ բան անելու այդ ուղղությամբ:

Հարկեր/ՀՆԱ ցուցանիշը շարունակելու է մնալ տարածաշրջանում ամենացածրը: Այն, որ գալիք տարում լուրջ հարկային վարչարարություն չի կատարվելու, դա նույնպես երևում է բյուջեից։ Կառավարությունը 2013թ. բյուջեի լրացուցիչ հարկային եկամուտների մոտ 119 մլրդ դրամից վարչարարության հաշվին ծրագրում է հավաքագրել 27,7 մլրդ դրամ, այն դեպքում, երբ 2012թ. հավաքագրվելիք լրացուցիչ 101 մլրդ դրամից վարչարարության հաշվին նախատեսված էր հավաքագրել 39,7 մլրդ-ը։

Այս վերջին շրջանում բյուջեի քննարկման ընթացքում եղել են բազմաթիվ լուրջ և կառուցողական առաջարկություններ, որոնք կարող էին էապես լավացնել բյուջեն, դրանով նպաստելով երկրի տնտեսական աճին, ժողովրդի կենսամակարդակի բարձրացմանը և երկրի զարգացմանը: Կառավարությունը մերժել է բոլորը, հիմնավորելով, որ գումարներ չկան:

Մեր խորին համոզմամբ կան գումարներ, որոնց տեղն ակնհայտ և տեսանելի է ինչպես մեզ, այնպես էլ կառավարությանը: Պարզապես չկա ցանկություն, քաղաքական կամք գնալու այդ գումարների հետևից:

Որո՞նք են այն հիմնական չարաշահումները, որոնք, ժողովրդի լեզվով ասած, կոտրում են բյուջեի ողնաշարը:

1. Ստվերը- Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից օրերս հրապարակած տարածաշրջանային զեկույցում «ոչ ֆորմալ տնտեսությունը» Հայաստանում կազմում է ՀՆԱ-ի 35%-ը։ Համեմատության համար՝ նույն զեկույցում նշվում է, որ ոչ ֆորմալ տնտեսությունը Ուզբեկստանում ՀՆԱ-ի 15%-ի չափով է։

2. Հարկերից խուսափումները, հատկապես մեծ տնտեսվարողների կողմից,

3. Տնտեսական մենաշնորհները և անօրինական արտոնությունները,

4. «Ատկատները»,

5. Ծրարով աշխատավարձ ստանալը:

Եթե առաջին 4-ի մասին հաճախ խոսում ենք, ապա այս վերջինը անտարբերության է մատնվում: Այստեղ կան շատ լուրջ ռեսուրսներ և՛ բյուջեի, և՛ սոցվճարումների առումով: Այսօր և՛ պետական համակարգում,  և՛ մասնավորում շատ բնական երևույթ է դարձել աշխատավարձ տալ հնարավոր նվազագույնը, վճարելով եկամտահարկերը և սոցվճարումները այդ գումարից, իսկ աշխատավարձի հիմնական մասը տալ առձեռն` ծրարի մեջ: Սա մի երևույթ է, որի դեմ պետք է լրջորեն պայքարել:

Մեծ հաշվով այս բյուջեն արտացոլում է կառավարության ծրագիրը, որի մասին մենք մեր դիրքորոշումը արդեն հայտնել ենք․ ինչպես ծրագրում այնպես էլ այստեղ չկա տնտեսական քաղաքականություն, գաղափարախոսություն, չկա ուղղվածություն,  չկա նպատակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930