Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարար. Անուններ տալու համար մի քիչ շուտ է, համբերե՛ք

Նոյեմբեր 15,2012 13:09


«Օպերատոր ենք փնտրում կառավարման համար, այդ թվում նաեւ հայտ է ներկայացրել «Իտերա» ընկերությունը»,- Aravot.am-ի հարցին այսպես արձագանքեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը։ Բանն այն է, որ «Նաիրիտ» ընկերության հետ կապված վերջին սկանդալային պատմություններից հետո ՀՀ կառավարությունը օպերատորներ է փնտրում «Նաիրիտը» հավատարմագրային կառավարման հանձնելու համար։

ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը «Նաիրիտ»-ում կատարված մեքենայությունների եւ ընկերությունը միտումնավոր սնանկացման տանելու վերաբերյալ մի շարք բացահայտումներ արեց եւ դրանցում մեղադրեց ՀՀ մի շարք բարձրաստիճան այրերի՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ։ Հարություն Առաքելյանն այժմ փախուստի մեջ է։ Խոսակցություններ են շրջանառվում, որ հայկական կողմն արդեն իսկ նախնական պայմանավորվածություններ է ձեռք բերել ռուսական «Իտերա» ընկերության հետ։

Նախօրեին «Հրապարակ» օրաթերթը հրապարակել էր, որ հարցի շուրջ բանակցությունները հայկական կողմից վարել է նախկին նախարար Գագիկ Մարտիրոսյանը եւ ինչ-ինչ պայմանավորվածություններ արդեն կան, սակայն գործարքի մանրամասները դեռ չեն հրապարակվում։

Արմեն Մարտիրոսյանը այսպես արձագանքեց նշյալ հրապարակմանը. «Չէ՛, չէ՛, չէ՛, դեռ շուտ է։ Տարբեր ընկերությունների հետ, այդ թվում նաեւ «Իտերա»-ի, դեռ բանակցություններ են ընթանում»:

Նախարարից հետաքրքրվեցինք՝ եղած հայտերից որո՞նց է նախապատվություն տալիս հայկական կողմը։ «Ով իր վրա կվերցնի ամբողջական ծրագիրը կատարելու պարտավորություն»,- ասաց նա։

Մեր հաջորդ հարցին՝ ներկայացված հայտերում ո՞ր ընկերություններն են պատրաստ ստանձնել այդ պարտավորությունները, նախարարը պատասխանեց. «Անուններ տալու համար մի քիչ շուտ է, համբերե՛ք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930