Լրահոս
Օրվա լրահոսը

Հանգուցյալը կտեղափոխվի դատարանի վճռով

Նոյեմբեր 15,2012 12:59

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Վ.Ասլանյանի նախագահությամբ ավարտվեց Աշոտ Չիթիրյանի հայցի քննությունը Ա.Խաչատրյանի, եւ թաղման բյուրոյի՝ «բնակչության հատուկ սպասարկում» հիմնարկի դեմ:

Ա.Չիթիրյանը այս տարվա մարտի 19-ին դիմել էր դատարան: Նա պահանջել էր, որպեսզի պատասխանողներին դատարանը պարտավորեցնի իր հոր գերեզմանից հանեն Գ.Խաչատրյանի աճյունը:

Հոկտեմբերի 15-ի Aravot.am-ի «Չիթիրյանը 2 տարի շարունակ հոր գերեզմանից չի կարողանում հանել տալ այլ հանգուցյալին» հրապարակմամբ, անդրադարձել էինք Աշոտ Չիթիրյանի բողոքին, երբ նա 2 տարի առաջ հոր գերեզմանատեղի գնալով հայտնաբերել էր մեկ այլ հանգուցյալի: Էրեբունու ոստիկանությունը գերեզմանապղծություն չհամարեց կատարվածը, հանցանք չտեսնելով՝ կարճեց քրեական գործը:

Նշել էինք նաեւ, որ Աշոտ Չիթիրյանի դեմ Էրեբունու դատարանում հակընդդեմ հայց էր ներկայացրել նաեւ Ա.Խաչատրյանը, գերեզմանատեղիի բարեկարգման համար կատարված 1.860.000 ՀՀ դրամի ծախսերը փոխհատուցելու, իր հարազատի աճյունի վերահուղարկավորման եւ դատական ծախսերը բռնագանձելու պահանջով:

Ա.Չիթիրյանը դատարանին հայտնել էր, որ 1991թ-ին մահացել է հայրը՝ Հովհաննես Չիթիրյանը, որին հուղարկավորել է «Արին Բերդ» գերեզմանատանը:

2010-ի հուլիսի 12-ին հոր գերեզմանատեղի այցելելով, տեսել է, որ գերեզմանը կառուցապատված է, այլ անձի տվյալներով կա տապանաքար եւ հուշաքար:

Թաղման բյուրոն գրավոր տեղեկացրել է, որ «Վիճելի գերեզմանատեղիում» 2009թ-ին հուղարկավորվել է մեկ այլ հանգուցյալ:

Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ, կատարվել էր նախաքննություն:

Ա.Չիթիրյանը նաեւ ասաց, որ հանգուցյալի հարազատներին խնդրել է, որպեսզի իրենց հարազատի աճյունը տեղափոխեն, սակայն նրանք հրաժարվել են կատարել հայցվորի պահանջը:

Հակընդեմ հայցվորը՝ Ա.Խաչատրյանն էլ դատարանին հայտնել էր, որ «Երկրորդ աճյունի հուղարկավորմանը մեծապես նպաստել են Աշոտ Չիթիրյանի, նրա մոր ու քրոջ անգործությամբ, քանի որ գերեզմանատեղին եղել է անխնամ վիճակում, չի եղել որեւէ գերեզմանատեղիի նշույլ»:

Ձեռնպահ մնանք Ա.Չիթիրյանի մահամերձ մորը կամ սոցիալապես անպաշտպան ընտանիքին մեղադրելու հայցվորի դիտարկումներից, ձեռնպահ մնանք նաեւ գերեզմանատանը կատարված նրա ծախսերի մասին պահանջներից էլ:

Տեղեկացնենք, որ դատարանը Աշոտ Չիթիրյանի հայցը բավարարեց:

Դատարանը հաստատված համարեց, որ Ա.Չիթիրյանի կողմից բետոնյա շաղախով պատրաստված ցանկապատով առանձնացվել է նշված գերեզմանատեղը, որտեղ մինչեւ 2009-ը բարեկարգման աշխատանքներ չի կատարել:

Դատարանը շեշտեց նաեւ այն հանգամանքը, որ երկու աճյունները որեւէ արյունակցական հարազատական կապ չունեն:

Իսկ հակընդդեմ հայցվորն ասել էր, թե իր եղբայրն իր կենդանության օրոք այդ տարածքը վերցրել է, մինչդեռ, ըստ դատարանի, նման ապացույց չի ներկայացվել: Այն առարկությունն էլ, թե ցուցանակ չի եղել տվյալ գերեզմանատեղիում, դատարանի դիրքորոշումը հետեւյալն էր. «Դատարանը վիճարկվող ցուցանակի փաստը հիմնավոր չի համարում, քանի որ այն կարող է ցանկացած ժամանակ ցանկացած անձի կողմից հանվել եւ դրվել»:

Վճռվեց Ա.Խաչատրյանին պարտավորեցնել վերահուղարկավորել իր եղբոր դին Ա.Չիթիրյանի հոր գերեզմանատեղիից, մերժվեց նաեւ հակընդդեմ հայցը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930