«Ես ուզում եմ բարձր գնահատել օրաթերթի հումորը եւ ուզում եմ հիասթափեցնել, որովհետեւ ես իրականում շարժական ոչ թե բոդիբիլդինգի տեսահոլովակ էի դիտում, այլ՝ քաղաքական լրահոսին էի հետեւում: Իսկ այդ տեսանյութը, որը տեղադրված է youtube-ում, հայտաբերված է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պաշտոնական կայքէջից»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը այսպես պարզաբանեց «բոդիբիլդինգի» տեսանյութի մասին տեղեկատվությունը:
Նա վստահեցրեց, որ ինքը երեկ բյուջեի քննարկմանը պարզապես պատրաստվել է իր ելույթին. «Ես շարժական գաջեթով հետեւում էի պաշտոնական կայքէջերի լրահոսին»: Մենք ճշտեցինք՝ այսինքն, այնպես չի եղել, որ սա շարիկ գլորելու շարունակությունն է՝ նախարարը պատասխանեց. «Youtube-ում լինում են նաեւ լուրջ նյութեր»:
Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակի» հաղորդմամբ՝ երեկ 2013թ պետական բյուջեի քննարկման ժամանակ Արմեն Աշոտյանն իր «պլանշետով մի քանի ժամ զվարճանում էր ինտերնետում եւ այնտեղ գտած, իր կարծիքով, հետաքրքիր տեսահոլովակները քննարկում կառավարության անդամների հետ: Սա տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել՝ հատկապես էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի՝ «շարիկ գլորելուց» հետո: Ըստ մեկնաբանությունների, Արմեն Աշոտյանն էլ, հասկանալով, որ ինտերնետից ազատ ժամանակ չի հասցնում զբաղվել կրթությամբ եւ բարձրացնել կրթության որակը, ուստի ծրագրում է դպրոցներում նոր առարկա մտցնել «բոդիբիլդինգ»: Եթե չի հաջողվում երեխաների ուղեղները զարգացնել, ապա պետք է փոխել ուղղությունը՝ զարգացնել նրանց բիցեպսները և տրիցեպսները:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ