Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մարգարիտ Եսայան. «Հանգիստ պահեք ձեզ, հակառակ դեպքում՝ մենք կհարվածենք ձեր իսկ զենքով»

Նոյեմբեր 15,2012 12:15

 

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը Aravot.am-ի հետ զրույցում նկատեց, որ բավականին անտեղի է Ադրբեջանի ԱԳ նախարարության հերթական հիստերիան, որն այդ երկրում սկսվել է Ուրուգվայի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի պատվիրակության՝ Արցախ կատարած այցի առիթով:

Բաքուն բողոքի նոտա է հղել Ուրուգվային` պահանջելով ներկայացնել իրենց դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում: «Նման պատվիրակությամբ այցելությունը նպաստում է տարածաշրջանում հակամարտության էսկալացիային»,- նշվում է Ադրբեջանի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Էլման Աբդուլաեւի հայտարարության մեջ: Իր հերթին, հարեւան պետության ԱԳՆ գերատեսչությունում վստահ են, որ «կարող են հարցը լուծել ռազմական ճանապարհով, սակայն ցանկությունը այն պարզելու խաղաղ ճանապարհով, հետ է պահում Բաքվին նման ուղուց»:

Մեր զրույցում Մարգարիտ Եսայանն ասաց. «Մեկ անգամ արդեն առիթ ունեցել եմ մեր հարեւանների ոչ համարժեք աղմուկի մասին խոսել, երբ նույնպիսի աղմուկ էին բարձրացրել Շվեյցարիայի խորհրդարանի պատգամավորների՝ Արցախ եւ Հայաստան կատարած այցերի կապակցությամբ: Հիմա, կրկնելով խորհուրդս մեր ռազմատենչ հարեւաններին, ասեմ, որ ռազմատենչ եւ ծայրահեղական հարեւանի այս արձագանքից հետո այլ բան չի մնում, քան կովկասյան առոգանությամբ ասել՝ պահ-պահ-պահ, զարմացրիք, խաղաղ ճանապարհով լուծման կարոտ մեր ադրբեջանցի հարեւաններ: Ինչ եք իրար խառնվել, իսկ ինչն է ձեզ համար նոր եւ անծանոթ, ամբողջ աշխարհի առաջադեմ եւ իրատես պետությունները արդեն տարիներ շարունակ հորդորում են հենց ձեզ՝ համակերպվել ԼՂՀ գոյությանը, հարգել միջազգային նորմերը, ընդունել ինչպես ազգերի ազատ ինքնորոշման, ուժի կիրառման բացառելու, ինչպես նաեւ՝ տարածքային ամբողջականության հայտնի սկզբունքները, դադարեցնել ռազմական հռետորաբանությունը եւ հանգիստ նստել դիվանագիտական բանակցություների սեղանի շուրջ: Իզուր մի չքմեղացեք եւ ձեզ մի փորձեք ներկայացնել մի լուսապսակով, որը չունեք եւ չեք ունեցել նաեւ այն ժամանակ, երբ հրահրեցիք ու սկսեիք պատերազմական գործողությունները ինքնորոշված Արցախի դեմ:Ուրեմն՝ հանդարտ պահեք ձեզ, հակառակ դեպքում, մենք եւս կարող ենք ձեզ հետ խոսել ձեր իսկ բառապաշարով ու համարժեք հակահարված տալ»:

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 13-ին ընդունել է Ուրուգվայի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի պատվիրակությանը` պալատի նախագահ Խորխե Օրիկոյի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել է երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930