2012թ. նոյեմբերի 13-ին Aravot.am էլեկտրոնային կայքում տպագրվել էր Ռուզան Մինասյանի «Էլեկտրաշոկով այրել են մեջքս» հոդվածը՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի թիվ 33 խցի կալանավոր Արման Դավթյանին, կնոջը և ընկերոջը ոստիկանությունում խոշտանգելու վերաբերյալ:
Արձագանքելով հոդվածին, տեղեկացնում եմ, որ հանդիսանում եմ Արման Դավթյանի ներկայացուցիչը և ցանկանում եմ ավելի մանրամասն տեղեկատվություն ներկայացնել դեպքի մասին:
2011թ. հունիսի 14-ի առավոտյան, Արման Դավթյանին, կնոջը և ընկերոջը բերման են ենթարկել ոստիկանության Մաշտոցի բաժին: Թույլ չեն տվել օգտվել հեռախոսից, մի քանի անձինք ռետինե մահակներով և մանրատախտակով ծեծի են ենթարկել նրանց` ստիպելով ինքնախոստովանական ցուցմունքներ գրել: Մանրատախտակի հարվածից Ա.Դավթյանի ձախ ձեռքի մատերը կոտրվել են, հետագայում իրեն սկսել են հոսանքահարել էլեկտրաշոկով մարմնի տարբեր մասերում:
Կարդացեք նաև
4 օր անց` 2011թ. հունիսի 18-ին տարել են դատարան` կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար, թեև անձին պետք է դատարան տանեին մինչև 72 ժամը լրանալը:
Ա.Դավթյանը Երևանի ՁՊՎ է տարվել 16.06.2011թ. ժամը 03:15-ին, այսինքն ձերբակալվելուց հետո 2 օր անց: Բուժզննության արդյունքում արձանագրվել են հետևյալ մարմնական վնասվածքները` մեջքին կան քերծվածքներ և կապտուկներ, աջ ոտքի սրունքը այտուցված է: Արմանը ՁՊՎ-ից քննչական գործողությունների համար դուրս է բերվել 3 անգամ: Դուրս բերման ժամանակահատվածը առաջին անգամ տևել է 14 ժամ 40 րոպե, երկրորդ անգամ 15 ժամ 45 րոպե, իսկ երրորդ անգամ 9 ժամ 45 րոպե: Հարկ է նկատել, որ քննչական գործողությունները կատարվել են նաև գիշերային ժամանակ, իսկ 16.06.2011թ.-17.06.2011թ. գիշերն ընդհանրապես չի ապահովվել քնելու համար նախատեսված 8 ժամը:
Ակնհայտ է, որ Ա.Դավթյանի նկատմամբ քննչական գործողությունները կրել են տևական և իրար հաջորդող բնույթ, որի ժամանակ նա զրկված է եղել սնվելու և հանգստանալու հնարավորությունից: 2011թ. հունիսի 18-ին Ա.Դավթյանին ՁՊՎ-ից դուրս են բերում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու համար, սակայն «Նուբարաշեն» Արմանին տանում են միայն հաջորդ օրը` հունիսի 19-ին:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում Ա.Դավթյանի մարմնական զննության արդյունքում հայտնաբերվել են հետևյալ մարմնական վնասվածքները` ձախ սրունքի շրջանի այտուցներ, հետին մակերեսի քերծվածքներ, մեջքի շրջանի վերքեր` քերծվածքներով, մասամբ կեղևակալված:
Կատարված խոշտանգումների վերաբերյալ Ա.Դավթյանը հաղորդում է տալիս գլխավոր դատախազություն, որը հաղորդումը քննելու համար ուղարկում է Մաշտոցի քննչական բաժին: Այդ ընթացքում Արմանի կնոջը բերման են ենթարկում ոստիկանություն և ստիպում, որ ցուցմունք տա, որ իրենց ոստիկանությունում չեն խոշտանգել: Մաշտոցի քննչական բաժինը հրաժարվում է հարուցել քրեական գործ, իսկ Առաջին ատյանի և Վերաքննիչ քրեական դատարանները քրեական գործ հարուցելուն պարտավորեցնելու վերաբերյալ բողոքները մերժում են:
2012թ. նոյեմբերի 1-ին ՀՀ Վճռաբեկ դատարանը բեկանել է Առաջին ատյանի և Վերաքննիչ քրեական դատարանների որոշումները և գործն ուղարկել է նոր քննության:
Ռոբերտ ՌԵՎԱԶՅԱՆ