Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանում տոնվելու է բանաստեղծ-թարգմանիչ Ազատ Մաթյանի ծննդյան յոթանասունամյակը

Նոյեմբեր 15,2012 10:34

Իրանաբնակ բանաստեղծ, Նարեկացու «Մատյան ողբերգության» երկի պարսկերենի թարգմանիչ Ազատ Մաթյանը դարձավ 70 տարեկան: Ա. Մաթյանը գրականագիտություն է ավարտել Փարիզի Արևելյան կենդանի լեզուների ինստիտուտում՝ որպես ավարտաճառ ներկայացնելով «Չարենցը և 2030-ական շրջանի խորհրդահայ գրականությունը» թեման: Այժմ շուրջ քառասուն տարի է, որ դասավանդում է Իրանի Սպահան քաղաքի պետական համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնում. միաժամանակ զբաղվում է գրականությամբ, երգիծանքով, արվեստով և հասարակական գործունեությամբ: Իր փայտյա քանդակների ցուցահանդեսը «Ջուղի» անունով ցուցադրվել է Սպահանի ժամանակակից արվեստի թանգարանում:

Նա մինչ այժմ հրատարակել է բանաստեղծությունների երեք գիրք՝ «Անապատի ծաղիկներ» (1981), «Չընդհատվող եղանակ» (1995) և «Աշխարհի գերբը» (2012) անուններով: «Ո՞վ է Չարենցը» էսսեն հրատարակել է 1983 թվականին, իսկ այս տարի հրատարակել է էսսեի վերամշակված և ընդարձակված տարբերակը: 2007 թվականին հայերենով հրատարակել է իրանցի նշանավոր բանաստեղծներ Օմար Խայյամի քառյակները և Հաֆեզի գազելները: Թարգմանել է պարսիկ անվանի բանաստեղծ Ահմադ Շամլուի գործերից, որոնց ձայնագրությունները պահպանվում են ՀՀ հանրային ռադիոյի ֆոնդերում: Երկու պարսկերեն շարան ևս նվիրել է Պարույր Սևակի և հայ մյուս բանաստեղծների գործերին, իսկ նրա գլուխ-գործոցն է համարվում Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» երկի պարսկերեն թարգմանությունը, որը սկսել է հիսուն տարի առաջ Սպահանի համալսարանի թարգմանություն առարկայի դասախոս դոկտ Մեսրոպ Բալայանի հորդորով: Գիրքը հրատարկվել է 2001 թվականին և վաստակել է ՀՀ մշակույթի նախարարության Մաշտոցի անվան շքանշանը:

Ազատ Մաթյանի վերջին երկու գրքերը էջադրվել և ձևավորվել է Հայաստանում՝ դիզայներ Ռազմիկ Ամիրխանյանի միջոցով:

Ա. Մաթյանի յոթանասունամյա հոբելյանը նշելու համար Իրանում ստեղծվել է հանձնախումբ բաղկացած մտավորականներից ու միությունների ներկայացուցիչներից, որոնք նախապատրաստել են միջոցառումների շարք:

Տիգրան ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930