Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյան. «Սա ի՞նչ խեղկատակություն է, ո՞ւմ եք հիմարի տեղ դնում» (Տեսանյութ)

Նոյեմբեր 14,2012 23:09

Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության նոյեմբերի 14-ի նիստում որպես վկա հարցաքննվեց դատական բժիշկ Վիգեն Ադամյանը: Նա հայտարարեց, որ իր տված, Արտակ Նազարյանի հետմահու դատաբժշկական փորձաքննության եզրակացության մեջ կա «մեխանիկական վրիպակ, տեխնիկական սխալ», որ այդ հատվածը պետք է հանվի եզրակացությունից:

Քանի որ վկան դատակոչվել էր մեղադրողի կողմի միջնորդությամբ, սկզբում հարցեր տալու հնարավորություն տրվեց մեղադրող Հայկ Հարոյանին: Վերջինս հարցրեց, թե ինչո՞ւ փորձաքննական եզրակացության հավելված լուսանկարների թիվը մի դեպքում նշված է 19, այլ դեպքում՝ 16: Դատական բժիշկը սա եւս համարեց «մեխանիկական սխալ», որ իրենք ստացել են Արտակ Նազարյանի վնասվածքների 16 լուսանկար, դրանք առկա են քրեական գործում: Որպես իր խոսքերի ապացույց, նա դատարան էր բերել առողջապահության նախարարության դատաբժշկական կենտրոնի մատյանը, ուր տվյալներ էին փորձաքննությունների վերաբերյալ:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը վկային հարցապնդումներ արեց Ա. Նազարյանի վնասվածքների առաջացման ժամանակագրության մասին: Փորձաքննության եզրակացության մեջ դրանք բաժանված են երեք խմբի` Նազարյանի «մահից ոչ շատ առաջ», «մահից մինչեւ մոտ 6 ժամ առաջ» եւ «մահից 3-5 օր առաջ»: Փորձագետն ասաց, որ գոյություն չունի վնասվածքների առաջացման ստույգ ժամանակը որոշելու մեթոդաբանություն, որ իրենք կարող են մի քանի ժամով սխալվել: Պատասխանելով Ռ. Մարտիրոսյանի հարցին, թե ի՞նչ է նշանակում «մահից ոչ շատ առաջ» տերմինը, Ադամյանն ասաց, որ դա նշանակում է « մահից 3-5 օր առաջ, մոտավորապես»: Ռ. Մարտիրոսյանն ասաց, որ դատական բժշկության մեջ այդ տերմինը նշանակում է մահվանից րոպեներ առաջ, որ վկան ակնհայտ, միտումնավոր կեղծ ցուցունք է տալիս: «Այս ինչ խեղկատակություն է, էս ո՞ւմ եք հիմարի տեղ դնում, խոստանում եմ քթիցդ բերեմ»,- փորձագետին ասաց Ռ. Մարտիրոսյանը: Դատարանում աղմուկ բարձրացավ: Դատավոր Ս. Մարդանյանը ընդմիջում հայտարարեց:

Ընդմիջումից հետո դատավորը հրապարակեց դատարանից հեռացած Վիգեն Ադամյանի գրությունն այն մասին, որ տուժողի իրավահաջորդը եւ նրա ներկայացուցիչները վիրավորում են իր ինքնասիրությունը, փորձում իրեն ներգրավել «իրենց շոուի մեջ»: Փորձագետը գրության մեջ նշել էր , որ նման պայմաններում ինքը չի կարող պատասխանել հարցերին եւ պատրաստակություն էր հայտնել դրանց գրավոր պատասխանել:

Ռ. Մարտիրոսյանը հայտարարեց, որ Վ. Ադամյանը ցուցում էր ստացել գալ դատարան եւ արժեզրկել իր տված եզրակացությունը եւ հասկանալով, որ իր մեկնաբանությունները չեն ընդունվում, լքել է դատարանի դահլիճը:

Իրավապաշտպանը մեջբերում արեց Շոթա Վարդանյանի «Դատական բժշկություն» գրքից, որտեղ գրված է, թե փորձաքննության եզրակացությունը պետք է անթերի լինի, մինչդեռ Ադամյանի եզրակացությունն այդպիսին չէ:

Տուժողի իրավահաջորդը, նրա ներկայացուցիչները, ամբաստանյալների պաշտպանները փորձագետի հեռանալը համարեցին դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունք, որ այդ կերպ խախտվել է դատական կողմերի հավասարության, դատավարության մրցակցային բնույթը, քանզի պաշտպանական կողմը նրան հարցեր տալու հնարավորություն չունեցավ:

Ռ. Մարտիրոսյանը միջնորդեց դատարան բերման ենթարկել Վ. Ադամյանին, ամբաստանյալները եւ նրանց պաշտպանները միացան միջնոդությանը: Դատավորը այն մասամբ բավարարեց, հայտարարելով, որ հաջորդ նիստին մասնակցելու համար փորձագետին ծանուցագիր կուղարկվի:

Այնուհետեւ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանը միջնորդություն ներակայացրեց, հայտնելով, որ Ա. Նազարյանի մահից հետո ամբաստանյալները եւ որպես վկա հանդես եկած զինվորները, ընդհանուր թվով 14 հոգի, զորամասի հրամանատար Ս. Ղազարյանի կողմից տարբեր ժամկետներով ենթարկվել են «մեկուսացում և պահում կարգապահական մեկուսարանում» տեսակի կարգապահական տույժի՝ ՀՀ կառավարության 1996 թվականի օգոստոսի 12-ի թիվ 247 որոշմամբ հաստատված ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնադրության հիման վրա: Մինչդեռ ՀՀ սահմանադրությամբ մարդուն ազատությունից կարող են զրկել միայն օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով; Նա միջնորդեց անթույլատրելի ապացույց համարել ապօրինի անազատության մեջ պահված 14 անձանց ընդհանուր թվով 32 հարցաքննությունները, լրացուցիչ հարցաքննությունները, ցուցմունքները, առերեսման արձանագրությունները, նաեւ միջնորդեց Ս. Ղազարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու միջնորդությամբ դիմել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Տեսանյութերը` «Բանակն իրականում» նախաձեռնության

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930