Թիվ 8 ընտրատարածքից ընտրված ՀՀԿ պատգամավոր Կորյուն Նահապետյանը ՀԱԿ ակտիվիստներին 2-6 տարով դատապարտելու պատիժը հիմնավորված է համարում: Ավելին՝ նա գտնում է, որ ՀԱԿ-ը չպետք է միջամտեր դատաքննությանը եւ գնահատականներ տար. «Կարո՞ղ է քաղաքական որեւէ կուսակցություն այս առումով հայտարարություն տարածի եւ ասի՝ մենք գտնում ենք, որ ծանր է պատիժը: Հարց եմ տալիս՝ ինչի՞ց ելնելով: Նա՞ է քրեական գործով արդարադատություն իրականացնող մարմինը: Բնականաբար՝ ոչ: Խորհուրդ կտայի, որ արդարադատություն իրականացնող մարմիններին անօրինական միջամտություն թույլ չտան»:
Մեր դիտարկմանը, որ Կոգրեսը դրա մեջ միայն քաղաքական դրդապատճառներ է տեսնում՝ Կորյուն Նահապետյանը պատասխանեց. «Ամեն մի քրեական գործի հետ կապված կարող են գտնվել ուժեր, այդ թվում նաեւ քաղաքական որոշակի խմբավորումերի ներկայացուցիչներ, ովքեր առարկությւոններ կունենան քրգործի ընթացքի հետ: Դա կլինի ինչպես նախնական քննության, այնպես էլ դատական քննության փուլում: Վերջին շրջանում նկատելի է դարձել այդ մոտեցումը, որ ոմանք արդարադատությանը վերաբերող խնդիրը տեղափոխում են քաղաքական դաշտ՝ ունենալով որոշակի պատճառներ: Ոչ միշտ է, որ այդ մղումներն ազնիվ են: Առանձին դեպքերում նկատելի է, որ քրեական գործերի քաղաքականացումը բխում է այդ քաղաքական ուժերի մարտավարական շահերից, տվյալ դեպքում՝ առաջ բերելու հասարակական դժգոհության կուտակում: Ինչ վերաբերում է ՀԱԿ ակտիվիստների գործին, բացի դատական պաշտպանությունից, որ տվյալ անձը կարող է բողոքարկել նաեւ Վճռաբեկ դատարան, կարող են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, եթե գտնում են, որ իրավունք է խախտվել: Չի կարելի ամեն մի գործով կասկածի տակ դնել դատական համակարգի անաչառության խնդիրը եւ ասել, որ Հայաստանում արդարադատություն չի իրականացվում: Նման ծայրահեղ գնահատականներն ուղղակի չեմ կիսում»:
ՀԱԿ ակտիվիստների եւ ոստիկանների բախման ժամանակ եղել էր արտահայտություն, որ նրանք «լեւոնական» են: Մեր հարցին, եթե նրանք «լեւոնական» չլինեին, լինեին ՀՀԿ անդամներ, կարծում եք, նույն վճի՞ռը կկայացվեր՝ Կորյուն Նահապետյանը պատասխանեց, թե որեւէ նշանակություն չունի՝ որ կուսակցության է պատկանում տվյալ անձը. «Լինի ՀՀԿ անդամ, թե որեւէ այլ կուսակցության անդամ, մոտեցումը չի կարող պայմանավորված լինել դրանով: Արդարադատությունն իրականացվում է Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան, եւ եթե բռնություն է գործադրվել ոստիկանության ծառայողների նկատմամբ, ապա նա պետք է ենթարկվի պատասխանատվության»: Մեր հարցին՝ 6 տարի ազատազրկմա՞ն՝ պատգամավորը պատասխանեց. «Պատասխանատվության տեսակը, չափը նախատեսված է ՀՀ օրենքով: Դատարանն արդարադատություն իրականացնելիս, պատիժը սահմանելիս հաշվի է առնում որոշակի հանգամանքներ՝ կատարված արարքի հասարակական վտանգավորության աստիճանը եւ բնույթը, հանցավորի անձը բնութագրող տվյալները… դրանց գնահատման արդյունքում է որոշվում վերջնական պատիժը: Ես չեմ ուզում կասկածի տակ դնել դատարանի կողմից իրականացվող արդարադատությունը եւ նշանակված պատժաչափը: Եթե գտնում են, որ ծանր պատժաչափ է նշանակվել, իրավունք ունեն բողոքարկել»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ