Լրահոս
Օրվա լրահոսը

Հրայր Թովմասյանը Ծառուկյանին կպատասխանի ավելի ուշ

Նոյեմբեր 14,2012 21:49

«Էդ իրա ակնկալիքն է»,- Aravot.am-ի հարցին այսօր այսպես պատասխանեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Խնդիրն այն է, որ երեկ խորհրդարանական հայտարարությունների ժամին ՀՀ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Էլինար Վարդանյանը հայտարարել էր. «Ես կարծում եմ, որ արդարադատության նախարարի կողմից հնչեցված արտահայտությունը լեզվի սայթաքում էր: Ես հույս ունեմ, որ արդարադատության նախարարից դատապարտյալների հարազատները կլսեն ներողություն»:

Հիշեցնենք, որ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը սովորական էր համարել դատապարտյալների` աչք, շուրթեր կարելու և ճկույթ կտրելու դեպքերը և նշել, որ դատապարտյալներն ինքնավնասմամբ են զբաղվում նաև այնպիսի զարգացած երկրներում, ինչպիսին են` Հունգարիան, Էստոնիան: Նախարարի խոսքով, դատապարտյալները, ովքեր կարում են իրենց շուրթերը, դրանց մեջ ունեն համապատասխան անցքեր, նրանց համար սովորական բան է դարձել բերան կարելը: Թովմասյանը նույնիսկ համեմատություն էր անցկացրել. «Ոնց որ աղջիկները ականջող են կրում, էդպես էլ իրենց համար էդ կարելն ա»:

Aravot.am-ի հարցին` իսկ ինչպե՞ս է վերաբերվում նախարարը իր հայտարարությունների առիթով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի արած դիտարկումներին: ԲՀԿ-ական երիտթեւի հետ հանդիպման ժամանակ այդ թեմային առնչվող հարցին Ծառուկյանը պատասխանել էր, որ արդարադատության նախարարն առանց ամաչելու նման հայտարարություններ է անում` առանց փորձ անելու հասկանալ դատապարտյալի խնդիրը, ցավը, թե ինչի համար են նրանք դիմում նման քայլերի: Հրայր Թովմասյանն ասաց. «Լսումներ կլինի` կպատասխանեմ, կլսես»: Հիշեցնենք, որ նոյեմբերի վերջերին ՀՀ քրեակատարողական հիմնարկներում տիրող սոցիալական եւ բարոյահոգեբանական հարցերի վերաբերյալ խորհրդարանում լսումներ են լինելու: Այդ պատճառով ՀՀ խորհրդարանականների մի խումբ այցելություններ ունեցավ քրեակատարողական հիմնարկներ` տեղերում ծանոթանալու իրավիճակին:

Ի դեպ, Հրայր Թովմասյանը համառորեն խուսափում էր եւ չէր ցանկանում պատասխանել հարցերին: «ՀՀ Սահմանադրության համաձայն, յուրաքանչյուր ոք ունի հանգստի իրավունք: Մենք աշխատում էինք, կես ժամ մեր հանգստի ժամանակն է, կարելի՞ է հանգստանանք»,- ասաց նա` արագ քայլերով մտնելով ՀՀԿ խմբակցության սենյակ:

Մինչդեռ, ավելի ուշ, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ արձագանքելով քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակի, վերջին դեպքերի եւ նախարարի հայտարարությունների առիթով բարձրացած աղմուկի վերաբերյալ  ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանի մտահոգություններին` Հրայր Թովմասյանը նույնիսկ Թումանյանից մեջբերումներ արեց: Դա լրագրողներին թույլ տվեց ենթադրություներ անել, որ հարցը նախօրոք էր պայմանավորված: Ապա մեղադրեց լրագրողներին` համատեքստից հանած մտքերով սենսացիաներ ապահովելու մեջ:

Բայց Թովմասյանի մտահոգությունն այդ էլ չէր: «Որ քաղաքական հավակնություններ ունեցող ուժը կամ նրա տարբեր ներկայացուցիչներ կիսատ տպագրվածով կարող են եզրակացություններ եւ հետեւություններ անել, ինչ-որ բաներ հնչեցնել, դա ինձ համար անհասկանալի է եւ ոչ էլ ընդունելի»,- ենթադրաբար ԲՀԿ-ի բոստանը քար շպրտեց Թովմասյանը: Նա խորհուրդ տվեց դիտել թեմայի վերաբերյալ «Շանթ» հեռուստաընկերության պատրաստած կիրակնօրյա հաղորդումը, որտեղ բոլոր հարցերի պատասխանները, ըստ նախարարի, կան:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930