Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում քիչ առաջ ավարտված ընկերական խաղում 4:2 հաշվով առավելության հասավ Լիտվայի ընտրանու նկատմամբ:
Նախորդ օրը հրավիրած մամուլի ասուլիսում գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը լրագրողներին հայտարարել էր, որ մեր հավաքականի մի շարք ֆուտբոլիստներ վնասվածքների պատճառով չեն մտնելու խաղադաշտ, բայց, չնայած դրան, տղաները աշախատելու են անպայման հաղթել: Այս հանդիպումը Վարդան Մինասյանի համար մեկ այլ, ավելի կարեւոր նշանակություն էլ ուներ, քանի որ եկող տարվա մարտին Չեխիայի հետ կայանալիք աշխարհի առաջնության ընտրական խաղում մեր թիմում որակազրկման պատճառով բացակայելու են հիմնական կազմի երեք առանցքային խաղացողներ: Այնպես որ, Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպումը նրանց հնարավոր փոխարինողներին խաղադաշտում գործնականորեն տեսնելու եւ նոր մարտավարություն մշակելու հարմար առիթ էր:
Ընդմիջմանը տեղի ունեցավ ֆուտբոլային կարիերային հրաժեշտ տված մեր հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանի մեծարման արարողությունը: Լեգենդար ֆուտբոլիստը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանից նվեր ստացավ արտասահմանյան մակնիշի շքեղ ավտոմեքենա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ