«Երկրամաս» թերթը անդրադարձել է բրազիլահայ դերասան, քաղաքական գործիչ Ստեփան Ներսեսյանին, որը ծնվել է 1953թ. Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում, Կարապետ Ներսեսյանի, որը եղբոր հետ փրկվել է ցեղասպանությունից, և իտալուհի Լուիզա Բորելլոյի ընտանիքում: Ստեփանի հայրը Սան Պաուլոյում ակնեղենի խանութ ուներ, որտեղ հաճախում էին ոչ միայն Բրազիլիայի ունևորները, այլև Լատինական Ամերիկայի հեղինակավոր քաղաքական գործիչներ:
«Ես հիշում եմ հորս բոլոր պատմածները, Մեծ Հայաստանի մասին պատմությունները, մեր մշակույթի մասին պատմությունները և ցեղասպանության ողբերգության մասին պատմությունները: Հորս պատմությունները մեծ ազդեցություն էին թողել վրաս, ես ուզում էի սպանել իմ թուրք դասարանցուն, բայց հայրս ասում էր, որ ես պետք է նշանավոր մարդ դառնամ, որ հետագայում օգտակար լինեմ ազգիս համար ու պաշտպանեմ նրա շահերը»:
Թատերական ինտիտոտում սովորելու տարիներին նրան արդեն ներկայացումների գլխավոր դերերն էին բաժին հասնում: Նա խաղացել է ավելի քան 40 սերիալներում, որոնցից 28-ում մարմնավորել է գլխավոր հերոսի դերը:
Կարդացեք նաև
2008թ. նա անդամակցել է Սոցիալիստական կուսակցությանը և առաջադրվել Սան Պաուլոյի քաղ խորհրդի թեկնածու: 2009թ. դարձել է պատգամավոր:
2009թ. նա առաջին անգամ ժամանում է իր պատմական հայրենիք. «Այսօր ես վերածնվեցի, քանի որ առաջին անգամ ոտքս դրեցի հարազատ հողիս վրա ու դարձա ամբողջական մարդ: Ես շատ ուրախ եմ, որ հայ եմ: Հայերը ամբողջ աշխարհում լավ են ընդունվում, քանի որ հայի գլխավոր առաքելություններից է բոլորի հետ լավ հարաբերություններ պահպանելը», – ասել է Ստեփան Ներսեսյանը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ