Հայտնի է, որ Ձեր՝ բաց տեքստով հայտարարությունների համար ՀՀԿ վերնախավը միշտ կշտամբում է Ձեզ: Այսօր Aravot.am-ի հետ զրույցում մեր այս դիտարկմանն ի պատասխան՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը հերքեց դա. «Ինձ երբեք ոչ ոք չի կշտամբել: Ոչ մի անգամ: ՀՀԿ վերնախավը ես եմ, ես ինձ կշտամբե՞մ: Ես երբեք կշտամբանքի չեմ արժանացել, անձերը ինձ չեն կարող կշտամբել: Այս հանրապետությունում մեկ մարդ կարող է ինձ կշտամբի՝ դա հանրապետության նախագահն է, մեր նախագահն է, որը, բարեբախտաբար, ինձ դեռ չի կշտամբել այդ հարցերում:
Եթե սխալ թույլ տամ՝ թող կշտամբի, ես կընդունեմ, մարդը սխալական է: Գուցե ես ինչ-որ սխալ գնահատեմ վիճակը: Բայց բոլոր ինձ ճանաչողները գիտեն՝ ես երբեք պատվերով չեմ խոսա: Իմ համոզմունքներին, իմ գաղափարներին դեմ չեմ եղել երբեք: Ինքս ինձ հետ շատ անդորր վիճակում եմ, ներքին կռիվ չունեմ: Խիղճս շատ լավ ապրում է, վիճակը լավ է, հանգիստ, անդորր»: Հաշվի առնելով, որ Համլետ Հարությունյանը մինչ այդ խոսել էր ՀՀԿ-ից հնարավոր առնետավազքի մասին՝ նա ավելացրեց. «Գուցե մեր հարցազրույցից հետո ինձ կշտամբեն, բայց Փառք Աստծո, հլը ինձ չեն կշտամբել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ