«Տվյալ պարագայում, ինչպիսին էլ լինի գնահատականը, լրատվամիջոցներն արդարացիորեն կհայտարարեն, որ նախարարը միջամտում է գործընթացին»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի` ՀԱԿ ակտիվիստների գործով ՀՀ վերաքննիչ դատարանի կեցվածքին, ասաց ՀՀ արդարադատության նախարարա Հրայր Թովմասյանը:
Հիշեցնենք, որ վերաքննիչ քրեական դատարանը` դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, որոշեց անփոփոխ թողնել Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ակտիվիստների` Դավիթ Քիրամիջյանի, Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի և Արտակ Կարապետյանի ազատազրկման դատավճիռը: Նշենք նաև, որ Տիգրան Առաքելյանին դատապարտվել էր 6 տարի ազատազրկման, Արտակ Կարապետյանին՝ 3 տարի, Սարգիս Գեւորգյանին և Դավիթ Քիրամիջյանին՝ 2 տարի ժամկետով:
Այս եւ այլ օրինակներ վկայակոչելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հետաքրքրվեց` ինչպես է կառավարությունը պատկերացնում պայքարը կոռուպցիայի դեմ, որը հռչակել է վերջերս եւ որի համար հայցում է ընդդիմադիրների օգնությունն էլ, երբ դատական համակարգի կամակատար լինելու արդյունքում ՀՀ-ում քաղբանտարկյալներ կան:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ