Լրահոս
Օրվա լրահոսը

Համլետ Հարությունյանն անուններ է տալիս, թե ՀՀԿ-ից ով առնետավազքի չի մասնակցի

Նոյեմբեր 14,2012 20:51

«Այսօրվա մեր զրույցը առնետների մասին ստացվեց: Առնետները միշտ լինելու են: Ամբողջ աշխարհում իշխանափոխության ժամանակ բացառվում է, որ չլինի առնետավազք: Դա աքսիոմատիկ հարց է: Դա դե ֆակտո կա: Բոլոր կուսակցություններում էլ նմանատիպ բան կարող է լինի, բայց հենքը, ողնաշարը միշտ մնում է հավատարիմ»,- Aravot.am-ի հետ զրույցում մեր հարցին՝ եթե հանրապետականները զգան իշխանափոխության հոտը, Ձեր կարծիքով չի՞ լինի ճամբարափոխություն՝ այսպես պատասխանեց ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանը:

Տեսակետ կա, որ եթե իշխանափոխություն լինի՝ ՀՀԿ-ում մարդ չի մնա: Այս առնչությամբ ՀՀԿ պատգամավորն ասաց. «Ի՞նձ նկատի ունեք: Կլասիկ քաղաքականության մեջ առնետավազքի հիմնադիրը Չերչիլն է: Դա միշտ եղել է: Բայց կուսակցության հիմնական ողնաշարը, որի վրա հենվում է կուսակցությունը, նրանց համար իշխանությունը չի կարեւոր, այլ իրենց գաղափարները: ՀՀԿ-ում այն մարդկանց, որոնց ես ճանաչում եմ, որոնց հետ ճանապարհ եմ անցել, անգամ ծիծաղելի է, որ մտածեմ, թե այդ մարդիկ կարող են իշխանափոխության ժամանակ վազել այլ կուսակցություն»:

Մենք փորձեցինք ճշտել՝ ովքե՞ր կան, որոնք Ձեր կարծիքով ուղնուծուծով հանրապետական են՝ նա պատասխանեց. «Բոլոր հիմնադիր հանրապետականները՝ Ռազմիկ Զոհրաբյանը, Վազգեն Կարախանյանը, Գագիկ Մելիքյանը, Սամվել Նիկոյանը: Նրանք, ովքեր եկել են ակունքներից: Ես համարում եմ, որ ծիծաղելի կլինի ընդհանրապես, հասարակական պարսավանքի կենթարկվեն այն առնետները, ովքեր դեմք են եղել, ովքեր կուսակցության գաղափարակիրն են եղել եւ գնան այլ կուսակցություն»:

Մեր հարցին՝ իսկ Դուք մնալո՞ւ եք հավերժ Հանրապետական՝ պատգամավորը պատասխանեց՝ «Ես մնալու եմ որպես Համլետ Հարությունյան»:

Նա բացառեց, որ երբեւէ կանցնի ԲՀԿ-ի շարքերը՝ բացատրելով, որ ինքը կարող է միայն գաղափարախոսկան կուսակցության մեջ լինել, իսկ ԲՀԿ-ն նոր ուժ է. «Գաղափարախոսությունները այդպես հեշտ ու կարճ ժամանակահատվածում չեն ունենում: Հենք պետք է լինի, հո դա աբստրակտ բան չի՞»:

Որոշ ԲՀԿ-ականներ վստահ են, որ ՀՀԿ-ի ներսում կան հոգով ԲՀԿ-ականներ, որոնք չեն ընդունում Սերժ Սարգսյանին ու պատրաստ են ընտրել ու գնալ Գագիկ Ծառուկյանի հետեւից: Մեր հարցին՝ կա՞ն ՀՀԿ-ի ներսում նման խմորումներ՝ Համլետ Հարությունյանն այսպես արձագանքեց. «Մեր մո՞տ: Դա ուղղակի ֆանտազիայի կամ ֆանտաստիկայի ժանրից է: Եթե Ժյուլ Վեռնը կենդանի լիներ ու ասեր, դա կարող էր իրագործվել ուղիղ մեկ դար հետո: ՀՀԿ-ն գաղափարախոսական կուսակցություն է: Իհարկե, բազմահազար մարդկանց մեջ մեկը կարող է սիրահարվի մեկ ուրիշ կուսակցության: Բայց ի՞նչ խմորման մասին է խոսքը: Ես երկար տարիներ է՝ քաղաքականության մեջ եմ, այսպիսի  համախմբվածություն կուսակցության նախագահի շուրջը համարյա չեմ տեսել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930