Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետի պատասխանը նախկին վարչապետին

Նոյեմբեր 14,2012 20:45

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը բարձրացրեց ավտոմեքենաների եւ բժշկական ապահովագրության ներդրված համակարգերին առնչվող խնդիրների մասին մի շարք հարցեր, որոնք նաեւ իրենց ազդեցությունն են ունենում ՀՆԱ-ի վրա:

Առաջին անգամ ՀՀ գործող վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանեց նախկին վարչապետի դիտարկումներին` մի շարք մասնագիտական բացատրություններ տալով: Սարգսյանի պատասխանները Բագրատյանին չբավարարեցին, քանի որ նախկին վարչապետը դրանցում չտեսավ ոչ միայն իր հարցադրումների պատասխանները, այլ նաեւ հստակ տրամաբանություն։

«Անցյալ տարի մտցվեց ԱՊՊԱ համակարգը, այս տարի՝ առողջապահության ապահովագրությունը, մի տարի հետո կլինի պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգը: Այս ամենը գեներացնում է ՀՆԱ-ն, քանի որ 50% շահույթ կա ԱՊՊԱ համակարգում, մի քանի տասնյակ տոկոս շահութաբերություն էլ կա առողջության ապահովագրության գործում: Իմ կարծիքով ԱՊՊԱ-ն մոտ 1.5 տոկոսով ավելացրեց ՀՆԱ-ն, և սա կոչվում է ֆինանսական փուչիկ»,- ասաց Բագրատյանը՝ հարցնելով`արդյոք դա արվում է ՀՆԱ-ի աճի՞ համար:

Տիգրան Սարգսյանը պատասխանեց. «Ապահովագրական դաշտում, երբ մենք ներդրեցինք պարտադիր ապահովագրությունը, կային մտահոգություններ, թե արդյոք Հայաստանը պատրաստ է այդ համակարգի ներդրմանը, հաշվի առնելով, որ դեռևս մեզանում հաղթահարված չի աղքատության խնդիրը, և մենք պարտադրելու ենք բոլոր մեքենա ունեցողները գումարներ վճարեն և ապահովագրեն երրորդ անձանց ռիսկերը»: Բայց, վարչապետի ընդգծմամբ՝ համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ առաջին երեք տարիների համար շատ դժվար է որոշել գինը: Դրա համար հետագայում իրենք պետք է անցնեն գների լիբերալիզացիա և պետք է այնպես անեն, որ շուկան որոշի գները:

2012թ.-ի արդյունքներն ամփոփելուց հետո կներկայացնենք հաշվետվություն, թե ինչպիսին է ապահովագրական դաշտում շահութաբերության մակարդակը, և արդյոք գները բարձր են, թե ոչ»:

Տիգրան Սարգսյանը նաեւ ասաց, որ կուտակային հիմնադրամների մասով կառավարությունը պատրաստ է ԱԺ-ի հետ քննարկել այն խելամիտ մեխանիզմները, որոնց ներդրմամբ վերջիններս պաշպանված կլինեն և կխթանեն մեր տնտեսության զարգացմանը: Հրանտ Բագրատյանին բարկացրեցին սույն բացատրությունները. «Ասում եք` չգիտենք, փորձել ենք: Որ չգիտեինք, ինչու էիք ներդնում այդ մեխանիզմները: Միջազգային փորձ կա, ի վերջո»:

Ավելի ուշ, միանալով Հրանտ Բագրատյանի արտահայտած մտահոգություններին, ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը եւս նկատեց, որ վերոնշյալ հարցերում կառավարության մոտեցումներն այնքան կարծրացած են, որ որեւէ քննարկում, առաջարկ կառավարությունը չի լսում, առավել եվս, հաշվի չի առնում: Պատգամավորի համոզմամբ, ԱՊՊԱ-ի դեպքում համակարգը գործում է 70 տոկոս վնասաբերությամբ:

Վարչապետը հավաստիացրեց, որ կառավարությունը պատրաստ է կառուցողական բանավեճի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930