Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքե՞ր էին 90-ականներին սուրճ մատուցում կառավարության անդամներին

Նոյեմբեր 14,2012 20:25

«Եթե Standard and Poor’s-ը ուսումնասիրություն անցկացներ, ապա ձեր կառավարությունը կլիներ պատասխաններից խուսափող կառավարությունների շարքի առաջին հնգյակում»,- կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս նախաբանով իր խոսքը սկսեց ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը` դիմելով դահլիճում ներկա գործադրի ներկայացուցիչներին:

Ի դեպ, գործագիրի մեծամասնությունն այսօր բացակայում էր նիստից, հետեւաբար, կառավարության ծանր հրետանու պարտականությունները մնացին արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի վրա:

Փաշինյանը գրավոր հարց էր ուղղել ՀՀ կառավարությանը` հասկանալու համար, թե ի վերջո ի՞նչ է տեղի ունեցել կառավարության երրորդ մասնաշենքի շենքի վաճառքի հետ. «Հրայր Թովմասյանի ստորագրությամբ ստացել եմ պատասխան, որտեղ կա երեք իրականությանը չհամապատասխանող պնդում: Առաջինը` տվյալ գործարքը քաղաքաշինական չէ, թեև ըստ օրենքի հենց այդպիսինն է: Նաև նշված էր, որ կարգ չկա նախատեսված հանրային քննարկումների մասին, թեև տեղեկացնեմ, որ համաձայն «Քաղաքաշինության մասին» օրենքի ձեր կառավարությունը պետք է այդ կարգը հաստատեր: Եվ երրորդ` Հրայր Թովմասյանը պատասխանում պնդում է, թե մամուլի հրապարակումները նշանակում են, որ հանրությունը լիարժեք մասնակցություն է ունեցել գործարքին»,- ասաց պատգամավորը` հետաքրքրվելով` ինչպե՞ս են տեղի ունենում նման շենքերի վաճառքները` նկատի առնելով վերոշարադրված դիտարկումները:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հակադարձեց. «Եթե պարոն Փաշինյանի տրամաբանությամբ գնանք, ապա Հայաստանում տարեկան գրանցվող մի քանի տասնյակ հազար անշարժ գույքի առքուվաճառքի ձևակերպումները պետք է դիտարկել որպես քաղաքաշինական ծրագրեր և բոլորի համար պետք է համապատասխան լսումներ իրականացվեն»:

Իսկ բուն հարցի պատասխանները պատկերացնելու համար նա Փաշինյանին հորդորեց կարդալ Սահմանադրությունը, որում գրված է, թե կառավարությունն է տնօրինում և տիրապետում գույքը. «Վաճառքը կառավարության որոշմամբ է եղել և որևէ մեկի համար դա գաղտնիք չէ: Եվ կառավարությունը գտնում է, որ այս դեպքում գործարքը, ի տարբերություն 90-ականների սկզբի իրավիճակին, երբ պարզ չէր` ո՞ւմ եք վաճառում, ինչո՞ւ եք վաճառում և ի՞նչ եղավ այդ տարիների օտարումը, այսօր շատ հստակ է»:

Ինքը`Թովմասյանը` կարծում է, որ ուսումնասիրով գործարքի պայմանները կարելի է հասկանալ, որ այս անգամ կառավարությունը արդյունավետ է կիրառել իր պետական սեփականության տնօրինման, կառավարման իրավունքը:
«Նախ պարոնայք կառավարության և մեծամասնության անդամներ խնդրում եմ իմ հարցերին ի պատասխան իննսունականները մի հիշեցրեք, որովհետև նույն կառավարության և ԱԺ-ի մեծամասնության ներկայացուցիչներից շատերը, ի տարբերություն ինձ, 90-ականներին իշխանավորներին սուրճ էին մատուցում, իսկ ես մամուլի էջերում նույն կերպ քննադատում էի իշխանությանը, այդ թվում այս դահլիճում ներկա շատերին: Երկրորդը խոսքը անշարժ գույքի մասին չէ, խոսքը կառավարության հրապարակի շենքի մասին է և կառավարությունը տնօրինում է ոչ թե իր նախնիներից ստացված սեփականությունը, այլ ժողովրդի սեփականությունը, պետության սեփականությունը: Կառավարությունն այդ շենքերի սեփականատերը չի, որպեսզի ինչպես ուզում է տնօրինի: Ես ձեր պատասխանից հետո ուզում եմ շատ կառուցողական առաջարկ անեմ

Ձեր կառավարությունը թող նախագահի նստավայրից, ԱԺ-ի, կառավարության, մարզպետարանների շենքերին մեծ ցուցանակներով կախի այդ շենքերի գները, որպեսզի մարդիկ իմանան, որ ցանկացած շենք ենթակա է վաճառքի: Եվ կարծում եմ, որ դա նաև կխթանի զբոսաշրջությունը, ես կարծում եմ աշխարհի բոլոր ծայրերից մարդիկ կշտապեն գալ Հայաստան՝ տեսնելու համար, թե այդ ինչ երկիր է, որ այ այսպիսի կառավարություն ունի, որը այդպես ուղղակի ձեռքի շարժումներով, առանց բարդույթի, առանց հանրությանը տեղյակ պահելու՝ օտարում է հանրությանը պատկանող գույքը»,-իր հերթին հակադարձեց ՀԱԿ պատգամավորը` հավելելով. «Կառավարությունը տնօրինում է ոչ թե իր նախնիներից ստացած սեփականությունը, այլ ժողովրդի, պետության սեփականությունը»,- ասաց նա ու շեշտեց` իսկ կառավարությունը դրա սեփականատերը չէ:

«Ժողովրդի սեփականություն այդպիսի կատեգորիա մեր քաղաքացիական օրենսգրքում չկա: Ձեր առաջարկությունը ձեզ պահեք , շնորհակալ ենք առաջարկության համար, բայց չենք ընդունում»,- պատասխանեց արդարադատության նախարարը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930