Սյունիքի մարզում առկա բնապահպանական հիմնախնդիրների եւ բնակչության առողջության, շրջակա միջավայրի վրա դրանց վնասակար ազդեցությունների մասին բազմիցս է խոսվում, սակայն օրակարգային այդ խնդիրների լուծման ուղղությամբ պետության կողմից լուրջ քայլեր չեն իրականացվում:
Սյունիքի մարզկենտրոնում բնապահպանական թեմաներով կազմակերպվող ցանկացած քննարկման ժամանակ խիստ քննադատվում է հանքարդյունաբերական ձեռնարկությունների գործունեության հետեւանքով մարդկանց առողջության եւ շրջակա միջավայրին հասցվող վտանգի առկայությունը եւ ահազանգում տարածաշրջանում ուռուցքային հիվանդացության դեպքերի ավելացման մասին: «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հ/կ-ի կողմից ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի շրջանակներում Սյունիքի հակակոռուպցիոն կենտրոնի կազմակերպած «Բնապահպանական ոլորտի կոռուպցիոն ռիսկերը եւ պետական վերահսկողությունը Սյունիքի մարզում» խորագրով հակակոռուպցիոն միջոցառման ընթացքում կրկին խոսվեց բնապահպանական խնդիրների, դրանցից բխող կոռուպցիոն ռիսկերի մասին: «Երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հ/կ Սյունիքի մասնաճյուղի նախագահ Արշավիր Խալափյանը գտնում է, որ մարզում գործող հանքարդյունաբերական ձեռնարկությունների կողմից օրենսդրությամբ սահմանված համալիր միջոցառումները շատ դեպքերում չեն իրականացվում, արդյունքում ե’ւ բնակչության առողջությունն է վտանգվում, ե’ւ շրջակա միջավայրը: «Մարզում առկա բնապահպանական լուրջ խնդիրները մեծամասամբ, այս պահի դրությամբ, թաքնված առողջական խնդիրներ են առաջացնում բնակչության համար, որոնց հետեւանքները մենք զգալու ենք տարիներ հետո»,-ասաց պարոն Խալափյանը:
Ըստ «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հ/կ նախագահ Կարեն Զադոյանի` ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բնապահպանական թեման արդիական է Սյունիքի մարզում եւ շատ խնդիրների պատճառը նաեւ Օրհուսի կոնվենցիայի համապատասխան հոդվածների չպահպանումն է, հասարակական լսումների չիրականացումը եւ կարեւորագույն որոշումների կայացման ժամանակ հասարակության մասնակցության բացակայությունը:
Սյունիքի մարզի նորանշանակ դատախազ Նորայր Հակոբյանը խոստացավ կոռուպցիոն ռիսկեր պարունակող բարձրացված ցանկացած հարց համատեղ քննարկել, բազմակողմանիորեն վերհանել եւ համապատասխան ընթացք տալ:
Կարդացեք նաև
Իսկ բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լեւոն Պետրոսյանը, կառույցի անունից նշեց, որ «բնապահպանություն եւ կոռուպցիա» համատեղությունը խորթ է իրենց համար, նման երեւույթներից հեռու են եւ տեսչությունը վերահսկողություն է իրականացնում օրենքի սահմաններում: Ներկաներին մտահոգեց այն փաստը, որ թեեւ 2007թ.-ին կատարված հետազոտության արդյունքում պարզվել էր, որ Սյունիքի գյուղական համայնքի հողերը պոչատարից արտահոսող ջրերով այգիները ոռոգելու հետեւանքով հարստացված են ծանր մետաղներով, որը նորմայից 10 անգամ ավելին է, բայց մինչեւ օրս այդ հողերը մշակում են Սյունիքի բնակիչները, բերքն էլ վաճառվում է Կապանում, որից օգտվում են քաղաքի բնակիչները:
Նույն հետազոտության արդյունքում էլ պարզվել էր, որ 7-ից ավելի բանջարեղենների տեսակներ պիտանի չեն օգտագործման համար: «2007թ.-ից առայսօր այդ հարցով ոչ մեկը չի զբաղվել: Գյուղնախարարությունն ունի սննդի անվտանգության կենտրոն, արդյոք կենտրոնի մանսագետները հետեո՞ւմ են, թե շուկայում վաճառվող մթերքները օգտագործման համար պիտանի են, թե՞ ոչ: Տարածաշրջանում ուռուցքային հիվանդացության դեպքերն են ավելացել: Պետք է մտածել այդ համայնքի բնակիչներին այլ աշխատանքով զբաղեցնելու մասին, քանի որ այդ հողերն արդեն հարստացված են ծանր մետաղներով», -ասաց «Կապանի փոքր ֆերմերների ասոցիացիա» հ/կ նախագահ Արմինե Հակոբյանը:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ