Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանն ափսոսանք հայտնեց Լատվիայի ԱԳ նախարարի վերջին շրջանում արած հայտարարությունների վերաբերյալ

Նոյեմբեր 14,2012 18:29

Նոյեմբերի 14-ին ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, խմբակցության անդամներ Էլինար Վարդանյանը, Վահե Էնֆիաջյանը եւ Վահան Կարապետյանը հանդիպեցին Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի Հանրապետության դեսպան Ն.Գ. Գինտոս Ապալսի հետ: Ողջունելով հյուրին՝ Նաիրա Զոհրաբյանը ներկայացրեց կուսակցության առաջիկա ծրագրերը, եվրոպական ինտեգրման ուղղությամբ կատարվող աշխատանքները՝ նշելով, որ եվրոպական ինտեգրացիան «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար կարեւորագույն ուղղություններից մեկն է : Զրուցակիցները քննարկեցին ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի վերաբերյալ բանակցություններին, ինչպես նաեւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման համաձայնագրին առնչվող հարցեր:

Անդրադառնալով Հայաստան-Լատվիա հարաբերություններին, ինչպես նաեւ Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկեւիչսի ժամանմանը Հայաստան՝ Նաիրա Զոհրաբյանն ափսոսանք հայտնեց Լատվիայի ԱԳ նախարարի վերջին շրջանում արած հայտարարությունների վերաբերյալ: Մասնավորապես անդրադառնալով ընդամենը մեկ ամիս առաջ Էդգարս Ռինկեւիչսի «Ինչու է կարեւոր Արեւելյան գործընկերությունը» հոդվածին՝ նա ափսոսանք հայտնեց, որ Լատվիայի ԱԳ նախարարը, առանձնացնելով Վրաստանը եւ Մոլդովան՝ որպես երկրներ, որոնք լրջագույն առաջխաղացում ունեն եվրոպական ինտեգրման եւ ժողովրդավարության հարցում, փորձում է անհարկի հավասարության նշան դնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Տիկին Զոհրաբյանը հույս հայտնեց, որ Հայաստանում լինելու օրերին Լատվիայի արտաքին գործերի նախարարը կվերանայի իր դիրքորոշումը: Խմբակցության քարտուղարը նշեց, որ մեր երկրում եւս բազում խնդիրներ կան եվրաինտեգրման ճանապարհին, բայց Հայաստանն Ադրբեջանի հետ համեմատելու համար պետք է ունենալ շատ վառ երեւակայություն:

Այնուհետեւ անդրադառնալով 2012 թվականի փետրվարին Էդգարս Ռինկեւիչսի՝ Բաքու կատարած այցին եւ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը՝ Նաիրա Զոհրաբյան նշեց, որ ըստ ադրբեջանական մամուլի՝ Ռինկեւիչսը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության խնդիրը պետք է լուծվի բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանմամբ: Տիկին Զոհրաբյանն ափսոսանք հայտնեց, որ ադրբեջանական մամուլի այս հայտարարությանը Լատվիայի ԱԳ նախարարության պաշտոնական հերքում կամ պարզաբանում չհետեւեց, ինչը նա ակնկալում է ստանալ երեւանյան այցի ժամանակ:

Լատվիայի դեսպան Ն.Գ. Գինտոս Ապալսը շնորհակալություն հայտնեց անկեղծ զրույցի համար եւ հույս հայտնեց, որ այցի ընթացքում բոլոր խնդիրները եւ կնճիռները, որոնք առաջացել են այս կամ այն հայտարարության հետ կապված՝ ԱԳ նախարարի այցի ընթացքում կպարզաբանվեն:

ԱԺ Հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930