Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթը ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ

Նոյեմբեր 14,2012 18:12

Բյուջեն, որ մենք այսօր քննարկում ենք, մեր պետության կարևորագույն քաղաքական փաստաթղթերից մեկն է։ Ուստի իմ շեշտադրումները կլինեն քաղաքական։

Բյուջեն, որ ներկայացրել է ՀՀ կառավարությունը, չնայած նախընտրական տարուն, նախընտրական չէ, և սա շատ կարևոր է։ Այսինքն, այստեղ չկան պոպուլիզմի, դեմագոգիայի և ամբոխահաճո հայտարարությունների այլ էլեմենտներ, բայց միևնույն ժամանակ պետք է ասեմ, որ այսօրվա քննարկումները զերծ չեն նախընտրական էլեմենտներից։ Ինչպես ասում են՝ ընդդիմությունը քննադատում է, իշխանությունը՝ աշխատում։

Հարգելի գործընկերներ, եթե այդ ցանկությունների և երազանքների տեսանկյունից նայենք, բնական է, այս բյուջեի նախագիծը մեր երազանքների բյուջեի նախագիծը չէ։ Մեր երազանքներն ու ցանկությունները շատ ավելի հեռուն են գնում, բայց մենք իրատեսական ենք, որևէ մեկը չունի կախարդական փայտիկ, որպեսզի այդ կախարդական փայտիկով, մի շարժումով լուծի այն բոլոր պրոբլեմները, որոնք ծառացած են մեր պետության և մեր հասարակության առջև։

Ուստի, կառավարությունը ներկայացրել է բյուջե, որը կարելի է անվանել իրատեսական բյուջե և գործողությունների բյուջե։ Սա ցույց է տալիս, որ իշխանությունը գնում է ամենադժվարին ճանապարհով՝ զերծ մնալով ավելորդ զգացմունքային և նախընտրական քայլերից, իսկ սա խոսում է իշխանության քայլերի հաջորդականության և շարունակականության մասին։

Խոսելով բյուջեի մասին, պետք է ասեմ, որ նախևառաջ կարևոր է այն հանգամանքը, որ այստեղ արտացոլված են ռիսկերը։ Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ կառավարությունը ևս իր ծրագրի մեջ ներառել էր այդ ռիսկերի բաժինը, բայց այստեղ քաղաքական ընդդիմության ներկայացուցիչները քննադատեցին դա։ Այսօր, ի ուրախություն մեզ բոլորի, ընդդիմության ներկայացուցիչը հայտարարում է, որ դրական է, որ բյուջեի նախագծում կա ռիսկերի բաժին։ Սա նշանակում է մի բան. Հայաստանի իշխանությունը, կառավարությունը, իշխող ուժերն առնվազն 6 ամիս առաջ են մտածում քաղաքական ընդդիմությունից: Փաստը սա է։

Երկրորդ՝ այս բյուջեում հստակ ներգրավված են սոցիալական ծախսերի

հասցեականությունը, որ ևս շատ կարևոր է։ Այսինքն, սոցիալական ծախսերի շարունակականությունն ապահովված է, և ինչպես ճգնաժամի տարիներին, հիմա ևս սոցիալական ծախսերը չեն կրճատվում։

Երրորդ՝ բյուջեի մասին խոսելով պետք է նշենք, որ Նախագահ Սարգսյանի ծրագիրը՝ տարածքների համաչափ զարգացման, ևս ներառված է։ Մենք տեսանք, որ այս տարիների ընթացքում, չնայած ճգնաժամին, աղետի գոտում հարյուրավոր մեր հայրենակիցներ ստացան բնակարաններ։ Եվ այդ ծրագիրը պետք է շարունակական լինի, և դա ներառված է նաև 2013¬ի բյուջեում։

Հաջորդ կարևորագույն հանգամանքի մասին ուզում եմ խոսել՝ դա պաշտպանության և անվտանգության ծախսերի աճն է։ Պարզ է, որ աշխարհաքաղաքական այն բարդ պայմաններում, այն մարտահրավերներով լի տարածաշրջանում մենք պետք է լուրջ ուշադրություն դարձնենք մեր ազգային անվտանգությանը։ Ուստի, շատ կարևոր և դրական է, որ մենք 2013 թվականի բյուջեով նախատեսել ենք պաշտպանության և անվտանգության ծախսերի աճ։ Ինչպես ժամանակին Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեյերը կասեր՝ առանց անվտանգության ուժեղ և կայացած համակարգի, հնարավոր չէ խոսել ո՛չ ժողովրդավարության զարգացումից, ո՛չ էլ այլ ոլորտների զարգացումից:

Հիմա ես կցանկանայի կանգ առնել մեր գործընկերների մի շարք հարցադրումների վրա։ Մեր գործընկերներից մեկն իր ելույթում նշեց, որ բյուջեն անբավարար է, և նշեց այն տարբերակում, երբ որ այդ բյուջեի նախագծով ծախսային մասի ավելացումը շատ ավելի մեծ է, քան 2010, 11 և 12 թվականների բյուջեում։ Եթե այս տրամաբանությամբ եք շարժվում, հարգելի գործընկերներ, ինչու՞ այդ քաղաքական ուժը 2010-ին, 11-ին, 12-ի բյուջեին կողմ քվեարկեց. նշանակում է, որ ազնիվ չենք։

Երկրորդ՝ իմ գործընկերներից մեկը դահլիճում հայտարարեց, որ գյուղատնտեսության աճ նկատվել է, բայց դա բնության շնորհն է։ Սիրելիներս, իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ երբ որ արև է լինում, ընդդիմությունն է, ընդդիմության շնորհքն է, երբ որ կարկուտ է գալիս՝ իշխանությունն է մեղավոր։

Եվ երրորդ՝ այստեղ խոսվեց ներդրումների երաշխիքի մասին. ո՞վ է խանգարում խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին, որոնք տասնյակ միլիոնավոր դոլարներ ներդնում են արտերկրում, ներդրումներ կատարել Հայաստանի Հանրապետությունում։

Խնդրում եմ, եթե իշխանությունը խոչընդոտում է, հստակ անուն տվեք։ Մենք ամենաբարձր մակարդակով ասել ենք, որ մենք խրախուսում ենք ներդրումները ՀՀ տնտեսության մեջ։

Ուստի, մի բան պետք է ասեմ. ցանկությունները կարևոր են, բայց ավելի կարևոր են ազնիվ և շիտակ գործերը` հալվա ասելով բերանդ չի քաղցրանա: Շնորհակալություն ուշադրության համար։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930