Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Պապյան. «Չեմ կարծում, որ մեզ ձեռնտու է վերականգնել կիսամեռ արձանագրությունները»

Նոյեմբեր 14,2012 17:49

Կանադայում ՀՀ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԱՄՆ-Թուրքիա-Հայաստան հարաբերություններին ու հարցին, ԱՄՆ ընտրություններից հետո սպասվելիք հնարավոր զարգացումների հետ կապված Հայաստանը զգուշավորություն ցուցաբերի՞, թե՞ ոչ ասաց. «Չեմ կարծում, որ զգուշանալու հարկ կլինի, պարզապես Ամերիկա-Թուրքիա հարաբերությունների մեջ որոշակի փոփոխություններ կլինեն, քանի որ Թուրքիան գնալով ավելի ինքնուրույն է դառնում, ինքնագլուխ, որը բնականաբար դուր չի գալիս Ամերիկայի ավանդական քաղաքականությանը եւ նա փորձում է նոր լծակներ ստեղծել, կամ եղածները օգտագործել Թուրքիայի վրա: Հետեաբար՝ հարցը ոչ թե զգուշանալն է, այլ այն, որ մեզ համար կարող են նոր հնարավորություններ բացվել, հայկական, նաեւ քրդական հարցը կարող են հենց այդ լծակներից լինել»:

ԱՄՆ -Թուրքիա հարաբերությունների լարվածության հետ կապված պարոն Պապյանը նշեց, որ դրա դրսեւորումներն արդեն նկատելի են օրինակ թուրք-իսրայելական հարաբերությունների մեջ, կամ՝ մի քանի տարի առաջ տված Թուրքիայի թույլտվությունը՝ իր տարածքը օգտագործելու, Իրաքի վրա հարձակվելու համար. լարվածությունը շարունակվում է. «Խնդիրը հետեւյալն է. Թուրքիայի քաղաքականության մեջ էական փոփոխություն է նկատվում, այսինքն՝ ավանդական արեւմտամետ ուղղությունը սկսել է իր տեղը զիջել, դեպի արեւելք ուղղությանը. այսինքն՝ ինչպես Օսմանյան կայսրության ժամանակ էր, երբ կար Սուլթան Խալիֆը, այդ ձեւով այժմ Թուրքիան փորձ է անում վերականգնել իր առաջնորդող դիրքը: Սա մի կողմից Թուրքիայի համար հնարավորություններ է բացում, բայց մյուս կողմից՝ նա բախվում է արեւմուտքի հետ եւ սկսում վտանգ ներկայացնել, որովհետեւ ավելի կրոնական Թուրքիան արեւմուտքի համար անցանկալի է»:

ԱՄՆ-ը կփորձի՞ վերակենդանացնել հայ-թուրքական բանակցային գործընթացը, թե՞ ոչ հարցին ի պատասխան՝ Արա Պապյանը հետեւյալն ասաց.«Կարծում եմ 2015 թվականի մոտակայքում ինչ-որ քայլեր կարվեն, ոչ միայն ԱՄՆ-ի այլեւ՝ Թուրքիայի կողմից: Թուրքիան որոշ ձեւական զիջումների կգնա, ինչն արդեն նկատելի է, օրինակ Դիարբեքիրում եկեղեցու նորոգում է իրականացվում եւ այլն, որպեսզի կանխի 2015-ին սպասվող մեծ հասարակական կարծիքի դատապարտող ալիքը, որը արեւմուտքում հասունանում է: Թուրքիան դա կանի, բայց չեմ կարծում, որ մեզ ձեռնտու է վերականգնել այդ կիսամեռ արձանագրությունները: Համոզված եմ՝ Թուրքիայի հետ թեկուզ ԱՄՆ-ի միջնորդությամբ, պետք է նոր հիմքի վրա սկսել նոր բանակցություններ եւ նոր հարցերի շրջանակ քննարկել»:

Իսկ, թե ինչ մոտեցում կցուցաբերի ԱՄՆ-ը ԼՂ կարգավորման գործընթացում, Պապյանը գտնում է, որ ամեն ինչ նույնը կմնա: Առաջին հերթին արեւմուտքի շահերի առումով՝ դա խաղաղության պահպանում է տարածաշրջանում: Ու դա նաեւ ԱՄՆ-ի, Եվրոպայի շահն է. «Հարավային Կովկասը առաջինը կարեւոր է նրանով, որ իրենից լուրջ վտանգ չներկայացնի, պատերազմ չլինի, քանի որ հակառակ դեպքում կարող է այն ընդլայնվել: Բոլորի համար հասկանալի է, որ Ղարաբաղի պատերազմը մեծ վտանգ ունի դառնալու եւ ներգրավվելու այլ երկրների:

Երկրորդը՝ վառելիքի՝ նավթի, գազի հարցն է: Եվ ըստ էության Ղարաբաղի հարցի այս վիճակը ձեռնտու է բոլորին, որովհետեւ այն ինչ պետք է՝ ստանում են, իսկ պատերազմը կավիրի ամբողջ նավթային, գազային ենթակառույցները, այն հսկայական ներդրումները, որ արեւմուտքն արել է»:

Անդրադառնալով Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին միջամտելու Թուրքիայի քաղաքականությանը, որի նպատակը հայերին Մերձավոր Արեւելքից հեռացնելն է, եւ ի վերջո կհաջողվի՞ արդյոք այդ «նախագիծը», թե ոչ, Պապյանը պատասխանեց. «Հայերին վտարելու քաղաքականություն է իրականացվում՝ օգտվելով ստեղծված իրավիճակից: Բայց չեմ կարծում, թե կհաջողվի Սիրիան դատարկել սիրիահայությունից, որովհետեւ մարդկանց մի մեծ զանգված պարզապես փող չունի դուրս գալու համար: Բայց համայնքն այլեւս առաջվանը չի լինի, կկրճատվի»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930