Երեւանի թիվ 14 դպրոցում Կիլիկյան բարեսիրական միությունը հիմնել է Կիլիկյան վարժարան, որպեսզի Հայաստանում ժամանակավոր ապաստանած սիրիահայ ընտանիքների երեխաները կարողանան շարունակել կրթությունը: Միության Հայաստանի շրջանի վարչության անդամ Վազգեն Մեսրոպյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ վարժարանի կյանքն այնքան էլ հարթ չի ընթանում. «Որոշ դժվարություններ կան, բայց հաղթահարելի են: Շատ ենք չարչարվել հատկապես աշակերտների տեղափոխումը ավտոբուսներով ապահովելու համար: Առավոտյան նրանց դպրոց են բերում Երեւանի տարբեր համայնքներից: Մինչ օրս Հայաստանում ոչ մի կազմակերպություն եւ անհատ չի դիմել օգնության առաջարկով. չեն հետաքրքրվել` որեւէ բանի կարիք ունե՞նք: Սփյուռքի նախարարության ջանքերով մեզ ՄԱԿ-ն է օժանդակել, համակարգիչներ տրամադրել, եւ առհասարակ` փոքր-մոքր կազմակերպություններ ինչ- ինչ հարցերում օգնել են, բայց ֆինանսապես ոչ մեկը չի աջակցել»:
Զրուցեցինք նաեւ 1-6-րդ դասարանների կենսաբանության ուսուցչուհի Նուշիկ Զառիկյանի հետ: «Ուսումնառության միակ միջոցներն առայժմ մեր ունեցած գրքերն են, այլ մեթոդներ, մասնավորապես` արդի տեխնոլոգիաներ, չունենք, բայց դրանք անհրաժեշտ են հատկապես կենսաբանության պարագայում: Չնայած դրան` երեխաները նորմալ են սովորում»,-ասաց ուսուցչուհին:
Նա հավելեց, որ վարժարանն ունի մոտ 26 առաջին դասարանցի:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ