Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում ստվերի բարձր աստիճանի մասին. «Հայաստանում խնդիր է դրված, որ որոշ մարդիկ հարստանան»

Նոյեմբեր 14,2012 17:27

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) օրերս «Կովկաս եւ Կենտրոնական Ասիա. Տարածաշրջանային տնտեսական հեռանկարներ» անվանմամբ զեկույց է հրապարակել, ըստ որի՝ Հայաստանի տնտեսության ստվերայնության աստիճանը դեռևս 2008 թվականին կատարված ուսումնասիրություններով ամենաբարձրերից է ոչ միայն հարավկովկասյան տարածաշրջանում, այլեւ արեւելաեվրոպական և կենտրոնասիական երկրների շարքում: Ըստ զեկույցի` Հայաստանի ստվերային տնտեսությունը կազմում է երկրի համախառն ներքին արդյունքի ավելի քան 35 տոկոսը:

Aravot.am-ը հայաստանյան փորձագետներից հետաքրքրվեց՝ արդյոք ԱՄՀ-ի զեկույցը Հայաստանի մասով արտահայտո՞ւմ է երկրի նշված ոլորտում գոյություն ունեցող օբյեկտիվ իրականությունը:

ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այդ թվերը «հաստատ ավելի կլինեն ու ոչ պակաս» և հավելեց. « Իրականում իշխանությունները խուսափում են ավելի կոնկրետ գործ անելուց: Դա նշանակում է՝ ուղղակի ռեալ գնահատել գործող տնտեսության մեջ ստվերը, քանի որ իրենք հաշվարկում են համախառն ներքին արդյունքը, բայց ստվերայնությունը չեն ուզում հաշվել, ոչ թե չեն կարողանում, այլ իրենց նման պատվեր տրված չէ»:

Պարոն Խաչատրյանը նկատեց, որ ԱՄՀ-ն իր մեթոդոլոգիան ունի, որը նույնն է բոլոր երկրների պարագայում: Այնուհետև հիշեց Վրաստանի հետ կապված թվային տվյալներ, մասնավորապես, որ 2006-ին, 2007-ին Վրաստանում ստվերն ավելին էր, քան 50 տոկոսը, իսկ հիմա թվերն իջել են:

Անդրադառնալով ՀՀ-ին վերաբերող զեկույցում ներկայացված թվային տվյալներին՝ Վ. Խաչատրյանը դրանք գնահատեց այսպես. «Հայաստանի մասով 35 տոկոսը պակաս է, Հայաստանում ստվերայնությունն ավելի բարձր է»:

Մեր հարցին՝ արդյոք ՀՀ իշխանությունների գործողությունները համարժե՞ք են միջազգային կառույցի արձանագրած նման մտահոգիչ պատկերին, պարոն Խաչատրյանը պատասխանեց. «Գագիկ Մինասյանը, Վաչե Գաբրիելյանը և իշխանության այլ ներկայացուցիչներ ասում են, թե ստվերայնությունը հաշվել հնարավոր չէ: Մի քիչ կոռեկտ չէ, որ այդպիսի պատասխաններ են տալիս: Շատ հստակ է. համապատասխան ձևեր կան հաշվելու: Այդ հաշվարկներով՝ ստվերայնությունը 50 տոկոսից ավելի է Հայաստանում: Իսկ եթե հստակ հաշվեն, ապա դա կնշանակի, որ ՀՀ տնտեսական քաղաքականությունը պիտի բերել նրան, որ հարկային դաշտը վերացվի, դրա արդյունքում ցուցանիշներից մեկը հարկեր- ՀՆԱ հարաբերությունը լինի: Հաշվել, թե հարկային բեռը օրենսդրական առումով ինչքան է, ինչքան թույլ կտա դա հարկ հավաքել և դրանից ելնելով՝ որոշել՝ հավաքվո՞ւմ է, թե՞ ոչ: Եթե 35 տոկոս է, նշանակում է՝ այդքան հարկ չի հավաքվում: Ուստի, խնդիր չի դրված, որ Հայաստանում տնտեսությունը բաց, մրցակցային լինի, մենաշնորհային չլինի: Խնդիր է դրված, որ որոշակի մարդիկ հարստանան: Այդ դեպքում գոմեշի մսի, թոշակների հետ կապված բաներ էլի կլինեն»:

ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն էլ չցանկացավ զեկույցի վերաբերյալ ծավալուն մեկնաբանություն տալ: Միայն նշեց. «Այդ զեկույցն ինձ համար մի քիչ անհասկանալի է, քանի որ այնտեղ, օրինակ, Ուզբեկստանի թվերը մի երեք անգամ ավելի քիչ են, քան Ուկրաինայում ստվերի ծավալները: Դա տարակուսանք է առաջացրել ինձ մոտ, ինչպե՞ս կարող են նման թվեր հաշվել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930