ՀՀ ոստիկանություն բերման ենթարկված երգչուհի Լիլուի, նույն ինքը Լիլիթ Ղուկասյանի կողմից հասարակական կարգի խախտման առնչությամբ քննությունը կշարունակի ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժինը: Այդ մասին «Pastinfo.am»-ին տեղեկացրեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին ժամը 07.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Մաշտոցի պողոտայի թիվ 20 հասցեի մոտից բերման էին ենթարկել Լիլիթ Ղուկասյանին՝ հասարակական կարգը խախտելու, ոստիկանության աշխատակիցներին հայհոյելու և նրանց օրինական պահանջներին չենթարկվելու համար:
Օրեր առաջ պարզ դարձավ, որ երգչուհու գործն ուղարկվել է հատուկ քննչական ծառայություն, քանի որ վիճարկվում էր ոստիկանների գործողությունների օրինականությունը՝ երգչուհուն բերման ենթարկելու ընթացքում։ Սակայն ինչպես տեղեկացրեցին դատախազությունից, հատուկ քննչական ծառայությունում մերժվել է ոստիկանների նկատմամբ քրեական գործի հարուցումը, քանզի պարզել են, որ վերջիններս գործել են իրենց լիազորությունների սահմաններում և նրանց գործողություններում չկա հանցակազմ, իսկ Լ.Ղուկասյանի կողմից հասարակական կարգը խախտելու վերաբերյալ նյութերն այսօր դատախազությունը ուղարկել է ոստիկանություն, քանզի հասարակական կարգի խախտման վերաբերյալ գործերն ընդդատյա են հենց ոստիկանությանը։