Կալիֆորնիայի Օրանժ շրջանի «Big brothers big sisters» հ/կ-ն 48-րդ ամենամյա ճաշկերույթին տարվա մարդ է ճանաչել «Succession Capital Alliance» կյանքի ապահովագրական ընկերության նախագահ Ջուլյան Մովսեսյանին: Գրում է «Սակրամենտո Բի» պարբերականը:
Մովսեսյանը, որը ծնվել է Կահիրեում, 17 տարեկանում համոզել է իր ծնողներին` թույլ տան իրեն տեղափոխվել Կալիֆորնիա, որտեղ նա ապրել է խնամակալ ընտանիքի հետ, սովորել դպրոցում ու միաժամանակ աշխատել ՄաքԴոնալդսում որպես վաճառող`իրեն պահելու փողը վաստակելու համար: ՄաքԴոնալդսից նրան հեռացրել են դեն նետված բուրգերներն ուտելու համար: Դրանից հետո նա աշխատել է «Սամբոս» ռեստորանում, որտեղ նա կառավարման ոլորտում լավ արդյունքներ է ցույց տվել, որից հետո էլ սկսել է աշխատել ապահովագրական ոլորտում: Այժմ, ավելի քան երեսուն տարի անց, ապահովագրական ոլորտում նա ամենաազդեցիկ անհատներից մեկն է:
«Հաջողությունը ինձ հեշտությամբ չի տրվել», – ասել է Մովսեսյանը, – «Ես հաջողության եմ հասել ծանր աշխատանքի, մասնագիտական ազնվությունը պահպանելու և ուրիշներին օգնելու ցանկության շնորհիվ, հատկապես երեխաներին»:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ