Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ. «Աշխարհի վերջ այս տարի չի լինելու»

Նոյեմբեր 14,2012 17:05

Նոյեմբերի 13-14-ին  Ավստրալիայի հյուսիսում եւ Խաղաղ օվկիանոսի վրա տեղի է ունեցել արեգակի խավարում: Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանն ասաց, որ եթե վերցնենք Գրինվիչի ժամանակով, ապա այն պետք է սկսվեր ավելի վաղ` նոյեմբերի 13-ին եւ ավարտվեր 14-ին, բայց տեղական ժամանակով խավարումը սկսվել է հաջորդ օրը եւ ավարտվել նախորդ օրը, այսինք սկսվել է նոյեմբերի 14-ին եւ ավարտվել 13-ին: Եղածը նա բացատրեց այսպես. «Կա ամսաթվի փոփոխման գիծ: Այդ գծից դեպի արեւմուտք` մեկ օր առաջ է եւ դեպի արեւելք` մեկ օր հետ է: Խավարումը սկսում է արեւմուտքից եւ պտույտի հետեւանքով տեղաշարժվում է դեպի արեւելք: Այնպես ստացվեց, որ ընկավ նախորդ օրվա մեջ: Օրինակ` Ավստրալիայում ամսի 14-ն էր, որ սկսվեց, իսկ ավարտվեց նոյեմբերի 13-ին` Չիլիին պատկանող որոշ կղզիների վրա»:

Միքայելյանը հիշում է, որ 2003թ. հուլիսի 13-ին շուրջերկրյա ճանապարհորդության ժամանակ, անցնելով փոփոխման գիծը, չի ապրել իր կյանքից մեկ օր: Նա ասաց, որ այդ ժամանակը չի կորել ու գումարվել է մյուս օրերին, օրինակ` եթե թռչում եք ԱՄՆ, ուրեմն 12 ժամ գումարվում է հետագա օրերին, այսինքն այդ օրը դառնում է 36 ժամ:
Հայկական աստղագիտական ընկերության համանախագահը նշեց, որ տվյալ վայրում արեւի խավարումը հազվագյուտ երեւույթ է:

Միքայելյանը անդրադարձավ նաեւ վերջին շրջանում բուռն քննարկվող խոսակցություններին, թե իբր աշխարհի վերջը լինելու է այս տարվա ավարտին: Ասաց, որ մոտենում է Մայաների օրացույցի հերթական պարբերաշրջանի ավարտը, բայց դա չի նշանակում, որ աշխարհը կործանվելու է: Նա ասաց նաեւ, որ, չորս անգամ արդեն եղել է չակերտավոր աշխարհի վերջ: Ըստ Միքայելյանի, աշխարհի վերջ կարող է լինել այն ժամանակ, երբ ուժեղ աղետ գրանցվի: Ճիշտ է` տիեզերական աղետների հնարավորություն կա, բայց շատ քիչ: Օրինակ` դինոզավրերի վերացումը կապում են նման աղետի հետ: Հնարավոր է, որ մի մեծ տիեզերական մարմին բախվել է երկրագնդին, եղել է հետցնցում եւ նման բան է տեղի ունեցել: Ինչպես ասաց Հայկական աստղագիտական ընկերության համանախագահը` եթե ավելի մեծ տիեզերական մարմին բախվի, կարող է ամբողջ երկիրը վերացնի:
«Բացի Մայաների օրացույցի ավարտից, աշխարհի վերջի հետ են կապվում նաեւ ջրհեղեղները, երկրաշարժերը: Դա մտացածին է»,- ասաց Միքայելյանը:

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930