Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՅԴ խմբակցության անդամ Աղվան Վարդանյանի ելույթը 2013թ. բյուջեի քննարկումների ժամանակ

Նոյեմբեր 14,2012 16:45

Հարգելի խորհրդարան, հարգելի կառավարություն

Շատ կարճ կխոսեմ: Պատճառը 2012 և 2013 թվականների բյուջեների գրեթե նույնականությունն է: Ե’վ ֆինանսական, և’ արդյունքային ցուցանիշների առումով: Էական որևէ փոփոխություն չկա: Ակնհայտ է նաև, որ 2013 թվականին մեր բնակչության բացարձակ գերակշիռ մասը մի փոքր ավելի վատ է ապրելու: Փոխաբերական իմաստով՝ ներկայացվածը ես անվանում եմ «տարկետման բյուջե»: Այսինքն՝ կառավարությունը վատ է սովորել, վատ է աշխատել, մնացել է նույն դասարանում: Տարկետման մեջ է: Մինչդեռ այս կառավարության միջուկ տնտեսական թիմը դեռևս 2008-ին համարձակ, հավակնոտ ծրագիր էր ներկայացրել՝ արմատական բարեփոխումներ անցկացնելու, կոնկրետ, շոշափելի արդյունքներ ապահովելու հույսեր ներշնչելով: Այդ հույսերը ի դերև են ելել:

Արդեն ասել եմ՝ կառավարության նույն թիմի 2012-2017թթ. ծրագիրը արդեն շատ ավելի զգուշավոր էր ու տեսաբանական: Հիմա ո՞վ է հիշում, որ 2012-ին միջին աշխատանքային կենսաթոշակը պետք է համապատասխաներ կենսապահովման նվազագույն բյուջեի չափին: Ասել է՝ 55.000 դրամ: Ո՞վ է հիշում, որ 2012-ին պիտի ունենայինք 11,2 տոկոսից ցածր ընդհանուր աղքատություն, 1,6 տոկոսից ցածր ծայրահեղ աղքատություն: Ո՞վ է հիշում բազմաթիվ այլ ծրագրային կոնկրետ արդյունքները, որ խոստացվել են: Նախնական քննարկումների առաջին օրը Հանրապետության վարչապետը ներկայացրեց բյուջեի նախագծի փիլիսոփայությունը, երեք սկզբունքներն ու չորս նպատակները: Ժամանակակից եզրաբանությամբ, արտաքին գեղեցիկ փաթեթավորմամբ, բայց որն այդպես էլ իրական կյանքի պահանջների չի պատասխանում:

2013թ. այս բյուջեով մենք ինչպե՞ս ենք ապահովելու տնտեսության մրցակցությունը, մարդկային կապիտալի զարգացումը, կառավարման արդյունավետ ինստիտուտների կայացումը: Ցավոք, չկան նաև հայտարարված չորս նպատակներին հասնելու երաշխիքներ: Շրջեք Երևանով: Արդեն՝ նաև արվարձաններով: Միակ զարգացող համակարգերը բանկերն ու ապահովագրական ընկերություններն են: Տնտեսության իրական հատվածը հազիվ է շնչում, ստվերային տնտեսությունն էլ, Միջազգային արժույթային հիմնադրամի ամենավերջին տվյալով, 35 տոկոս է: Ավելի բարձր Ադրբեջանից: Ուսանողների, աշակերտների թիվը պակասում է, ծնելիությունը նվազում, աշխատատեղերը կրճատվում, արտագաղթը շարունակվում: Մայիսին նախատեսվող 4,5 տոկոս տնտեսական աճը մի ցուցումով տարեվերջին դառնում է 7 տոկոս: Սա՝ առանց մեկնաբանության:

Բայց իմ նպատակը անցյալը վկայակոչելը չէ: Ի՞նչ ենք անում, որ 2017-ին նույն պատկերը չունենանք: 2012-ի և 2013-ի միջև տարբերություն չկա: Հետո ի՞նչ է լինելու: Ինձ սա է մտահոգում: Հաջորդ տարիների համար տրված խոստումները այս կառավարությունը կատարելո՞ւ է: Աշխատանքային միջին կենսաթոշակի չափը, որ 2013-ին 31.400 դրամ է, 2014-ին 40.000, 2015-ին 46.000 դառնալո՞ւ է: Քաղծառայողների բազային աշխատավարձը 2014-ին և 2015-ին 20-ական տոկոսով աճելո՞ւ է, նվազագույն աշխատավարձը 2014-ին 45.000, 2015-ին 55.000 դառնալո՞ւ է, 2017-ին կրկնապատկվելո՞ւ է: Ցավոք, թերահավատ եմ: Ցավոք, թերահավատությունը հիմքեր ունի: Աստված տա՝ մենք սխալվենք: Բայց եթե այնուամենայնիվ խոստումները չկատարվեն, պատասխանատվությունը ի՞նչ դրսևորում է ունենալու:

Վերջում ևս մի ցավալի դիտարկում: Ազգային ժողովի լիագումար նիստում, բյուջեի քննարկումների ժամանակ, կառավարությունը բացարձակապես կազմակերպված, միասնական թիմի տպավորություն չթողեց: Վարչապետը եկավ, գնաց, 6-7 նախարարներ եկան, գնացին, ուրիշները եկան, ուրիշները գնացին: Եթե սա վերաբերմունք է օրենսդիր իշխանության հանդեպ, մենք մի կերպ կդիմանանք: Թող քաղաքական մեծամասնությունը մտածի: Բայց ցավն այն է, որ ներքին այդ անկազմակերպվածությունը, միասնական թիմի բացակայությունը, կառավարության ներսում մի քանի խմբավորումների գոյությունը, գրեթե վստահաբար, իրական պրոբլեմ է, որից տուժել ու տուժելու են մեր հասարակությունն ու պետությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930